Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՄՐԱՆՅՈՒԹ ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ «ՎԵՐՋԸ»

Փետրվար 25,2009 00:00

Թմրանյութի քաղցը հագեցնելու պատճառը՝ գերդոզավորում

\"\"Կախվածությունը որեւէ բանից՝ վատ է, իսկ երբ խոսքը վերաբերում է թմրանյութերին՝ առավել եւս: Այս երեւույթը, որը լայն տարածում ունի ամբողջ աշխարհում, մեզ է հասել հին աշխարհից: Թմրանյութերն օրգանական եւ սինթետիկ պատրաստուկներ են, որոնք բաժանվում են հանգստացնողների, հալյուցինաբերների, տրանկվիլիզտորների եւ խթանիչների: Գաղտնիք չէ, որ հոգեկան ցանկալի ազդեցություններ «պարգեւող», հոգեներգործուն ազդեցություն ունեցող որոշ դեղահաբեր շատերն օգտագործում են առանց բժշկի նշանակման, դրանցից առաջացած «հաճելի» վիճակը վայելելու համար: ՀՀ օրենքն արգելում է թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի, դրանց համարժեքների ապօրինի շրջանառություն իրականացնելը, դրանց պատրաստման համար օգտագործվող եւ հատուկ հսկողության տակ գտնվող նյութեր, սարքավորումներ, գործիքներ արտադրելը, ձեռք բերելը, պահելը, հաշվառելը, փոխադրելը, առաքելը, դրանք հափշտակելն ու շորթելը, ինչպես նաեւ թմրամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր ստանալու իրավունք տվող դեղատոմսեր կամ այլ փաստաթղթեր ապօրինի տալը, կեղծելը, թմրամիջոցներ գործածելը, մշակումն արգելված թմրանյութեր, հոգեներգործուն, խիստ ներգործող, թունավոր նյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելն ու աճեցնելը եւ այլն: Չնայած այս ամենին, կան մարդիկ, որոնք ոչ միայն անտեսում են օրենքն ու իրենց ազատությանը սպառնացող սահմանափակումը, վտանգում են ոչ միայն իրենց առողջությունը, այլեւ վատ օրինակով վարակում շրջապատի մարդկանց: Թմրանյութերն ունեն բազմաթիվ տեսակներ, որոնցից ամենավտանգավորներն են հերոինը, կոկաինը, մետադոնը, կետամինը, ամֆետամինը, բենզոդիաչեպինները, բուպրենոֆինը, անաբոլիդային ստերուդները, ռիտալինը եւ այլն: Հերոին տեսակի թմրանյութից թմրում են նույնիսկ 1 մգ-ից, իսկ այն երբեք չփորձած մարդու համար 60-200 մգ-ը մահացու է: Այս թմրանյութը երեք անգամ օգտագործելը հանգեցնում է կախվածության: Իսկ մարիխուանան, որը կանեփի մանրացված եւ չորացված մատղաշ ցողուն է, տերեւները եւ ծաղիկները պարունակում են 1-6% տետրահիդրոկաննաբինոլ (ՏՀԿ): Վերջինս ունի փողոցային եւ աշխարհագրական բազմազան անուններ՝ կանեփ, պլան, խոտ, անաշա, բամբուկ, գանջա, գանչ, дудки, дурь, шалушка, дядя, шишки, Марьвана եւ այլն:

ՀՀ-ում կաննաբիսային թմրամիջոցները համարվում են ամենահաճախ չարաշահվող արգելված նյութերը: Թմրանյութերից կաննաբիսի ազդեցությունը սկսվում է սրտի կծկումների հաճախացմամբ եւ սրտխփոցի զգացողությամբ, որին հաջորդում է աչքերի արյունալցումը: Սովորաբար սրտի կծկումների հաճախականությունն ավելանում է 1 րոպեում 20-50 զարկով, իսկ եթե այն զուգակցվում է այլ թմրամիջոցների հետ, ապա զարկերակը ավելի է հաճախակիանում: Վերոնշյալ տհաճ երեւույթներն աստիճանաբար իրենց տեղը զիջում են կաննաբիսային «կայֆին»: Այն օգտագործած մարդը, կորցնելով զգուշությունը, ժամանակի եւ տարածության մեջ կողմնորոշումը, շարժողական հավասարակշռությունը, կարող է ենթարկվել դժբախտ պատահարների՝ ավտովթար, վրաերթ եւ այլն: Ինչպես որ տարբեր են թմրամիջոցներից յուրաքանչյուրի թողած ազդեցությունն ու էյֆորիան, այնպես էլ տարբեր են նրանց գները, մինչեւ մի քանի հարյուր դոլար: Թմրամոլների մեծամասնությունը հիմնականում մի քանի անգամ դատապարտված անձինք են, իսկ սկսնակներն էլ հետագայում են դատապարտվում, որովհետեւ գումար չունենալով՝ չեն կարողանում անընդհատ հագեցնել թմրանյութի նկատմամբ քաղցն ու դիմում են տարբեր տեսակի հանցանքների: Բոլոր զարգացած երկրների դպրոցներում, ուսումնական հաստատություններում դասընթացներ ու միջոցառումներ են անցկացվում թմրանյութի բացասական ազդեցության մասին: Հայաստանում պատկերն այլ է, հատկապես դեռահասները պատկերացում չունեն թմրանյութ կոչված չարիքի մասին: Ոմանք էլ, որոնց տեղը-տեղին հովանավորում են հարուստ պապաները, հաստատ ձգտում են փորձել արգելված պտուղը, ինչն էլ պայմանավորված է թմրանյութերի մասին անտեղյակությամբ: Սարսափելի զգացողություն է համարվում թմրանյութի պահանջը, կախվածությունը, որն էլ տարբեր թմրանյութեր օգտագործելու դեպքում տարբեր ձեւով է արտահայտվում: Որոշ թմրանյութերի դեպքում մարդը դառնում է նյարդային, տրամադրության անկում է ապրում, լայնանում են բիբերը, սկսվում է դողէրոցք, մարմինը պատվում է քրտինքով եւ այլն: Օրինակ, գոյություն ունի ինգալիանտ կոչվող չափազանց վտանգավոր թմրանյութ, որն օգտագործողը տառապում է թոքերի բորբոքումով, նրան սպառնում է լյարդի ցիրոզը, խախտվում է արյան մակարդելիությունը, ոչնչանում են ուղեղի բջիջները: Ինչ վերաբերում է թմրամիջոցներից առաջացած աներեւակայելի կախվածությանը, ապա այն, ի վերջո, բերում է գերդոզավորման՝ հասցնում մահվան: Գերդոզավորման պատճառները տարբեր են, ու սա ամենեւին չի նշանակում, որ եթե մարդը մեծ չափաբաժին է ընդունում՝ դա գերդոզավորում է: Հնարավոր է նույն չափաբաժնով թմրանյութ ընդունող երկու հոգուց մեկը տապալվի, մյուսը՝ չհագենա: Առանձնահատուկ է այն, որ թմրանյութերի չարաշահումը առաջացնում է դրանց ազդեցությունների նկատմամբ օրգանիզմի ընտելացում, ինչի հետեւանքով ցանկալի ազդեցությունը զգալու համար՝ մարդը ստիպված ընդունում է թմրամիջոցի ավելի բարձր չափաքանակ, իսկ դրա անընդհատ բարձրացումը ավելի է ուժեղացնում կախվածությունն ու հանգեցնում գերդոզավորման: Ի գիտություն թմրամոլների. թմրամիջոցի նոր չափաբաժնի ընդունումը՝ մինչեւ նախորդի ազդեցության նվազումը, նպաստում է օրգանիզմում այդ թմրամիջոցի կուտակմանն ու դարձյալ հանգեցնում գերդոզավորման: Հայտնի է, որ թմրանյութի առեւտրով զբաղվող նարկոբարոնները տիրապետում են ոչ միայն թմրանյութերի ձեռքբերման, տարածման, ծագման, այլեւ օգտագործման ձեւերի ու վտանգների մասին ինֆորմացիային: Նրանք հիմնականում ունեն իրենց հաճախորդները, իսկ ովքեր էլ դեռ «սկսնակ» են թմրանյութեր օգտագործելու հարցում, վաճառողն իր պարտականությունն է համարում հաճախորդին մանրամասն «ծանոթացնել» գնված ապրանքի ու վտանգների մասին:

Նյութը պատրաստվել է ըստ արտասահմանյան էլեկտրոնային մամուլի եւ antidrug.health.am կայքի, որը նախատեսված է թմրամիջոցներ չարաշահող կամ թմրամիջոցներից կախվածությամբ հիվանդ մարդկանց համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել