Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՎ ԱՇԽԱՏԻ՝ ՆԱ ԿՈՒՏԻ

Ապրիլ 30,2009 00:00

\"\"Վիլնյուսում ավարտված Եվրոպայի առաջնությունից հետո Հայաստանի ազատ եւ հունահռոմեական ոճի ազգային հավաքականների համար հաջորդ կարեւորագույն մեկնարկը սեպտեմբերին Դանիայում կայանալիք աշխարհի առաջնությունն է:

Ինչպե՞ս են մեր առաջատար ըմբիշները նախապատրաստվում, առաջիկա չորս ամիսներին ֆեդերացիան եւ հավաքականների մարզիչներն ի՞նչ ծրագրեր ունեն կազմած: Այս խնդիրների շուրջ խոսեցինք ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանի հետ:

– Պարոն Ենոքյան, Վիլնյուսի մրցագորգը հաջողակ էր մեր երկու ոճերի համար: Նախորդ տարիների համեմատությամբ առաջընթաց արձանագրվե՞լ է:

– Եթե նկատի ունեք մեդալները՝ այո: Բայց ասեմ, որ մեր հավաքականների տղաները պատահական մարդիկ չեն եւ միշտ էլ աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում մեդալի ռեալ հավակնորդների մեջ են եղել: Մասնավորապես, 2008 թվականին, որն օլիմպիական տարի էր եւ այդ իմաստով համեմատաբար ավելի դժվար, մեր ազատ ոճայիններն ընդհանուր առմամբ վատ հանդես չեկան: Միհրան Ջաբուրյանը եւ Ժիրայր Հովհաննիսյանը իրենց խելքի պատճառով մեդալները թողեցին Ֆինլանդիայում: Երրորդ տեղի համար պայքարում, երբ, կարելի է ասել, մեդալները գրպանում էին, նրանք վերջին վայրկյաններին հաղթանակը ձեռքից բաց թողեցին, իսկ երկու հաղթանակ տարած Էդգար Ենոքյանի մրցակիցը երրորդ փուլում ռուսաստանցի օլիմպիական չեմպիոնն էր:

– Վիլնյուսից վերադառնալով՝ մեր հավաքականների ըմբիշներն ինչո՞վ են զբաղվում:

– Առաջին բանը, որ արեցին, «Կարմիր խաչում» մոտ 10 օր վերականգնվելն էր: Հիմա սկսվում է աշխարհի առաջնության նախապատրաստության փուլը: Երկու ոճերում էլ ամեն բան ծրագրված է այնպես, որպեսզի տղաները աշխարհի առաջնություն ներկայանան մարզավիճակի գագաթին գտնված վիճակում: Մասնավորապես, ազատ ոճայինները մայիսի կեսերին մեկնելու են Մախաչկալա, որտեղ շատ ուժեղ դպրոց ունեցող Դաղստանի հավաքականի հետ համատեղ ուսումնամարզական հավաք են անցկացնելու: Դրանից հետո հենց տեղում կմասնակցեն աշխարհի վեցակի չեմպիոն Ալի Ալիեւի մրցաշարին: Այնուհետեւ հավաքականը հունիսին հանդես կգա Թբիլիսիում կայանալիք մեկ այլ ներկայացուցչական մրցաշարում, որից հետո Ծաղկաձորում նախատեսված է ընդհանուր ֆիզպատրաստության հավաք: Ուզում ենք անել այնպես, որ դրան մասնակցեն Վրաստանի կամ Բելառուսի հավաքականները: Հաստատված է՝ Ծաղկաձորից հետո Ուկրաինայի հետ համատեղ մեկ հավաք էլ կազմակերպել Ալուշտայում, որին կհաջորդի մասնակցությունը օգոստոս ամսին Վարշավայում կայանալիք միջազգային մրցաշարին: Իսկ աշխարհի առաջնության նախապատրաստության վերջին երկու փուլերը կլինեն Հայաստանում:

– Հնարավո՞ր է հավաքականի կազմում փոփոխություններ լինեն:

– Դա ցույց կտա միայն նախապատրաստության ողջ ընթացքը:

– Ենոքյան եղբայրների քաշային կարգերում մրցումային մարզընկերոջ խնդիրը կրկին գոյություն ունի՞:

– Այո: Հավանաբար՝ կվարվենք այնպես, ինչպես Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվելիս: Կամ հայաստանյան հավաքներին նրանց համար համապատասխան մրցակիցներ կհրավիրենք, կամ նրանց կգործուղենք այլ երկրների հավաքականներ:

– Երիտասարդների մասին ի՞նչ կասեք:

– Նրանք երկու պատասխանատու մրցում ունեն. հունիսի վերջից հուլիսի սկիզբը՝ Եվրոպայի առաջնություն (Թբիլիսիում), եւ օգոստոսի 4-9-ը՝ աշխարհի առաջնություն (Անկարայում): Երիտասարդական հավաքականը նոր է վերադարձել Չերկեսի միջազգային մրցաշարից, որտեղ ունեցանք թե հաղթող՝ Օհան Գիքինյանը, թե մեդալակիրներ: Նրանք մայիսի 2-ից Երեւանում հավաք կանցկացնեն, որից հետո Անթալիայում հանդես կգան մեկ այլ միջազգային մրցաշարում: Վերադառնալուց հետո փուլերով կշարունակեն հավաքները մինչեւ Եվրոպայի առաջնություն: Եվ միայն դրանից հետո մարզիչները կորոշեն, թե ո՞ւմ են ընդգրկում աշխարհի առաջնություն մեկնող հավաքական:

– Հիմա եկեք խոսենք հունահռոմեական ոճի հավաքականների մասին:

– Քանի որ Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունները երկու ոճերում անցկացվում են անմիջապես միմյանց ետեւից, որպես կանոն՝ նախապատրաստության ծրագրերը նման են լինում: Լեւոն Ջուլֆալակյանի թիմը նույնպես նույն ժամանակահատվածներում ու վայրերում ուսումնամարզական հավաքներ եւ մրցաշարերի մասնակցություններ է նախատեսել: Ազատ ոճայինների պլաններից տարբերվում է, թերեւս, այն, որ նրանք Վարշավայի փոխարեն միջազգային մրցման կմասնակցեն Մարիուպոլում, որից հետո համատեղ հավաք կանցկացնեն Բելառուսում:

Մոտավորապես նույնն է նաեւ երիտասարդական հավաքականի պարագայում, որոնք վերջերս են վերադարձել Բաթումում անցկացված այդ տարիքային խմբի միջազգային մրցաշարից ու պատրաստվում են մեկնել Իրան՝ տեղի ըմբիշների հետ համատեղ ուսումնամարզական հավաքի: Դրանից հետո նրանք կվերադառնան Ծաղկաձոր, որտեղ պատասխան այցով նրանց կմիանան իրանցիները: Դրան կհաջորդի օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի միջազգային մրցաշարը Հայաստանում, որի արդյունքներով էլ կորոշվի Եվրոպայի, այնուհետեւ աշխարհի առաջնություն մեկնող հավաքականի վերջնական կազմը:

– Ֆեդերացիայի նորընտիր նախագահ Սամվել Կարապետյանը խոստացել է, որ մեր առաջատար ըմբիշները ոչ մի խնդիր չեն ունենալու:

– Եվ, պատկերացրեք՝ չունեն: Նախ առաջին անգամ բոլոր տարիքային խմբերում հանրապետության չեմպիոններն ու մրցանակակիրները եւ նրանց անձնական մարզիչները ամեն ամիս նոր կանոնակարգով հաստատված պարենային բավարարման չհարկվող դրամական փոխհատուցում են ստանում: Եվ դրանք բավականին լուրջ գումարներ են եւ, ըստ տարիքային խմբերի ու արդյունքների, տատանվում են 40-100 հազար դրամի սահմաններում: Սրան ավելացնենք արդեն Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում մեդալ նվաճածներին տրվող առանձին վճարումները, որոնք զգալիորեն բարձր են: Սակայն այստեղ կա մի կարեւոր հանգամանք, որի մասին անպայման կուզենայի նշել: Ֆեդերացիան այդ հսկայական գումարները հատկացնում է, որպեսզի մարզիչներն ու մարզիկները լավ աշխատեն, արդյունքներ ցույց տան: Կոնկրետ դեպքերում կարող են դրանք վերանայվել: Եթե սպասելիքներն արդարացվեն եւ անհրաժեշտ լինի՝ գործկոմը կարող է ավելացնել գումարը: Եվ հակառակը, ընդհուպ՝ մինչեւ փոխհատուցումից ընդհանրապես զրկելը: Այսինքն՝ արժանավորների համար խնայողություն չկա, իսկ ակնկալիքները չարդարացնողները կշարունակեն աշխատել ընդհանուր սկզբունքներով, ինչպես մյուսները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել