Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՈՒՄԳԱՅԻԹ. ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԱՅԵՐԻՆ

Փետրվար 28,2009 00:00

\"\"Փետրվարի 27-29-ը Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայերի դաժան սպանդ տեղի ունեցավ՝ միայն եւ միայն նրանց ազգային պատկանելության պատճառով:

Սոնյա Հակոբյանը Սումգայիթի ջարդերից երեք օր առաջ էր տեղափոխվել նոր բնակարան: Հայերը ցրված էին ամբողջ Սումգայիթում, եւ Սոնյան միայն ջարդերի օրն է հասկացել, թե որքան շատ հայեր են բնակվում Կասպիցի ափին փռված բանվորական քաղաքում: Նա ընտանիքով՝ եւս մոտ հինգ հազար հայերի հետ, ջարդարարներից ապաստան է գտնում Լենինի անվան հրապարակի մերձակայքում գտնվող մշակույթի պալատի հսկա շենքում՝ ծովային հետեւակայինների հսկողության տակ:

Սումգայիթը կարող էր «դաժան դաս» լինել Խորհրդային Միության մյուս ժողովուրդների համար, ովքեր եւս ազգային հարցերում պահանջներ ունեին: «Տասներկու տարի մենք սպասում էինք բնակարանի, ես ու ամուսինս աշխատում էինք գործարաններում, վերջապես երեքսենյականոցը ստացանք, որի մեջ ապրեցինք երեք օր»,- ասում է Սոնյան, ում ընտանիքը եւս մի քանի տասնյակ սումգայիթցիների հետ հաստատվել է Աշտարակի հարեւան Մուղնի գյուղում:

Խորհրդային Միության յոթ տասնամյակների պատմությունը լիքն է արյունոտ դրվագներով, սակայն 1988-ի փետրվարի վերջին երեք օրերին Սումգայիթում կատարվածն աննախադեպ էր: Նախ՝ ջարդերը տեղի են ունենում բոլորովին խաղաղ ժամանակներում: Երկրորդ՝ ջարդերը ոչ թե քաղաքական, այլ ազգային բնույթ ունեին, երրորդ՝ խորհրդային իշխանությունները ոչ թե իրենք էին կազմակերպում սպանդը, ինչպես դա մոտ մեկ տարի անց՝ 1989-ի ապրիլին եղավ Թբիլիսիում, այլ իրենց անգործությամբ հնարավորություն են տալիս, որ ջարդեր իրականացնի բանվոր դասակարգը:

Կրեմլի պաշտոնյաներից Գրիգորի Խարչենկոյին, ով ջարդերը սկսվելու երկրորդ օրն արդեն Սումգայիթում էր, զարհուրելի տեսարաններից բացի, ցնցել էր մեկ բան. հայերը ցանկանում էին մեկնել Ռուսաստան, այլ ոչ թե Հայաստան. «Ոչ մեկը, ում հետ մենք զրուցեցինք, Հայաստան մեկնելու ցանկություն չհայտնեց: Նրանք բոլորը խնդրում էին Կրասնոդար, Ստավրոպոլ կամ Ռոստովի մարզ տեղափոխել: Նրանք ասում էին. «Հայաստանում մենք ոչ մեկի պետք չենք, նրանք մեզ իսկական հայ չեն համարում»:

Սումգայիթի 18 հազար հայերից, որոնք հիմնականում արմատներով Ղարաբաղից էին, չնչին մասն է տեղափոխվում հայրենի տուն կամ Հայաստան: Լիդա Ալեքսանյանն այդ քչերից էր: Նա ասում է, որ ջարդի օրերին իրենց պաշտպանել են բանակում ծառայող որդու ադրբեջանցի ընկերները: «Ջարդերից հետո մնացինք տասը ամիս՝ մինչեւ նոյեմբեր, երբ որդիս բանակից վերադարձավ, հաջորդ օրը եկանք Հայաստան: Հետո երկու տղաներս էլ մեկնեցին Ռուսաստան, որովհետեւ այստեղ շատ վատ էինք ապրում»:

Վրացի Կոնստանտին Փխաքաձեն, ով հայուհի կնոջ հետ Սումգայիթում էր բնակվում, պատմել է, որ փետրվարի 21-ին լսել, սակայն հումորով է ընդունել իր ադրբեջանցի ընկերոջ տեղեկությունը, որ մեկ շաբաթ հետո սպասվում է հակահայկական ցույց: Փետրվարի 26-ի երեկոյան Լենինի հրապարակում Փխաքաձեն տեսել է մի քանի տասնյակ ցուցարարների:

Սումգայիթից փախած հայերի հետ զրույցներից պարզվել է, որ ամբոխը դիմում էր վայրագությունների, քանի որ հայերը Ղարաբաղ էին պահանջում: Կարճ ժամանակ հետո այլեւս Ղարաբաղն էլ երկրորդական պլան էր մղվել. անպատժելիության պայմաններում մի քանի տասնյակ մարդկանցից կազմված ավազակախմբերը հայերին սպանում, թալանում էին՝ նրանց տներին, ունեցվածքին տիրելու նպատակով:

Վլադիմիր Գրիգորյանը պատմել է. «Ես դուրս նայեցի պատուհանից, Լենինի հրապարակում հանրահավաք էր: Ասվում էր՝ հանգստացե՛ք, Ղարաբաղը հայերին չենք տա, Ղարաբաղը մերն է: Մեկ ուրիշը՝ թե հայերը Ղարաբաղում երկու ադրբեջանցու են սպանել, մեկը՝ 16, մյուսը՝ 22 տարեկան»: Նրա կինը՝ Մարինան, հավելել է, որ Կատուսեւի խոսքերից հետո ադրբեջանցիներն ավելի զայրացան:

Այդ օրերին Բաքվում գտնվող ԽՍՀՄ զինվորական դատախազ Ալեքսանդր Կատուսեւը փետրվարի 27-ին ադրբեջանական հեռուստատեսությամբ հայտարարել էր, որ հինգ օր առաջ Ասկերանում սպանվել են երկու երիտասարդներ՝ ընդգծելով վերջիններիս ադրբեջանական ազգանունները: Այս լուրն ավելի է ոգեւորում հայերին սպանելու եւ նրանց ունեցվածքը կողոպտելու պատրաստ ադրբեջանցիներին:

Փետրվարի վերջին երեք օրերին Սումգայիթում կազմակերպված հայկական ջարդերի հետեւանքով սպանվում են 29 հայեր եւ 6 ադրբեջանցիներ, մոտ 400 մարդ, գերազանցապես հայեր, ստանում են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ: Վեց ադրբեջանցիներին ամենայն հավանականությամբ սպանել են կասպյան նավատորմի ծովային հետեւակայինները եւ դեսանտային գնդի զինվորները, երբ զորքերը գրոհեցին Սումգայիթի ավտոկայանում խմբված երիտասարդ ջարդարարների ուղղությամբ: Բայց սա արդեն փետրվարի 29-ի երեկոյան էր, երբ հայերի ջարդերն ավարտվում էին: Միգուցե եւ ադրբեջանցիների վրա այս գրոհը կատարվեց, որպեսզի ինչ-որ կերպ սումգայիթյան սպանդին տրվի ինտերնացիոնալ երանգ:

Խորհրդային Միությունը նման ցինիզմ իրեն կարող էր թույլ տալ:

Սումգայիթում սպանդի՝ նախօրոք ծրագրված լինելու մասին է խոսում նաեւ այն, որ ջարդարարները զինված էին միատեսակ մետաղաձողերով, ունեին հայերի տների հասցեները, բաժանվում էին հատուկ խմբերի: Մյուս կողմից, սակայն, ակնհայտ է, որ եթե շարքային ադրբեջանցիներն իրենց տներում չպատսպարեին իրենց հայ հարեւաններին, սպանվածների թիվը կլիներ մի քանի անգամ ավելի: Խորհրդային զորքերը միայն փետրվարի 29-ի կեսօրից հետո են միջամտության եւ զենքի դիմելու հրաման ստանում՝ հազարավոր ահաբեկված հայերի փրկելով կոտորածից:

Փետրվարի 28-ին խորհրդային գլխավոր՝ «Ժամանակ» լրատվական ծրագիրը հայկական ջարդերը որակում է «խուլիգանական գործողություններ»: Հաջորդ օրը Գորբաչովի մասնակցությամբ տեղի է ունենում քաղբյուրոյի նիստ: Պաշտպանության նախարար Դմիտրի Յազովն առաջարկում է Սումգայիթում ռազմական դրություն մտցնել՝ հիմնավորելով քաղաքում կատարված զարհուրելի տեսարանները:

Գրիգորի Խարչենկոն եւ ԽՍՀՄ ՊԱԿ-ի ղեկավարի տեղակալ Ֆիլիպ Բոբկովը փետրվարի 28-ին հասել էին Սումգայիթ եւ սեփական աչքերով տեսել վայրագությունները: Խարչենկոն չի ընդունում Գորբաչովի արդարացումը, թե Սումգայիթում զորքերն ուշացել են ընդամենը երեք ժամ: Մի ամբողջ օր են ուշացել, որովհետեւ սպասում էին զորք ուղարկելու որոշմանը:

«Ես չեմ ուզում ցույց տալ լուսանկարները: Ես ուղղակի ոչնչացրի դրանք: Բայց սեփական աչքերով եմ տեսել անդամահատված դիակները, դրանցից մեկն ամբողջությամբ մասնատված էր… Նրանք գետնից հավաքում էին թափված տերեւները, լցնում դիակների վրա, մեքենաներից բենզին հանում եւ այրում: Սոսկալի դիակներ էին»,- ասել է Խարչենկոն:

Հայաստանի կոմունիստական իշխանությունները սումգայիթյան վայրագությունները դատապարտում են ջարդերից երեքուկես ամիս հետո. հունիսի 15-ին Գերագույն խորհուրդը նման որոշում է ընդունում ոչ առանց փողոց դուրս եկած ցուցարարների ճնշման տակ: Ադրբեջանի ղեկավարությունը մարտի սկզբին տարածում է հաղորդագրություն՝ «խորը ցավակցություն եւ անկեղծ կարեկցանք հայտնելով Սումգայիթում տեղ գտած անկարգությունների հետեւանքով զոհվածների ընտանիքներին»: Մարտի 12-ին Մայր Աթոռ են այցելում Կովկասի մահմեդականների հոգեւոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի ներկայացուցիչները եւ Ամենայն Հայոց կաթողիկոսին հանձնում իրենց կրոնապետի ուղերձը, որում ցավ եւ ափսոսանք է հայտնվում Սումգայիթի ողբերգության կապակցությամբ:

Ինտերնացիոնալ համարվող Սումգայիթում սպանդ իրականացնելու եւ այլ մեղադրանքներով խորհրդային տարբեր քաղաքների դատարանների առաջ կանգնում են մոտ ինը տասնյակ հանցագործներ: Նրանցից միայն մեկի նկատմամբ է սահմանվում առավելագույն պատժաչափ: Խորհրդային արդարադատությունն ամեն ինչ անում էր, որպեսզի դատավարությունների ընթացքում չկարեւորվի եւ չշոշափվի ոճրագործությունների ազգային երանգը: Այդ նպատակին էր ծառայում նաեւ ջարդարարներից մի քանիսի ոչ ադրբեջանցի լինելու պնդումը:

Տարիներ անց Ադրբեջանի քարոզչությունը հնարեց Սումգայիթը ինչ-որ կերպ մեղմելու պատմություն: Իբր մինչեւ ջարդերը՝ 1988-ի փետրվարի 22-ին, Կապանի եւ Մեղրիի շրջաններից հարյուրավոր ադրբեջանցիներ են դեպորտացվել, եւ հենց նրանք են հասել Սումգայիթ եւ վրեժ լուծել: Բայց այս մասին՝ այլ առիթով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել