Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 1-ն էլ այդպես սկսվեց

Հունվար 31,2009 00:00

\"\"Էջմիածնի շուկայի աշխատողների՝ կառավարության շենքի մոտ տեղի ունեցած բողոքի խաղաղ ակցիան ավարտվեց ծեծկռտուքով:

Շուկայի 85-90 աշխատողներ ՀԴՄ-ների տեղադրման հարցով գնացել էին կառավարություն՝ պարզաբանումներ ստանալու ակնկալիքով: Նրանց հետ զրուցել է Ղազարյան ազգանունով մեկը, որն, ըստ ակցիայի մասնակիցների, ներկայացել է որպես փոխվարչապետ: Սկզբում ամեն ինչ նորմալ հունով է ընթացել, Ղազարյանը լսել է առեւտրականներին, որոշ պարզաբանումներ արել, իսկ հետո հանել է հեռախոսն ու ինչ-որ տեղ զանգել: «Այդ զանգից րոպեներ անց մի 200 ոստիկան ու կարմիր բերետավորներ պաշարեցին մեզ ու գռեհիկ արտահայտություններով եւ գեղացիներ անվանելով սկսեցին հրմշտել»,- պատմում է շուկայի երիտասարդ աշխատողներից մեկը՝ չցանկանալով ներկայանալ: «Ուզում եք անուն-ազգանունս էլ գրեք, որ գան տնից հանեն՝ տանե՞ն…»,- ասաց: «Մեր գնալը որեւէ անբարոյական բան չէր հետապնդում: Պահանջներս այն էր, որ հարկային դաշտը մեզ համար ոչ թե բեռ դառնա, մենք էլ՝ բեռնակիր, այլ այնքան բարոյական լինի, որ իմ ընտանիքը կարողանա ապրել: Ի՞նչ է նշանակում՝ նույն հարկային դաշտում աշխատեն ե՛ւ մեզ նման՝ բացօթյա առեւտուր անողները, որ հիմնականում «նիսյա»-ով ենք աշխատում, ե՛ւ խաղատները: Օրինակ՝ ես չեմ պատկերացնում մեր գործունեությունը ՀԴՄ-ով, երբ հաճախորդը ապրանքը պայմանով է գնում. տանում է՝ տեսնի վրայով կլինի՞, կամ՝ տնեցիք կհավանե՞ն, որ գնի: Փոքր քաղաք է, բոլորս իրար ճանաչում ենք, մերժել չենք կարող: Ասենք՝ ապրանքը տվել եմ՝ ՀԴՄ-ն՝ խփե՞լ: Ապրանքը ետ բերեց. ո՞նց եմ ետ խփելու»,- ասաց վաստակավոր մանկավարժ, ներկայումս շուկայում առեւտուր անող Ռազմիկ Տիրացվյանը: Վիրավորված է, որ արհամարհել են իրենց անձը, ստորացրել, հրմշտել. «Խփում էին նաեւ կանանց, քաշքշում, սեռական բնույթի հայհոյանքներ տեղում: Ասում էին՝ այ գեղացիներ, այ ըսենցի լակոտներ… բառապաշարի որեւէ սահմանափակում չկար: Հայհոյում ու քաշքշում էին՝ ում պատահի: Մեկ էլ հանկարծ գործի դրեցին «դուբինկաները»,- պատմում է նախկին մանկավարժը:

Ծեծվողներից որեւէ մեկն անվանապես չներկայացավ: Ասացին՝ եթե օրը ցերեկով կառավարության քթի տակ օրենքի պահապանները հարձակվում են մարդկանց վրա եւ մնում անպատիժ, ի՞նչ երաշխիք ունեն, որ ներկայանալուց հետո հետներն ավելի վատ բան չի կատարվի: Իրեն չափազանց վատ է պահել ոստիկանության մի գնդապետ, ով աչքի է ընկել հատկապես անպարկեշտ պահվածքով ու անվայել արտահայտություններով: Ռիտա Եղիազարյանը պատմում է, որ գնդապետը «գեղացի շուն» ասելով քաշել է իր թեւից եւ սպառնացել, այնուհետեւ «դուբինկայով» խփել ամուսնուն՝ Գուրգեն Եղիազարյանին՝ պահանջելով «ռադները քաշել» մայրաքաղաքից: «Տղամարդկանց ներկայությամբ այնպիսի գռեհիկ արտահայտություններ էին թույլ տալիս մեր հասցեին՝ կարծես ուզում էին նրանց ներքաշել լեզվակռվի մեջ: Եթե այդ կուտն ուտեին ու համարժեք պատասխան տային՝ թեւերները կոլորեին՝ կտանեին: Հենց այդպիսի սադրանքով էլ մարտի 1-ը սարքեցին»,- ասաց Գոհար անունով ներկայացած մի կին ու ավելացրեց. «Անպայման կգրեք նաեւ, որ ոստիկանը մայր էր հայհոյում: Բա, էս ոստիկա՞նը իմ ու քո անվտանգությունը պիտի ապահովի»: Կանանցից մեկն էլ պատմում էր, որ երբ իր կողքին կանգնած տղամարդուն «դուբինկայով» ծեծել են, ինքը կառավարությունից «իջած» Ղազարյանի ուշադրությունը հրավիրել է այդ փաստին եւ մնացել զարմացած, որ Ղազարյանն ասել է, թե՝ ոչինչ չի տեսել: «Չտեսնել հնարավոր չէր, քանի որ ծեծը համատարած բնույթ էր կրում: Չէին ասում՝ կարող է՝ կինը, որին քաշում-գցում են, հղի է: Խփում էին, հրում, գցում գետնին, ծաղրում… «Արա, քո տիրոջ մերը…» հայհոյանքներ տեղում»:

Ոստիկանների ցինիկությունն այն աստիճանի է հասել, որ կանանց հրել-գցելուց հետո հրաժարվել են, որ նման արարք են թույլ տվել: «Երբ ասացի՝ ինչո՞ւ ես քաշում-գցում, լկտիաբար պատասխանեց՝ ես քեզ կպե՞լ եմ: Ոնց որ ձեռ առնեն…»,- ասաց Կարինե անունով մեկը: Շուկայի աշխատողները զարմացել են, որ իրենց դեմ նույնիսկ հրշեջ մեքենա էին բերել. «Եթե համառեինք, չգնայինք՝ ջուրը բացելու էին վրաներս»,- ասացին: Ըստ նրանց՝ այդպես են սկսվել նաեւ մարտի 1-ի դեպքերը: Նրանք դեռ շարունակության են սպասում, որովհետեւ ոստիկանները գրանցել են ոմանց անձնական տվյալները եւ խաղաղ ակցիային մասնակցող բոլոր մեքենաների համարները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել