Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՍՕՐ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՌԱՋՆՈՐԴՎՈՒՄ Է ՊՐԱԳՄԱՏԻԿ ԳՈՐԾԵԼԱՈՃՈՎ

Փետրվար 28,2009 00:00

\"\"Վստահ է քաղաքագետ Սուրեն Զոլյանը

– Պարոն Զոլյան, մեր զրույցի առաջին հատվածում խոսեցինք անցած մեկ տարվա ընթացքում ձեւավորված ներքաղաքական իրավիճակի մասին: Այժմ անդրադառնանք արտաքին քաղաքական մարտահրավերներին: Ինչպե՞ս եք գնահատում մեր երկրի վերջին մեկ տարվա արտաքին քաղաքականության ընթացքը:

– Արտաքին քաղաքական հարթությունում որպես ձեռքբերում կարելի է նշել այն, որ անցած տարվա ընթացքում հնարավոր եղավ Ադրբեջանը վերադարձնել բանակցությունների դաշտ: Մինչ այդ կային շանտաժի հասնող հայտարարություններ այն մասին, որ Ադրբեջանը չի վստահում միջնորդներին, որ բանակցային գործընթացը սպառվել է, եւ Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում դիմել ռազմական գործողությունների: Այդ երկրի կողմից անգամ պաշտոնական հարցումներ արվեցին միջազգային ատյաններ, թե ո՞ր դեպքում Ադրբեջանն իրավունք ունի պատասխանել Հայաստանի «ագրեսիային», քանի որ միջազգային հանրությունն անտարբեր է Ադրբեջանի կրած տարածքային կորուստների հանդեպ: Այսինքն՝ դա մեծ նվաճում է, քանի որ այս պահին ինչքան էլ համեստ լինեն կոնկրետ արդյունքները, այն փաստը, որ Ադրբեջանը ստիպված է հրաժարվել ռազմատենչ հայտարարություններից եւ հայտնել իր պատրաստակամությունը խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու մասին, արդեն ձեռքբերում է արտաքին քաղաքականության մեջ: Այդ համատեքստում են թե Մայնդորֆյան համաձայնագիրը, թե Դավոսյան հայտարարությունները: Ընդ որում, հարկ է արձանագրել, որ դա տեղի ունեցավ ոչ միայն մեր իշխանությունների աշխատանքի, այլեւ մի շարք այլ՝ առավելապես տնտեսաքաղաքական գործոնների շնորհիվ՝ համաշխարհային ֆինանսական ճգնաժամ եւ այլն: Ես կասեի՝ առավելապես տնտեսաքաղաքական գործոնների շնորհիվ հնարավոր եղավ Ադրբեջանը վերադարձնել բանակցությունների դաշտ:

– Վերջին ամիսներին տնտեսական գործոնի որոշիչ քաղաքական ազդեցությունն ունեցավ նաեւ այլ դրսեւորումներ: Օրինակ՝ ՌԴ-ի տրամադրած $500 միլիոն վարկը, որի վերաբերյալ հնչեցին ամենատարբեր մեկնաբանություններ: Ըստ Ձեզ՝ ինչի՞ դիմաց տրվեց այդ վարկը:

– Ես կարծում եմ, որ այսօր երկրներն առաջնորդվում են՝ «եթե հարեւանիդ տանը հրդեհ է, ապա օգնիր այն մարել, որ չտեղափոխվի քո տուն» սկզբունքով: Տեսեք, այսօր ՌԴ-ի եւ Ուկրաինայի հարաբերությունները շատ վատ են, սակայն ՌԴ-ն շատ լավ գիտակցում է, որ եթե այնտեղ վիճակը վատանա, դա անպայման կանդրադառնա Ռուսաստանի վրա:

– Սակայն մի՞թե Հայաստանի վիճակի վատացումը որեւէ կերպ կարող է անդրադառնալ Ռուսաստանի վրա:

– Այստեղ կա նաեւ այլ հանգամանք. Ռուսաստանն այսօր ունի դաշնակիցների կարիք, իսկ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, եւ այդ գործոնը եւս շատ կարեւոր է: Այսօրվա Ռուսաստանը նախկին ելցինյան Ռուսաստանը չէ, երբ կարող էին Հայաստանին տալ, ասենք, 8 միլիարդի զենք եւ դրա հետ միասին ընդունել մեզ համար տնտեսապես շատ անբարենպաստ մի որոշում: Այսօր Ռուսաստանն առաջնորդվում է պրագմատիկ գործելաոճով: Եվ այն բոլոր խոսակցությունները, թե Ռուսաստանին ձեռնտու է, որ Հայաստանում լինի թույլ իշխանություն, իրական չեն:

– Ինչո՞ւ, չէ որ թույլ՝ նշանակում է նաեւ կանխատեսելի:

– Առհասարակ, կանխատեսելի իշխանություն ունենալը մեծ ձեռքբերում է: Ժողովրդավարական իշխանությունները կանխատեսելի են, այդ ավտորիտար իշխանություններն են անկանխատեսելի: Ուստի, Ռուսաստանի համար ձեռնտու է Հայաստանում ունենալ ուժեղ եւ կանխատեսելի իշխանություններ: Եվ եթե նախկինում առկա էր մեր երկու երկրների համագործակցությունը դեպի առավելապես տնտեսական դաշտ տեղափոխելու միտումը, ապա այսօր, ելնելով որոշակի աշխարհաքաղաքական իրողություններից, կարելի է հստակ ասել, որ մեր երկու երկրները իրապես ռազմավարական դաշնակիցներ են:

– Բայց մենք այն ժամանակ էլ էինք կարծես Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը, երբ «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագրով $100 մլն պարտքի դիմաց Ռուսաստանը վերցրեց մեր կարեւորագույն արտադրական հզորությունները, այն դեպքում, երբ, ասենք, հարավամերիկյան կամ աֆրիկյան երկրներին ներեց մի քանի միլիարդի հասնող պարտքերը:

– Գիտեք, պետք է նկատենք, որ այդ հզորությունները մենք չէինք կարողանում աշխատեցնել: Ես այդ գործարքն այդպես միանշանակ բացասական չէի գնահատի:

– Բայց չէ՞ որ այդ հզորությունների մեծ մասն այսօր էլ չի աշխատում: Տարբերությունն այն է, որ դրանք այլեւս ռուսական չաշխատող հզորություններ են:

– Այո… Որդեգրվեց մի քաղաքական կուրս, որի արդյունքում մենք մեր կարեւորագույն հզորությունները հանձնեցինք այլ պետությունների:

– Ո՞ւմ կողմից որդեգրվեց այդ կուրսը:

– ՀՀ իշխանությունների՝ սկսած 1990-ականներից:

– Մի՞թե Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք ռուսներին որեւէ հզորություն է հանձնվել:

– Լեւոն Տեր-Պետրոսյանը ռուսներին հանձնել է ամենաթանկ բանը՝ մեր տարածքները, դրանք տրամադրելով ռուսական սահմանապահ ուժերին, ընդ որում՝ այդ զորքերը պահելով մեր բյուջեի հաշվին:

– Ինչը եւ դարձավ հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների հիմքը: Այն ռազմավարական հարաբերությունների, որոնց մասին այդքան շատ են սիրում խոսել մեր իշխանավորները: Եվ ինչի շնորհիվ նաեւ այսօր Հայաստանին տրամադրվում է $500 մլնի վարկ: Համենայնդեպս՝ այդպիսին է իշխանական մեկնաբանությունը: Ո՞րն է Ձեր կարծիքը, ի վերջո, Հայաստանը ոչինչ չի՞ զիջել այդ վարկի դիմաց:

– Այդ վարկի պայմանների մասին առայժմ բավարար տեղեկատվություն չկա, ուստի՝ ես չեմ կարող հստակ որեւէ բան ասել:

– Պարոն Զոլյան, ինչպե՞ս եք գնահատում վերջին մեկ տարվա ընթացքում Թուրքիայի ակտիվացման փորձերը՝ ինչպես տարածաշրջանում սեփական ազդեցության մեծացման, այնպես էլ ղարաբաղյան հարցում միջնորդի դեր ստանձնելու ուղղությամբ:

– Ես տեղեկություններ չունեմ, որ Թուրքիան այսօր ներգրավված է ղարաբաղյան բանակցային գործընթացում: Անշուշտ, փորձեր միշտ էլ արվել են, սակայն՝ ոչ բացահայտ կերպով: Թուրքիան միշտ էլ պաշտոնապես հայտարարել է, որ ինքը չի միջամտելու բանակցային գործընթացին: Հաշվի առնելով Ադրբեջանի հետ այդ երկրի հարաբերությունները՝ ակնհայտ է, որ Թուրքիան միշտ էլ ձգտելու է հանդես գալ միջնորդի կարգավիճակով: Այլ բան, որ եթե մինչ այդ Թուրքիան, լինելով Ադրբեջանի մերձավորագույն դաշնակիցը, պահանջում էր վերականգնել արդարությունը՝ դա հասկանալով ադրբեջանական ձեւով, ապա այսօր այն, կարծես թե, փորձում է դաշնակցի դերից դուրս գալ եւ ստանձնել միջնորդ ու չեզոք դերակատարություն: Եվ այս առումով պատահական չէր, որ Դավոսում Թուրքիայի պատվիրակը չպաշտպանեց իր ադրբեջանցի գործընկերոջը, նույնը՝ Ստրասբուրգի քննարկման ժամանակ եւ այլն: Այսինքն, Թուրքիայի կողմից այսօր, կարելի է ասել, կան որոշակի ազդանշաններ՝ Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ: Սակայն ես չեմ կարծում, որ դա կարող է լուրջ կառուցվածքային փոփոխությունների հանգեցնել: Ես այդ ամենը ավելի շուտ կապում եմ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների հետ, որտեղ այսօր կան բավականին լուրջ սրացումներ՝ կապված եւ իրաքյան, եւ քրդական, եւ իսրայելյան, եւ, ինչու չէ՝ նաեւ հայկական գործոնների հետ: Ընդ որում, հայկական գործոնն այս անգամ ավելի լրջանում է այն փաստով, որ այսօրվա ԱՄՆ նախագահը եւ պետքարտուղարը բազմիցս իրենց հաստատակամությունն են հայտնել՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը եւ իրենց ողջ գործունեության ընթացքում պաշտպանել են Հայ դատին վերաբերող բանաձեւերը: Սակայն ես կարծում եմ, որ այս պահի դրությամբ ԱՄՆ-ը դժվար թե գնա Թուրքիայի հետ հարաբերությունների սրման: Այսօր Միացյալ Նահանգներին պետք է մի պատրվակ, որպեսզի այդ երկրի նախագահը եւ պետքարտուղարը կարողանան խուսափել Ցեղասպանության ճանաչումից: Իսկ լավագույն պատրվակը կարող է լինել այն պատճառաբանությունը, թե՝ Հայաստանն ու Թուրքիան այսօր բարելավում են իրենց հարաբերությունները, եւ այդ գործընթացին չխանգարելու համար միգուցե պետք է հետաձգել Ցեղասպանության ճանաչման հարցը:

– Այդ պարագայում ինչպիսի՞ն պետք է լինի մեր պետության կեցվածքը:

– Ամեն դեպքում՝ ես ճիշտ չեմ համարում մերժողական կեցվածքը: Հարկավոր է, օգտագործելով այս իրավիճակը, գոնե կարողանալ հասնել նրան, որ Ղարաբաղի հարցում Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը չհամընկնեն: Այսինքն, եթե մենք ունենք Ցեղասպանության ճանաչման եւ շրջափակման խնդիր, պետք է հասկանանք, որ այդ հարցերն այս պահի դրությամբ լուծելի չեն: Բայց գոնե Ղարաբաղի հարցում մենք կարող ենք օգտագործել այս իրավիճակը եւ ուժեղացնել մեր դիրքերը բանակցային գործընթացում:

– Պարոն Զոլյան, ժամանակ առ ժամանակ ակտիվանում են ղարաբաղյան հակամարտության մոտալուտ կարգավորման մասին խոսակցությունները: Ըստ Ձեզ, որքանո՞վ է նման հեռանկարն իրատեսական:

– Ղարաբաղյան հակամարտության մոտալուտ կարգավորման մասին խոսողները կամ իրենք են ապուշ, կամ փորձում են ապուշի տեղ դնել հանրությանը: Դա տասնամյակների խնդիր է: Եվ այսօր որեւէ փաստաթղթի ստորագրմանը մենք ոչ թե մոտ չենք, այլեւ շատ հեռու ենք: Մեր միակ ճանապարհը բանակցություններն են, ՀՀ եւ ԼՂՀ համաչափ ու բնականոն զարգացումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել