Լրահոս
Օրվա լրահոսը

«Կաշառք եմ տվել»

Մարտ 05,2009 00:00

Քաղաքացին այդպես էլ չի հասկացել, թե ինչու է ԴԱՀԿ-ն նրանից գումար բռնագանձել

«2009թ. փետրվարի 25-ին, ժամը 11-ին Կարեն Հեքիմյանը ԴԱՀԿ աշխատակից Մանուչարյանի պահանջով ԴԱՀԿ-ին է վճարելու չհիմնավորված 16500 դրամ, որը Կ. Հեքիմյանը որակում է որպես կաշառք՝ իշխանությունների կողմից կազմակերպված ռեկետի արտահայտություն». օրերս նման հայտարարություն էր տարածել Կարեն Հեքիմյանը, համանման մի դիմում էլ հղել է Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին: Թե ի՞նչ նախապատմություն եւ ի՞նչ վերջաբան ունեցավ այս հայտարարությունը՝ ներկայացնենք հերթով: 2007թ. նոյեմբերին Կարեն Հեքիմյանին է զանգում ԴԱՀԿ աշխատակից Արթուր Մկրտչյանն ու ասում, որ Կարենը պետությանը պարտք է 40 հազար դրամ, նաեւ 5000՝ ԴԱՀԿ ծախսեր, եւ 1500 դրամ պետտուրք: Կարենը լուրջ չի վերաբերվում: «Ավելի ուշ, երբ մեկնում էի Իտալիա ու Շենգավիթի ոստիկանությունից պետք է ելքի արտոնագիր ստանայի, ասացին, որ հետախուզման մեջ եմ ԴԱՀԿ-ի կողմից»,- պատմում է նա: Ի հեճուկս բոլոր ջանքերի, Կարեն Հեքիմյանն այդպես էլ չի պարզում, թե ինչո՞ւ է ինքը հայրենի պետությանը պարտք 40 հազար դրամ: Բայց քանի որ ժամանակը սուղ էր, նա որոշում է վճարել պահանջվող ամբողջական գումարը՝ 46. 500 դրամը, ազատվել բոլոր գլխացավանքներից ու հանգիստ մեկնել Իտալիա: Ավելի ուշ նա դիմում է Մարդու իրավունքների պաշտպանին: Մեկ տարի տեւած անպտուղ նամակագրությունից հետո գործը կարճվում է:

Երկու տարի անց, այս տարվա փետրվարի 12-ին, մեր հերոսին է զանգում ԴԱՀԿ մեկ այլ աշխատակից՝ ոմն Մանուչարյան, եւ ավետում, որ այս անգամ էլ Կարենը պետությանը պարտք է ընդհանուր առմամբ 16. 500 դրամ: «Շատ զարմանալի էր, որ այդ Մանուչարյանն ինձ սկզբում առաջարկեց հանդիպել «Երեւան» կինոթատրոնի, ապա մետրոյի՝ «Երիտասարդական» կամ «Բարեկամություն» կանգառներում, բայց ոչ ԴԱՀԿ-ում»,- պատմում է մեր զրուցակիցը: Մանուչարյանի զանգից անմիջապես հետո Կարեն Հեքիմյանը կրկին դիմում է Մարդու իրավունքների պաշտպանին, ապա, այնուամենայնիվ, «Երեւան» կինոթատրոնի շրջակայքում հանդիպում է Մանուչարյանի հետ. «Նա ինձ ցույց տվեց մի թղթապանակ: Այդ փաստաթղթերից եւս ես չկարողացա հասկանալ, թե ինչո՞ւ է վարույթ հարուցվել եւ ինչո՞ւ եմ ես պետությանը պարտք 10 հազար դրամ՝ երեք տարի շարունակ: Դատարանի տրամադրած կատարողական թերթիկի վրա գրված էր՝ «Բռնագանձել Կարեն Հեքիմյանից 10 հազար դրամ՝ պետբյուջեի գումար, 1500՝ պետտուրք եւ 5000՝ ԴԱՀԿ ծախսեր»: Պարտապան Կարեն Հեքիմյանի ոչ հայրանունն էր նշված, ոչ անձնագրի եւ ոչ էլ սոցիալական քարտի համարը: Արդյոք դա ե՞ս եմ»: Այս հարցը պարզաբանելու համար էլ Կարեն Հեքիմյանը հրաժարվում է գումարը վճարել: Որոշ ժամանակ անց, Մանուչարյանի հետ այս անգամ էլ մետրոյի «Բարեկամություն» կանգառի շրջակայքում հանդիպման ժամանակ, վերջինս սպառնում է, թե կզանգի իր «շեֆին», նա «համաձայնությունը հաստատ կտա», եւ «մինչեւ մարտի 1-ը կալանք կդնենք տանդ վրա, կվաճառենք, մեր գումարը կվերցնենք»: Եվ քանի որ «այս երկրում ամեն ինչ հնարավոր է», Կարեն Հեքիմյանը որոշում է վճարել գումարը՝ գույքից չզրկվելու համար: Բայց՝ «Չվստահելով որեւէ պետական մարմնի, նորից դիմեցի Մարդու իրավունքների պաշտպանին, չնայած նրան էլ չեմ վստահում»: Կ. Հեքիմյանը նշված օրը, նշված ժամին ներկայանում է ԴԱՀԿ՝ տեղում էլ պարզում է, որ Մանուչարյանն իսկապես ԴԱՀԿ աշխատակից է, գումարը վճարում է, գործը կարճում են, սակայն պատկան որեւէ մարմնից որեւէ մեկը չի ներկայանում «դեպքի վայր»:

«Կաշառք տալու» հաջորդ օրը, փետրվարի 26-ին, Կարենին է զանգում ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ Սամվել Տոնոյանը: Հանդիպման ժամանակ քննիչը պարզաբանում է, որ գործում «հանցակազմ չեն տեսնում», բայց մարդու իրավունքների խախտման ակնհայտ փաստեր կան, որոնք չեն վիճարկում՝ նկատի ունենալով, որ գործընթացներին Կ. Հեքիմյանը պատշաճ կերպով չի ծանուցվել:

Երախտապարտ կլինենք ԴԱՀԿ-ին, եթե այդ մարմինը գոնե մեր թերթի միջոցով տեղեկացնի Կ.Հեքիմյանին, թե ինչու է նրանից երկու անգամ գումար բռնագանձել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել