Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՎՈՐԸ «ՅՈՒՐԱՑՐԵՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

Փետրվար 28,2009 00:00

\"\"«Յոթի» գործով մեղադրվող Ալեքսանդր Արզումանյանը գործով մեղադրող Կորյուն Փիլոյանին առաջարկեց արձանագրել փաստն ու քրգործ հարուցել դատավորի նկատմամբ:

Երեկ Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի շենքում շարունակվեց «Յոթի» գործով դատավարությունը: Ինչպես նախորդ նիստում, յոթ քաղկալանավորները որոշեցին դատավարությանը հոտնկայս մասնակցել: Դատավարության կողմերը շարունակեցին քննարկել մեկ օր առաջ ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի՝ դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը: Երբ դատավորը, դիմելով մեղադրող կողմին, փորձեց ճշտել նաեւ նրանց դիրքորոշումն այդ միջնորդության առնչությամբ, ընդվզեց ՀՀ ԱԺ պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը. «Դուք երեկ ասում էիք, որ մեղադրողները գործում ներգրավված չեն, ինչո՞ւ եք կարծիք հարցնում»: Հիշեցնենք, որ փետրվարի 26-ի դատական նիստի ժամանակ մեղադրողներից մեկը՝ Հովսեփ Սարգսյանը, առանց դատավորի թույլտվությունը հարցնելու լքել էր դատարանի դահլիճը: Դատավորը ի պատասխան ամբաստանվողների պահանջին՝ դատարանի նկատմամբ դրսեւորած անհարգալից վերաբերմունքի համար կիրառել այն նույն սանկցիաները, որոնք կիրառվում են իրենց նկատմամբ, հայտարարել էր, թե մեղադրողները դեռեւս ներգրավված չեն դատավարությանը: Հենց մեղադրող Կորյուն Փիլոյանը սկսեց խոսել, ՀՀ ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանն ու Հակոբ Հակոբյանը փորձեցին կանխել նրան: Սկսվեց լեզվակռիվ դատավորի ու պատգամավորների միջեւ: «Հերիք ա, մեյմունություններով համը չհանեք»,- վրդովված նետեց Հ. Հակոբյանը: Երբ դատավորը դիտողություն արեց պատգամավորին՝ ասելով, թե նախ խանգարում է դատական նիստը եւ անհարգալից վերաբերմունք է դրսեւորում, եւ սկսեց ցիտել օրենքի համապատասխան հոդվածի առաջին բառերը, Հ. Հակոբյանը լքեց դատարանի դահլիճը: Նրան հետեւեցին նաեւ մյուս քաղկալանավորները: Դատավորը ստիպված եղավ դատական նիստն ընդմիջել: Մեկ ժամ անց նա, այնուամենայնիվ, ավարտեց օրենքի համապատասխան կետի մեջբերումը՝ հայտարարելով, որ Հ. Հակոբյանի նկատմամբ սանկցիան կիրառում է նախազգուշացման ձեւով: Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար նույնպիսի սանկցիա կիրառվեց նաեւ մեղադրող Հովսեփ Սարգսյանի նկատմամբ՝ առանց դատավորի թույլտվության դատարանի դահլիճից դուրս գալու համար:

Բայց հետո այն, ինչ հայտարարեց դատավոր Մարտիրոսյանը, ըստ էության, փոխեց դատավարության ողջ ընթացքն ու պատճառ դարձավ դատական այդ նիստն ընդմիջելու: Այսպես, Մ. Մարտիրոսյանը հայտարարեց, որ ՀՀ քրեադատավարության օրենսգրքում փետրվարի 5-ին կատարված փոփոխությունների արդյունքում «Յոթի» գործը մարտի 1-ից փոխանցվելու է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանին: Դատավորը նաեւ հայտարարեց, թե նոր ինքը ինտերնետից է իմացել, որ ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանի դատավոր: Հիշեցնենք, որ «Դատավորներ նշանակելու մասին» այդ նույն հրամանագրով դադարեցվել են նրա՝ Երեւանի քրեական դատարանի դատավորի լիազորությունները: Նույն հրամանագրի 2-րդ կետով, սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում մարտի 1-ից: Դատավոր Մարտիրոսյանը միաժամանակ հայտարարեց, որ իր նշանակումն այլեւս անհնարին չի դարձնում սույն գործով դատավարության եւ դատաքննության շարունակումը, ուստի ինքը որոշում է, որ 1-ին ատյանում գործի դատաքննությունը կշարունակվի դատավորի նույն կազմով: Այսինքն՝ Մ. Մարտիրոսյանը որոշում ընդունեց ինքն իրեն 1-ին ատյանում «Յոթի» գործով դատավոր նշանակելու մասին: Ամբաստանվողներն, իրոք, չէին կարողանում հասկանալ, թե դատավորն այդ ինչի՞ց է եզրակացրել, որ մարտի 1-ից հետո իրենց գործը քննվելու է դատավորի նույն կազմով: Հիշեցնենք, որ Մ. Մարտիրոսյանի վերը վկայակոչած օրենսդրական փոփոխություններն ու դրա 21-րդ հոդվածի՝ «Անցումային դրույթների» 4-րդ կետը միանգամայն այլ բան են ասում՝ «մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը՝ սկսված դատաքննություններն ավարտվում են դատավորի (դատավորների)  նույն կազմով»: «Յոթի» գործը դեռ դատաքննության փուլ չի էլ մտել, ուստի դատավորի հայտարարությունն ու սույն օրենքից բխող վկայակոչումները ամենեւին էլ տեղին չէին: Այս առնչությամբ պաշտպաններ Հովիկ Արսենյանն ու Ստեփան Ոսկանյանը համոզմունք հայտնեցին, որ նախ՝ «Յոթի» գործը դեռ մարտի 2-ին նոր փոխանցվելու է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանին, որից հետո միայն այդ դատարանի նախագահը կարող է որոշում կայացնել սույն գործը դատարանի որեւէ դատավորի վարույթ հանձնելու մասին: Այդ դատավորն էլ դեռ պետք է որոշում ընդունի գործը իր վարույթ ընդունել-չընդունելու մասին: Ընդունելու դեպքում պետք է ամեն ինչ սկսվի զրոյից: «Փաստորեն, դատավորն ինքն իր մասին որոշում կայացրեց, ինչը ինքնաբացարկի հիմք է, եթե հանկարծ այդ գործի վարույթը իսկապես հանձնարարվի իրեն»,- դատական նիստերի արանքում փոխանցեց Հ. Արսենյանը:

Ալ. Արզումանյանը ողջունեց դատավորի՝ ինտերնետից օգտվելու ունակությունները, բայցեւ փորձեց ճշտել՝ ՀՀ նախագահի հրամանագրից հետո Մ. Մարտիրոսյանը ո՞ր դատարանի դատավորն է՝ քրեակա՞ն, թե՞ առաջին ատյանի, եւ եթե նա որոշումներ է կայացնում՝ վկայակոչելով դեռ ուժի մեջ չմտած հրամանագրերն ու հանձնարարականները, ուրեմն՝ նույն հաջողությամբ կարող է վկայակոչել ՀՀ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված ՔՕ փոփոխությունները, եւ նկատի ունենալով այն, որ դրանցով այլեւս նախատեսված չէ այն հոդվածը, որով ամբաստանվում են քաղկալանավորները, կարող է կիրառել նախատեսվող փոփոխությունները եւ իրենց այդ մեղադրանքներում արդարացնել:

Ս. Սիրունյանն էլ դիմեց դատավորին՝ պահանջելով նիստերի դահլիճը ազատել ոստիկանության աշխատակիցներից եւ ապահովել իրենց հարազատների ներկայությունը՝ խոստանալով, որ հակառակ դեպքում ինքը կլքի դահլիճն ու չի վերադառնա: Այս հարցի շուրջ դարձյալ բանավեճ ծագեց, որը դատավորը կանխեց՝ հայտարարելով, թե անցնում է խորհրդակցական սենյակ՝ Ալ. Արզումանյանի ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար: Մեկուկես ժամ տեւած ընդմիջումից հետո ամբաստանվողները դատարան բերվելուց հետո զբաղեցրին իրենց աթոռներն ու դատավորի ներս մտնելու պահին ոտքի չկանգնեցին: Դատավորը դա համարեց «անհարգալից» վերաբերմունք դատարանի նկատմամբ: «Ո՞ր դատարանի»,- հարցրեց Ալ. Արզումանյանը՝ շարունակելով վիճարկել դատավորի «պատշաճ» լինելու հարցը եւ հավելելով, թե՝ «մարտի 1-ից հետո կգաք՝ 1-ին ատյանում կներկայանաք՝ կկանգնենք»: Նա նաեւ պահանջեց հստակեցնել, թե գործը Քրեական դատարանից 1-ին ատյանին անցնելու արանքում՝ մինչեւ երկուշաբթի օրը, իրենք ո՞ւմ իրավասության տակ են գտնվելու եւ ո՞ւմ են դիմելու, եթե խնդիրներ առաջանան. «Մարտի 1-ը կիրակի է, ուրեմն՝ մենք մեկ օր ապօրինաբար պահվելու ենք կալանքի տա՞կ»: Ու մինչ քաղբանտարկյալները փորձում էին հստակեցնել այդ հարցը, դատավորը զուգահեռաբար հայտարարեց դատական նիստը մինչեւ մարտի 4-ը հետաձգելու իր որոշման մասին ու հեռացավ նիստերի դահլիճից: Ալ. Արզումանյանը հասցրեց միայն դիմել դատախազ Կորյուն Փիլոյանին՝ առաջարկելով դատավորի նկատմամբ քրեական գործ հարուցել՝ «իշխանությունը յուրացնելու» հոդվածով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել