Լրահոս
Օրվա լրահոսը

«Արծաթե» եւ «ոսկե» հարսանիքներից զատ

Հունվար 31,2009 00:00

Հնում ամուսինների համատեղ կյանքի յուրաքանչյուր տարին ունեցել է իր անվանումը

Հասարակության մեջ դեռեւս պահպանվել է հարսանեկան հոբելյաններին «մինի» հարսանիքներ անելու, քեֆ-ուրախություն կազմակերպելու ու բախտավոր զույգերի պատվին անվերջ կենացներ ձոնելու սովորույթը: Հարսանեկան հոբելյանները ժողովրդի մեջ մտել են տարբեր անվանումներով. ամուսնության առաջին տարին կոչվում է «չթե» հարսանիք: Սա պայմանական անուն է, որն իբր խորհրդանշում է մեղրամսից հետո նորապսակների հասարակ կենցաղային կյանքը: Հնում սովորույթ կար, որ այդ օրվա գլխավոր «հերոսները» միմյանց նվիրում էին վուշե կամ չթե հագուստներ, սպիտակեղեն, ինչը գեղեցկության եւ երիտասարդության խորհուրդ ուներ: Համատեղ կյանքի երկրորդ տարին ժողովուրդը կոչում է «ապակյա» կամ «թղթե» հարսանիք: Հնում այդ տոնի առիթով ամուսինները միմյանց նվիրում էին ապակուց կամ թղթից պատրաստված նվերներ, իսկ հարսանեկան երրորդ տարին անվանվել է «կաշվե» հարսանիք: Հայտնի չէ, թե ինչպես են անվանել զույգերի միության չորրորդ տարին, սակայն հարսանեկան հինգերորդ հոբելյանը ստացել է «փայտե» հարսանիք անվանումը: Այդ օրը ընտանիքին ամենամոտ բարեկամները ամուսնական զույգին նվիրել են փայտե կենցաղային իրեր, հիմնականում՝ կահույք: Դա բացատրվում է նրանով, որ, ի տարբերություն ապակյա իրերի, փայտն ավելի ամուր է, հետեւաբար՝ ամուր կլինի նաեւ այդ ընտանիքը: 7-րդ տարին կոչվել է «պղնձե»: Սրա իմաստն էլ բացատրվել է ամուր եւ թանկարժեք լինելով: Ամուսինները փոխանակել են պղնձե իրեր եւ մետաղադրամներ: Ճոխ նշվել է հարսանիքի 10-րդ տարին, որն անվանվել է «վարդերի տոն» կամ «վարդագույն» հարսանիք: Օրը վերածել են փոքր հարսանիքի եւ հրավիրել բոլոր այն մարդկանց, ովքեր ներկա են եղել նաեւ 10 տարի առաջ: Այդ տոնի բոլոր իրերը, սեղանի ձեւավորումը, սպասքը եղել են կարմիր գույնի: Ամուսինը կնոջը նվիրել է մուգ կարմիր վարդեր, խմել են կարմիր գինի եւ այլն: Ամուսնական 12.5 տարին ստացել է «նիկելե» անունը, որն ամուսիններին եւս մեկ անգամ հիշեցրել է հիմնական պատգամը՝ մինչեւ մահ պետք է պահպանեն իրենց ամուսնության փայլը: «Բյուրեղապակյա» անունն է ստացել 15-ամյա հարսանիքը, իսկ «ճենապակյա»՝ 20-ը: 25 տարին համատեղ անցկացրած զույգերը ոսկու փոխարեն փոխանակվել են արծաթե մատանիներով, որը կրել են իրենց ամուսնական մատանու կողքին: Այս հարսանիքը ժողովուրդն անվանում է «արծաթե»: Հինգ տարի անց ոչ պակաս խանդավառությամբ նշվել է «մարգարտյա» հարսանիքը: Այս հոբելյանը խորհրդանշում է համատեղ կյանքի 30 տարիները: Այդ օրը ամուսինը կնոջը նվիրել է 30 խոշոր բնական մարգարիտներից պատրաստված վզնոց: Հարսանեկան 35 տարին անվանվել է «վուշե», 37.5-ը՝ «ալյումինե», որը խորհրդանշում է երկար եւ ամուր ընտանեկան երջանկություն: «Ռուբինե» հարսանիք անվանումն ունի 40 տարվա համատեղ ընտանեկան կյանքը: Հարսանիքներից այժմ լայն տարածում են ստացել միայն «արծաթե» եւ 50 տարվա՝ «ոսկե» հարսանիքները: Ի տարբերություն «արծաթե» հարսանիքին, «ոսկե» հարսանիքի ժամանակ զավակներն են ծնողներին մատանիներ նվիրել, իսկ հին մատանիները ծնողները փոխանցել են իրենց չամուսնացած երեխաներին կամ թոռներին: Դժբախտաբար, քչերին է հաջողվում իրենց ամուսնության 60 տարվա միությունը տոնել միասին, սակայն այս հարսանիքն «ամենաավագն» է եւ հաշվի առնելով զույգերի առողջության ամրությունը, ապրելու եւ կյանքը վայելելու ձգտումը, հարսանիքը ժողովրդի կողմից «մկրտվել» է «ադամանդե» հարսանիք անունով:

Թեեւ մեր ժողովուրդը մեծ հավատքով ու ներշնչանքով է վերաբերվում ընտանիքին, համատեղ կյանքին, սակայն գաղտնիք չէ, որ սերը հավետ չէ եւ տարիների ընթացքում մարում է: Իհարկե՝ կան երջանիկ զույգեր, ովքեր մինչեւ իրենց կյանքի վերջին օրը վայելում են սիրո պտուղները, բայց խոստովանենք, որ նման դեպքեր շատ քիչ են պատահում: Օրինակ, յուրաքանչյուր ամուսնական զույգ էլ իր մաշկի վրա զգացած կլինի, թե ինչպես է ժամանակի հետ փոխվում կողակցի վերաբերմունքը: Եթե ամուսնության առաջին 4-5 ամիսների ընթացքում ամեն պահ միմյանց սեր են խոստովանում, ապա բոլորովին այլ հնչերանգ է ստանում ամուսնության 4-5-րդ տարում արված նույն սիրո խոստովանությունը՝ «ես քեզ սիրում եմ» արտահայտությունն արդեն նահանջում է, տեղը զիջելով՝ «եթե քեզ չսիրեի, վաղուց արդեն հորդ տանը նստած կլինեիր» նախադասությանը: Կամ, առաջին ամիսներին ամուսինը աշխատանքից տուն է վերադառնում ծաղիկներով եւ հենց մուտքի մոտ համբույրով փոխանակում ծաղկեփունջը, բոլորովին այլ է մի քանի տարի հետո: Մեղրամսի ժամանակ ամուսնու աչքին չի երեւում ոչ գումարը, ոչ էլ «տնտեսական ճգնաժամը», բայց ամեն ինչ հօդս է ցնդում, երբ ամուսնությունից 6-7 տարի անց կինը ինչ-որ նվերի ակնկալիքով գումար է խնդրում կողակցից: Այլ բան չի մնում, քան երանի տալ բոլոր այն զույգերին, ովքեր մինչեւ վերջ իրենց մեջ չեն կորցնում ռոմանտիկան եւ ամուսնական համատեղ կյանքը վերածում են գունեղ երազի՝ կլինի դա «թղթե», «արծաթե», թե «պլատինե» հարսանիք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել