Լրահոս
Օրվա լրահոսը

Չեմպիոնները որոշվե ցին

Փետրվար 28,2009 00:00

Սակայն դեռ քչերն են ի վիճակի Հայաստանն արժանավայել ներկայացնել միջազգային ասպարեզներում:

Երեկ մայրաքաղաքի «Դինամո» մարզական ընկերության դահլիճում ավարտվեց սիրողական բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը: Եզրափակիչ մենամարտերի արդյունքում ըստ քաշային կարգերի հանրապետության 2009 թվականի չեմպիոնի կոչումը նվաճեցին. 48 կգ քաշային կարգ՝ Ազատ Խաչատրյան, 51 կգ՝ Կարեն Այլազյան, 54 կգ՝ Ալեքսան Շախյան, 57 կգ՝ Արամ Ավագյան, 60 կգ՝ Հրայր Մաթեւոսյան, 64 կգ՝ Վլադիմիր Մարգարյան, 69 կգ՝ Հայկ Խաչատրյան, 75 կգ՝ Ռազմիկ Մկրտչյան, 81 կգ՝ Կարո Մարգարյան, 91 կգ՝ Ազատ Դավթյան, +91 կգ՝ Հովհաննես Օհանյան:

Ասել, թե բոլոր եզրափակիչներում չեմպիոնության համար պայքարում էին հավասարազոր բռնցքամարտիկներ, ճիշտ չի լինի: Որոշ դեպքերում, ինչպես ասենք՝ գերծանր քաշային կարգում, մենամարտն ավարտվեց դեռ առաջին ռաունդում, երբ Կարեն Ալեքսանյանի մարտավկան ճիշտ ժամանակին սրբիչը ռինգ նետեց: Կամ՝ 75 կգ քաշայինների մենամարտը: Այստեղ հաղթեց Ախալքալաքից վերջերս Երեւան տեղափոխված եւ մարզաձեւով համեմատաբար ուշ լրջորեն զբաղվել սկսած Ռազմիկ Մկրտչյանը, որը ներկայացնում էր Երեւանի օլիմպիական հերթափոխի քոլեջը: Նա իր ֆիզիկական տվյալները դրսեւորեց լիովին: Ցույց տվեց նաեւ անկոտրում կամային որակներ: Բայց հանուն ճշմարտության պիտի արձանագրենք, որ նրա գործողություններում շատ բաներ բռնցքամարտի ընդունված պահանջներին դեռ չէին համապատասխանում: Այդուհանդերձ, տղան պայքարեց ու հաղթեց, ինչի համար նրան միայն պետք է շնորհավորել: Մեդալն ստանալուց հետո Ռազմիկը մեզ պատմեց, որ մի քանի տարի առաջ իր հայրենի Ախալքալաքում ինքը ութ կիլոգրամանոց կշռաքարը բարձրացրել է 4070 անգամ: Ճիշտ է, դա Գինեսի ռեկորդների գիրք չի մտել, սակայն գրանցվել է Հայաստանի «Դյուցազնագրքում»:

Հետեւելով բոլոր պայքարներին՝ ինչ-որ տեղ մտածում էինք նաեւ, թե նորընծա չեմպիոնները ինչպե՞ս մեր երկիրը կներկայացնեն դրսում: Արժանիորե՞ն, հաստատ՝ ոչ բոլորը:

Կազմակերպիչները մասնակիցների համար սահմանել էին նաեւ անհատական մրցանակներ: Առաջնության լավագույն մարզիկ ճանաչվեց Ալեքսան Շախյանը, որն արդեն երրորդ անգամ է արժանանում այդ պատվին (նախորդ երկուսը՝ հանրապետության պատանեկան առաջնություններում): Լրագրողների հետ զրույցի ժամանակ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լյովա Հովհաննիսյանը մարզիկի հասցեին դրվատանքի խոսքեր ասելով՝ հույս հայտնեց, որ նա նույն կոչմանը կարժանանա արդեն նաեւ միջազգային ռինգերում: Կամային լավագույն որակներ դրսեւորելու համար սահմանված հատուկ դիպլոմը շնորհվեց Ազատ Խաչատրյանին: Պարոն Հովհաննիսյանն ընդհանուր առմամբ գոհ էր առաջնության մասնակիցների ցուցադրած մարտավարման մակարդակից: Սակայն հատուկ ընդգծեց նաեւ, որ սկսած 75 կիլոգրամից եւ ավելի բարձր քաշային կարգերում ինքը լուրջ խնդիրներ է տեսնում: Նրա խոսքերից ենթադրելի էր, որ եթե ծանր քաշերում դա գլխավորապես պայմանավորված է համապատասխան կադրերի բացակայությամբ, ապա միջին քաշային կարգերում, որտեղ ժամանակին եւ արդեն հիմա էլ ունենք միջազգային չափանիշներին համապատասխանող բռնցքամարտիկներ, թերությունը մարզիչներինն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել