Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱԿԱՆ ՓԱԿՈՒՂԻ

Հունվար 31,2009 00:00

\"\"«Յոթը» դատարանին չի հարգում, դատարանն էլ «ինադի» է ընկել ու դատավարություն չի անում

Երեկ, արդեն յոթերորդ անգամ, եւ մինչեւ փետրվարի 12-ը, հետաձգվեց Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի շենքում նշանակված «Յոթի» գործով դատավարությունը: Եվ ինչպես միշտ՝ 2008թ. դեկտեմբերի 23-ից ի վեր, դատավոր Մնացական Մարտիրոսյանը կարդաց իր որոշման արդեն հայտնի տեքստը՝ դատարանի նկատմամբ դրսեւորած անհարգալից վերաբերմունքի եւ նիստի բնականոն ընթացքին խոչընդոտելու համար քաղբանտարկյալներին դահլիճից հեռացնելու, ապա՝ դատական նիստը հետաձգելու մասին: Դա այնքան արագ տեւեց, որ քաղբանտարկյալները անգամ հայտարարություն անելու ժամանակ չունեցան, թեեւ դրան հակված էլ չէին:

Կարելի է պնդել, որ «Մարտի 1»-ի գործով մինչեւ 15 տարի ազատազրկում նախատեսող հանցագործությունների՝ «սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու» եւ «պետական իշխանությունը յուրացնելու» մեջ ամբաստանվող մարդիկ ոտքի չեն կանգնի նաեւ փետրվարի 12-ին: Առանց վերջիններիս պաշտպանների կամ ընդդիմության հայտարարությունների էլ պարզ է, որ իշխանություններն ու նրանց սպասարկող դատարանն ու մեղադրող կողմը հակված չեն բնականոն դատավարություն անել եւ անցնել գործի քննությանը, որովհետեւ հասկանում են, որ «7»-ին առաջադրված մեղադրանքներն իրավական դաշտում հիմնավորել եւ փաստերով ապացուցել հնարավոր չէ: Այսինքն՝ դատավորի եւ մեղադրողների մարտավարությունը՝ հետաձգել դատավարությունը՝ չխայտառակվելու համար, դատարանի շենքից դուրս հավաքված մարդկանց համբերությունն ու բողոքի ցույց անելու ռեսուրսը մաշեցնելու նպատակով, հասկանալի է: Բայց անհասկանալի է «7»-ի որդեգրած մարտավարությունը: Այո, նրանք քաղբանտարկյալներ են եւ պնդում են, որ ոտքի չկանգնելը քաղաքական ակցիա է՝ ուղղված արդարադատության անարդար համակարգի, ի վերջո՝ ռեժիմի դեմ: Բայցեւ չհասկանալ, որ դա ձեռնտու է հե՛նց դատաքննությունից խուսափող իշխանությանը, որ դրանով իրենք ակամա ակտիվ դերակատարություն են ստանձնել իշխանության սցենարի իրագործման մեջ՝ անհնարին է: Բայց քաղբանտարկյալները, թերեւս, իրենք են դարձել իրենց սկզբունքների պատանդն ու, գուցեեւ, համարում են, որ հիմա ոտքի կանգնելը կարող է դիտարկվել որպես «կոտրվելու», սկզբունքին դավաճանելու վկայություն: Սակայն այս ամենից տուժում են իրենք՝ քաղբանտարկյալները, որովհետեւ նիստերի հետաձգված ժամանակահատվածը չի հաշվվում նրանց կալանքի ժամկետի մեջ, իսկ երեկվա դրությամբ դա արդեն շուրջ մեկ ամիս էր, երկրորդ՝ նրանք զրկված են իրավական դաշտում հօդս ցնդեցնելու իրենց առաջադրված մեղադրանքները եւ, ինչպես իրենք են ասում՝ դատարանում դառնալ մեղադրող կողմ եւ բացահայտել «Մարտի 1»-ի ողբերգության իրական պատասխանատուներին: Ընդդիմության առանձին գործիչներ այս դիտարկմանն ի պատասխան՝ հայտարարում են, թե գործը քաղաքական է եւ իրավական դաշտում չէ, որ պետք է ապացուցվեն «7»-ի անմեղությունն ու նրանց՝ քաղկալանավոր լինելը: Այդ դեպքում հարց է ծագում՝ հանուն ինչի՞ է մեղադրողների եւ դատավորի հետ կռիվ տալիս Գագիկ Ջհանգիրյանը, ինչո՞ւ էին դա անում Սմբատ Այվազյանը, Պետրոս Մակեյանն ու Աշոտ Զաքարյանը: Չենք կարծում, թե նրանք հավատում են մեր արդարադատությանը, վստահում են ժորավարդանյանների կամ գագիկմարտիրոսյանների արդարամտությանը: Ըստ ամենայնի, դա անում են մեղադրողների եւ իշխանության նկատմամբ իրավական դաշտում համոզիչ հաղթանակ տանելու, նաեւ՝ եթե ոչ ՀՀ-ում, ապա՝ Եվրոպական դատարանում իրենց դատը շահելու համար: Իսկ ԵԴ-ի եւ միջազգային հանրության համար հաստատ ավելի ծանրակշիռ են ոչ թե ընդդիմության քաղաքական հայտարարությունները, այլ՝ իրավական ուժ ունեցող փաստերն ու փաստաթղթերը, օրինակ՝ ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանի հայտնի շրջաբերականը: «Յոթի» մեղադրական եզրակացությունն էլ էր այն ծանրակշիռ փաստարկներից մեկը, որը «Յոթի» պաշտպանները փոխանցեցին ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգին, նույնպիսի կարեւորագույն փաստաթղթեր են նաեւ քաղբանտարկյալների այն բոլոր գործերը, որոնցով պարբերաբար համալրվում են ԵԴ-ին փոխանցվող փաթեթները: Բայց քանի դեռ «Յոթի» գործը մտել է փակուղի ու բացի դրա վերաբերյալ քաղաքական հայտարարություններից, իրավական գործընթաց չկա, չկա նաեւ այդ դաշտում հաղթելու շանս: Որոշ դիտորդների համոզմամբ՝ եթե «Յոթը» շարունակի խաղալ իշխանության կանոններով եւ «իրադրության» կամ «օրենսդրության» փոփոխության արդյունքում անգամ հայտնվեն ազատության մեջ, նրանք ստիպված կլինեն մի օր անդրադառնալ այս գործին՝ իշխանությանը «մերկացնելու» համար: Իսկ ինչո՞ւ դա չանել հիմա եւ, ինչպես «Յոթն» են ասում՝ փուչիկի պես չպայթեցնել այս գործը: Ինչո՞ւ հանուն նաեւ դատարանից դուրս «7»-ին զորակցող հազարավոր մարդկանց չի կարելի մի կողմ դնել որդեգրած այդ սկզբունքը եւ դատարանում հայտարարել՝ որ չես փոխել դատարանի վերաբերյալ պատկերացումդ ու վերաբերմունքդ, բայցեւ իշխանության սցենարը վիժեցնելու համար պատրաստ ես անգամ ոտքի կանգնել, եթե դատաքննությունը չսկսելու միակ պատրվակը դա է: Թե չէ՝ հիմա սպասելով 225 եւ 300 հոդվածների փոփոխությանը, «Յոթի» գործը կարող է դեռ մի քանի ամիս էլ դատաքննության փուլ չմտնել, անգամ այդ փոփոխություններից հետո էլ, միեւնույն է, դատաքննության ինչ-որ գործընթաց ենթադրվում է, որ պետք է լինի:

Մեր այս բոլոր դիտարկումների հետ, իհարկե, «Յոթի» գործով պաշտպան Հովիկ Արսենյանը չհամաձայնեց, որովհետեւ նա կիսում է ինչպես իր պաշտպանյալ Ալեքսանդր Արզումանյանի, այնպես էլ մյուս 6 քաղբանտարկյալների՝ քաղաքական ակցիա անելու դիրքորոշումը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031