Լրահոս
Օրվա լրահոսը

Թող լինի խաղաղության տարի

Դեկտեմբեր 27,2008 00:00

Սիրելի հայրենակիցներ.

Շնորհավորում եմ ձեզ՝ գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ, ցանկանում ուրախ տրամադրություն, առողջություն եւ խաղաղություն:

Անցնող տարին մեր ժողովրդի համար լի էր իրադարձություններով, հաջողություններով ու նվաճումներով, սակայն մեծագույն ձեռքբերումը, անկասկած, խաղաղության պահպանումն էր։ Այն խաղաղության, որը տարիներ առաջ նվաճվեց մեծագույն զոհողությունների, հազարավոր մարտիկների կյանքի եւ սխրանքների գնով:

Հայրենակիցներ.

Պետականության կայացման դժվարին գործընթացում իրենց ուրույն տեղն ունեն երկրապահները՝ նրանք, ովքեր երեկ մարտադաշտում կռեցին մեր երկրի արժանապատիվ ապագան՝ ապահովելով Հայոց բանակի կազմավորումը, անկախության կայացումն ու հայ ժողովրդի բոլոր նորագույն նվաճումները:

Ես վստահ եմ, որ երկրապահը հետագայում եւս հարազատ կմնա իր պատվախնդիր կենսակերպին՝ ի շահ մեր երկրի եւ ժողովրդի: Մենք՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի հոգեւոր ժառանգներս, ինչքան էլ որ դժվար լինի, պարտավոր ենք մշտապես պատվով կրել երկիրը պահողի ու շենացնողի սուրբ կոչումը՝ այն փոխանցելով նոր սերնդին:Երկրապահը եղել է, կա ու պիտի մնա Արցախի եւ Հայաստանի անկախության պահապանը, պետականության ամրապնդման ջատագովը:

Շնորհավորում եմ համայն հայությանը, Արցախի հերոս ժողովրդին: Թող է՛լ ավելի ամրապնդվի արցախահայության՝ իր հողում ազատ ու անկախ ապրելու եւ վերջնական հաղթանակի հասնելու հավատը: Շնորհավորում եմ Հայոց բանակի զինվորներին ու սպաներին, հատկապես այսօր երկրի սահմանը պահող զորքերին՝ զինվորից հրամանատար: Շնորհավորում եմ միշտ մարտնչող երկրապահներին:

Նոր տարվա նախօրեին կուզենայի բոլոր երկրապահների անունից առանձնահատուկ շնորհավորել մեր զոհված մարտական ընկերների մայրերին, քույրերին, կանանց, երեխաներին։ Մենք գնահատում եւ խոնարհվում ենք մեր մայրերի ոգու եւ հայրենասիրության առաջ, որով նրանք դաստիարակել են իրենց քաջ որդիներին: Եկեք Ամանորի առիթով մեկ անգամ եւս գլուխ խոնարհենք Եռաբլուրի առաջ, բոլոր նրանց հիշատակի առաջ, ովքեր զոհվեցին հանուն Հայաստան երկրի անկախության եւ ազատության:

Նոր տարին նոր նվաճումների ժամանակաշրջան է լինելու: Թող միշտ տոնական լինի մեր տրամադրությունը եւ մեզ չլքի օրինապահ, ժողովրդավար, հզոր ու կայուն պետություն ստեղծելու հավատը: Թող տարին լինի միասնության, անկախության ամրապնդման եւ պետության հզորացման տարի: Սեր հզորությունը մեր միասնության մեջ է:

Ցանկանում եմ ձեզ հաջողություններ եւ ամենայն բարիք նոր տարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել