Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲԵԹՀՈՎԵՆԸ» ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է

Մարտ 31,2009 00:00

Լեգենդար «Այաս» ռոք խմբի ղեկավար Արթուր Միտինյանը աշխատում է նոր՝ «Տիգրան Մեծ» ռոք-օպերայի վրա

\"\"
Արթուր Միտինյանը աջակցություն է ակնկալում
վարչապետ Տ. Սարգսյանից:

1960-ականների կեսերից Հայաստանում գործում էին մեծաթիվ ռոք խմբեր եւ կատարողներ, այդ թվում՝ Արթուր Մեսչյանի «Առաքյալները», «Կալեյդոսկոպ», «1+2» եւ այլն: Չնայած հետագա պետական ճնշումներին եւ միջամտություններին (օրինակ՝ Ստաս Նամինի խումբը 1980-ին արտաքսվեց Հայաստանից), 1980-ականներին հայտնվեցին նոր սերնդի խմբեր՝ «Ասպարեզը» եւ Արթուր Միտինյանի լեգենդար «Այասը»: 1990-ականներին Ա. Միտինյանը, տեղափոխվելով Մոսկվա, այնտեղ «հավաքագրեց» «Այասի» նոր կազմը: Նշենք, որ ռոք երաժիշտն ավարտել է Երեւանի պետկոնսերվատորիան՝ Էդ. Հովհաննիսյանի եւ Էդ. Բաղդասարյանի դասարանները, այնուհետեւ ուսումը շարունակել Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրայում՝ Կարեն Խաչատրյանի ղեկավարությամբ: Ա. Միտինյանը ՌԴ կոմպոզիտորների միության անդամ է, իսկ նրա ստեղծագործական դիապազոնը ընդգրկում է դաշնամուրային սոնատներից մինչեւ երաժշտություն ներկայացումների համար, կվարտետ, կվինտետ, սիմֆոնիա եւ ավարտվում ռոք բալետով ու օպերայով:

2006 թ. մոսկվաբնակ հայ կոմպոզիտորի անունը լայն տարածում գտավ Եվրոպայում: Պատճառը Սամարայի օպերայի եւ բալետի թատրոնում Ա. Միտինյանի «Beatles forever» ռոք բալետն էր: Այս օրերին Ա. Միտինյանը Երեւանում է: «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ նա պատմեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ՝ հունվարի 18-ը նշվում է «Բիթլզ» քառյակի օր եւ ՌԴ մշակույթի նախարարությունը պատվիրել էր մի կոմպոզիտորի գրել օրիգինալ ստեղծագործություն՝ նվիրված քառյակին: Ինչ-ինչ պատճառներով կոմպոզիտորը ձախողել էր գործը, նախարարությունն էլ, տեղեկացված լինելով հայ կոմպոզիտորի մասին, առաջարկել էր նրան սեղմ ժամկետում գրել ռոք բալետ: Ա. Միտինյանը հուսով է, որ այս բալետը կբեմադրվի նաեւ Երեւանում: Նա տեղեկացրեց նաեւ, որ հիշյալ բալետի առիթով բանակցություններ է ընթացել իր եւ Մեծ թատրոնի ճանաչված բալետմայստեր Եվգենի Մայորովի միջեւ, որը հայտնի է 1974թ. նույն թատրոնում բեմադրված Կ. Խաչատրյանի «Չիպոլինո» բալետային ներկայացմամբ: Նշենք, որ վերջինս այսօր էլ Մեծ թատրոնի խաղացանկում է: Դիտարկմանը, թե դատելով կոմպոզիտորի զուտ ստեղծագործությունների ցանկից, ռոքը ոչ մի կերպ չի տեղավորվում դրանում, մեր զրուցակիցն ասաց. «Այո, ես սենտիմենտալ եմ եւ ռոմանտիկ, ու գտնում եմ, որ իսկական ռոքերը այդպիսին պետք է լինի: Ես կարող եմ ցույց տալ ռոքի «տարրեր» Բախի, Մալերի եւ այլոց ստեղծագործություններում: Օրինակ, իմ «Տիգրան Մեծ» ռոք- օպերան հիմնված է իմ կողմից մշակված տետրախորդների տեսության վրա՝ գյուտ, որն արել է մեծն Կոմիտասը: Ինչ վերաբերում է զուտ ռոքին, ապրիլ ամսին «Այասը» կներկայանա հայ հանդիսատեսին ոչ միայն մենահամերգով, այլ նաեւ «Ցուլի հոգի» CD-ով, որում ընդգրկված բոլոր երկերը արիական թեմաներով են»:

Ա. Միտինյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչո՞ւ են ռուսաստանյան ԶԼՄ-ներն իրեն համեմատում Բեթհովենի հետ, մեր զրուցակիցը նախ հայտնեց, որ այդ առիթով անընդհատ ասում է՝ մի վիրավորեք հանճարեղ գերմանացուն, հետո էլ ավելացրեց. «Նույնիսկ մասնակցել եմ ֆոտոսեսիաների, հետո էլ՝ մի քանի նմանություններ կան, օրինակ, Բեթհովենն էլ է իր առաջին ստեղծագործությունը՝ 6 սոնատները գրել 11 տարեկանում, երեք հորոսկոպներով մենք համընկնում ենք: Ես էլ ունեմ լսողական խնդիրներ, նա էլ եւ այլն»: Դիտարկմանը, թե ՀՀ վարչապետը ռոքի երկրպագու է, հետեւաբար կարելի է նրան դիմել ռոք բալետի եւ օպերայի երեւանյան բեմադրություններին աջակցելու խնդրանքով, Ա. Միտինյանն ասաց. «Գիտեմ, որ Տիգրան Սարգսյանը ռոքի սիրահար է, բայց իմ աշխատաոճի մեջ չի մտնում դրամ խնդրելը,- հետո էլ կեսկատակ-կեսլուրջ ավելացրեց,- իսկ եթե Տիգրանը աջակցի, ապա կդառնա գրեթե Տիգրան Մեծ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել