Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՄ ԴԵՄ ՊԻՏԻ ՊԱՅՔԱՐԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ

Հունվար 31,2009 00:00

Հունվարի 29-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը խիստ նկատողություն է հայտարարել ՀՀ առողջապահության փոխնախարարներ Թաթուլ Հակոբյանին եւ Աբրահամ Մանուկյանին՝ հասարակական վայրում անընդունելի պահվածքի համար: «Կոպտությունը, բռիությունը, լկտիությունը՝ ուժեղ ղեկավարի հատկանիշներ չեն, դրանք թույլ ղեկավարի հատկանիշներ են, եւ մենք ձեզ հետ միասին պետք է պայքարենք այդ ամենի դեմ, դա մեզ համար պետք է լինի անընդունելի»,- ասել է ՀՀ կառավարության ղեկավարը:

Խոսենք անուններով ու պարզենք, թե ում դեմ պետք է պայքարի Տիգրան Սարգսյանը: «Կոպտությունը, բռիությունը, լկտիությունը» Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կյանքի անբաժանելի մասն են, ինչի մասին բազում վկայություններ կան, ուրեմն Տիգրան Սարգսյանը պետք է պայքարի Սուրիկ Խաչատրյանի դեմ: Կոպտությամբ, բռիությամբ, լկտիությամբ աչքի է ընկել նաեւ Աբովյանի քաղաքապետը: Կոպտությունը, բռիությունը, լկտիությունը, հատկապես անցած մեկ տարում բնորոշ են եղել բազմաթիվ բարձրաստիճան ոստիկանների, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, ԱԺ մի շարք պատգամավորների, նախարարների ու նրանց ընտանիքի անդամներին, անգամ դատավորներին: Ինչ-ինչ, բայց Տիգրան Սարգսյանին բնորոշ չէ կոպտությունը, բռիությունը, լկտիությունը: Ուրեմն, ըստ Տիգրան Սարգսյանի չափանիշների, Հայաստանի օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունը կրողների այն մասը, որը մոտ է ամբողջին, թույլ ղեկավարներ են: Եվ այս «բանակի» դեմ Տիգրան Սարգսյանը պետք է «կռվի»: Ընդ որում, պետք է «կռվի» մենակ, քանի որ երբ նա կառավարության նիստերի դահլիճում հայտարարում էր, թե «միասին պետք է պայքարենք այդ ամենի դեմ, դա մեզ համար պետք է լինի անընդունելի», հավաքվածների մեջ քիչ չէր «կոպտությունը, բռիությունը, լկտիությունը» ընդունող տեսակը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել