Լրահոս
Օրվա լրահոսը

«ՏԱՐԱՆՋԱՏԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐԸ ՔՐԵԱԻՐԱՎԱԿԱՆ ԿՈՉԵՐԻՑ»

Հունվար 31,2009 00:00

Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի պնդմամբ, հենց սա է արվելու 300 եւ 225 հոդվածների հետ

– Քրեական օրենսգրքի 300 եւ 225 հոդվածների փոփոխություններ են նախատեսվում, սակայն Վենետիկի հանձնաժողովը ժամանակին բացասական գնահատական էր տվել հատկապես 225 հոդվածի մասով:

– Բացասական եզրակացություն տրվել է միայն որոշ դրույթների առնչությամբ: Ըստ փորձագետների, եթե զանգվածային անկարգություններն ուղեկցվում են սպանություններով, ապա զանգվածային անկարգություններ կազմակերպողը կարող է պատասխանատվություն կրել նաեւ այդ սպանությունների համար, եթե պարզվի, որ այդ դեպքերին որոշակի մասնակցություն է ունեցել կազմակերպելու, դրդելու առումով եւ այլն: Հակառակ դեպքում՝ պատասխանատվություն պիտի կրի միայն որպես զանգվածային անկարգությունների կազմակերպիչ: Եղել են նաեւ այլ նկատառումներ, որոնք, բնականաբար, հաշվի կառնվեն հետագա աշխատանքներում: Միաժամանակ, բազմաթիվ մոտեցումների առնչությամբ միջազգային փորձագետները համակարծիք են եղել մեզ հետ: Օրինակ, իրենք եւս գտնում են, որ եթե, այնուամենայնիվ, զանգվածային անկարգությունների կազմակերպիչը նաեւ մասնակցություն է ունեցել, ասենք, սպանությունների կամ այլ ծանր հանցագործությունների կատարմանը, ապա նա չպետք է կրի այնպիսի պատասխանատվություն, ինչպես, օրինակ, սպանություն կատարողը կամ հրկիզումներ իրականացնողը, գույքը ոչնչացնողը եւ այլն: Որովհետեւ այլ հանրային վտանգ է պարզապես գույքը դիտավորությամբ ոչնչացնելը, եւ այլ՝ երբ դա արվում է զանգվածային անկարգությունների ընթացքում: Մինչդեռ, գործող օրենսդրությունը էական տարբերակում այս արարքների միջեւ չի դրել: Ստացվում է, որ ե՛ւ առանց ծանրացուցիչ հանգամանքների սպանություն կատարողը, ե՛ւ զանգվածային անկարգությունների ընթացքում սպանություն կատարողը նույն չափով են ենթարկվում քրեական պատասխանատվության:

– Մենք վատ ավանդույթ ունենք. որոշ օրենքներ փոփոխելուց առաջ ասվում է, թե դրանք դրական փոփոխությունների են ենթարկվելու, բայց երբ օրենքը փոխվում է, պարզվում է՝ ավելի վատ դարձավ, քան կար: Հիմա ի՞նչ երաշխիք, որ 300 եւ 225 հոդվածները դեպի մեղմացում են գնալու: Եվ դրանք ինչպե՞ս են ազդելու «Մարտի 1»-ի գործով անցնողների վրա: Ըստ որոշ գնահատականների՝ ետադարձ ուժ օրենքը չունի, եւ մարդիկ այլ օրենքով են մեղադրվել ու այդպես էլ շարունակվելու է:

– Ձեր հարցի առաջին մասը սուբյեկտիվ ընկալման արդյունք է: Ընդհանրապես, խստացումը կամ մեղմացումը լավի եւ վատի հոմանիշներ չեն, որովհետեւ շատ հաճախ հասարակությունն ինքն է պահանջում, որ այս կամ այն արարքի համար պատժելիությունը խստացվի, ուստի՝ հասարակական կարծիքը չի կարող ուղղված լինել խստացման դեմ՝ ընդհանրապես: Ուրիշ հարց է՝ մենք կարողանո՞ւմ ենք այս կամ այն արարքի համար համարժեք սանկցիա ընտրել, եւ երկրորդը՝ պետք է կարողանանք այնպիսի ձեւակերպում գտնել, որը կբացառի տարընթերցումները: Ինչ վերաբերում է ձեր հարցի երկրորդ մասին, ասեմ, որ նման խնդիր գոյություն չունի, այսինքն՝ չկա միայն այլ օրենքով դատապարտվելու խնդիր: Եթե քրեական օրենսդրությամբ պատիժը մեղմացվում է, կամ վերացվում է արարքի հանցավորությունը, կամ այլ կերպ բարելավվում է անձի վիճակը, ապա այդպիսի իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն: Հիմա՝ կոնկրետ 300 եւ 225 հոդվածների մասին: Խնդիր է դրված ոչ թե խստացնել, այլ ընդհակառակը՝ այնպիսի վերանայումներ կատարել, որոնք հստակություններ կմտցնեն եւ տարընթերցումների տեղիք չեն տա:

– Պնդում եք, որ օրենսգրքի համապատասխան հոդվածները մեղմացվելո՞ւ են:

– Միանշանակ, եթե անգամ սանկցիաները չփոխվեն, ապա, միեւնույն է, իրավական նորմի դիսպոզիտիվ մասի (դրանով սահմանվում են վարքագծի կանոնները) հատկանիշներն այն չափով կվերանայվեն, որ ինքնըստինքյան դա կհանգեցնի անձանց վիճակի բարելավմանը: Հնարավոր է անգամ այն աստիճանի, որ այս կամ այն անձի արարքը դադարի հանցավոր համարվելուց՝ տվյալ հոդվածով: Շատ հնարավոր է՝ ունենանք մի իրավիճակ, որ ոչ թե պատժաչափը կամ պատժատեսակը մեղմացվի, այլ՝ ընդհանրապես կոնկրետ արարքի կոնկրետ որեւէ դրսեւորում համարվի քրեորեն ոչ հետապնդելի: Դուք շատ լավ գիտեք խնդիրն ինչպես է դրված՝ հստակ ձեւակերպումների միջոցով տարանջատել քաղաքական հայացքները կոչերից, որոնք քրեաիրավական բնույթ են կրում: Անգամ այսօրվա ձեւակերպմամբ 300-րդ հոդվածը Վենետիկի հանձնաժողովի հավանությանն է արժանացել: Հիշո՞ւմ եք, դեռ մեկ տարի առաջ «Ժառանգության» խմբակցությունը նախաձեռնեց, որպեսզի այդ հոդվածը ճանաչվի միջազգային նորմերին հակասող եւ հանվի Քրեական օրենսգրքից: Այդ առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ այն ուղարկվեց Վենետիկի հանձնաժողով: Բայց մեկ անգամ եւս այս հանձնաժողովը տվեց եզրակացություն, որ, այսօր գործող ձեւակերպմամբ, բացարձակապես խնդիրներ չեն կարող առաջանալ: Բայց իրավունքը դոգմա չէ, օրենսդրական ակտերը՝ եւս, եւ հարկ է լինում անհրաժեշտ դեպքերում վերանայելու դրանք: Ի դեպ, մոտեցումների վերանայման երեւույթի կարելի է հանդիպել նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործունեությունում: Վերանայման համար շատ հաճախ հիմք է հանդիսանում հենց իրավակիրառական պրակտիկան:

– Քանի որ հարցազրույցը արդարադատության նախարարի հետ է, վստահ եմ, որ այն շատ ուշադիր կարդալու են «Մարտի 1»-ի գործով բոլոր անցնողները, խնդրում եմ շատ ավելի հստակ ասեք, թե 300 եւ 225 հոդվածների փոփոխությունները ինչպե՞ս են ազդելու այս մարդկանց վրա: Եվ՝ ի՞նչ ժամկետներում են լինելու փոփոխությունները:

– Ես կարծեմ շատ հստակ պատասխանեցի՝ հաշվի առնելով գործընթացների ներկա փուլը, իսկ ավելի հստակ պատասխանելու համար մենք նվազագույնը պետք է ունենանք նախագծեր: Ժամկետների մասին ոչինչ չեմ կարող ասել, կարծում եմ՝ դա կլինի ամենասեղմ ժամկետներում, բացարձակապես համամիտ չեմ մամուլում առկա այն անհիմն պնդումներին, թե ամեն ինչ արվելու է ձգձգելու համար: Կլինի ճիշտ հակառակը:

– Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը լրատվամիջոցներից մեկին ասել էր, թե իր պաշտոնավարման ժամանակ հնարավոր չէր դատարանի դահլիճում տեղի ունենար այն, ինչ այսօր կատարվում է «7-ի գործով» դատավարության ժամանակ: Նշանակո՞ւմ է, որ Դուք լավ չեք աշխատում:

– Չեմ կարծում, թե այդպիսի արտահայտությունները մեկնաբանության կարիք ունեն, նույնիսկ համոզված չեմ, որ այդպիսի պատասխան է տրվել: Չպետք է մոռանալ, որ ներկայումս օրենսդրությամբ արդարադատության նախարարը չունի եւ չպետք է ունենա որեւէ ներգործություն դատական իշխանության նկատմամբ: Եվ սա են պահանջում դատական իշխանության անկախության քաղաքակիրթ չափանիշները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել