Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ Է

Մայիս 30,2009 00:00

\"\"Հատվածներ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից մայիսի 29-ի հանրահավաքում

Հայաստանի արտաքին քաղաքականության բնագավառում սպասվող գլխավոր զարգացումը հունիսի 7-ին Սանկտ Պետերբուրգում նախատեսված Սերժ Սարգսյան–Իլհամ Ալիեւ հերթական հանդիպումն է, որը, դատելով դիվանագիտական շրջանակներից արտահոսող տեղեկություններից, կարող է շրջադարձային լինել ղարաբաղյան կարգավորման գործընթացում։ Այս առումով ուշագրավ պետք է համարել մանավանդ Վլադիմիր Կազիմիրովի մայիսի 13-ի հայտարարությունը, ըստ որի՝ քանի որ ղարաբաղյան հակամարտության կողմերը պատրաստ չեն գալու փոխհամաձայնության, հասունացել է նրանց խաղաղություն պարտադրելու անհրաժեշտությունը։ Այսինքն՝ խոսքը վերաբերում է Դեյտոնյան տիպի մի կարգավորման, որը կիրառվեց բոսնիական հակամարտության պարագայում։ Կազիմիրովը պատահական մարդ չէ Ռուսաստանի կովկասյան քաղաքականության ասպարեզում. թեեւ հանգստյան կոչված, նա շարունակում է մնալ Ղարաբաղի հարցով ամենահեղինակավոր փորձագետն այդ երկրում։ Ուստի պատահական չի կարող լինել նաեւ այս պահին, սանկտ պետերբուրգյան հանդիպումից առաջ, նրա կողմից արված վերոհիշյալ հայտարարությունը։ Կասկած չկա, որ եթե Ռուսաստանը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները Ղարաբաղի հարցում ընդհանուր համաձայնության գան, ապա պարտադրված լուծման կամ Դեյտոնյան տարբերակի կիրառման հնարավորությունը միանգամայն իրական կարող է դառնալ։ Այդ դեպքում հայկական կողմն ստիպված է լինելու վճարել ժամանակին մեզ արված նպաստավոր առաջարկների անխոհեմ մերժման եւ բանակցային գործընթացից Ղարաբաղի դուրսմղման գինը։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ ղարաբաղյան կարգավորման հարցում սկզբունքային համաձայնության կայացմանը, ապա դա կարող է տեղի ունենալ հուլիս ամսին նախագահ Օբամայի՝ Մոսկվա կատարելիք այցի ժամանակ։ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նման գերտերությունների համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող խնդիրների շարքում Ղարաբաղն այն խնդիրը չէ, որի շուրջ նրանք չկարողանան համաձայնության գալ։ Հայաստանի վրա Ղարաբաղի հարցով ճնշումներն, այսպիսով, առաջիկայում ահագնանալու են, եւ ավելի եւս ընդգծվելու է դրանց դիմակայման համար անհրաժեշտ ազգային համախմբման հրամայականը։ Այդ համախմբման՝ կոնսոլիդացիայի բանալին, ինչպես նշել եմ նախորդ համաժողովրդական հանրահավաքում, գտնվում է Սերժ Սարգսյանի ձեռքում:

Արեւմտյան մեր գործընկերները մասնավոր զրույցներում վերջերս մեզ կշտամբում են, ասելով, թե մենք խանգարում ենք Սերժ Սարգսյանին՝ կարգավորելու Հայաստանի առջեւ կանգնած կենսական ազգային խնդիրները՝ հայ–թուրքական հարաբերությունները եւ ղարաբաղյան հակամարտությունը։ Նրանք չեն զլանում նաեւ մեզ հիշեցնել, որ մենք միշտ կողմ ենք արտահայտվել այդ խնդիրների շուտափույթ լուծմանը, իսկ այժմ, կարծես թե, դեմ ենք գնում մեր սեփական սկզբունքներին։ Այո, մենք միշտ կողմ ենք եղել հայ–թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, համոզված լինելով, որ առանց դրա Հայաստանը տնտեսապես զարգանալու, միջազգային մեկուսացումը հաղթահարելու եւ նորմալ, բարգավաճ, ապահով պետություն դառնալու հնարավորություն չունի։ Բայց մենք երբեւէ մտադիր չենք եղել այդ խնդիրները լուծել ամեն գնով, այն է՝ Ցեղասպանության ուրացման եւ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի անտեսման գնով։ Հետեւաբար, ինչպիսի ճնշումներ էլ բանեցվեն մեզ վրա, մենք թույլ չենք տալու հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը եւ չենք համաձայնելու որեւէ լուծման, որում ոտնահարված կլինի Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը։ Մենք բազմիցս հայտարարել եւ այսօր էլ հայտարարում ենք, որ ինչպես հայ–թուրքական հարաբերությունների, այնպես էլ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, չնայած ներքաղաքական լուրջ հակասություններին, չնայած մեր դեմ կիրառվող դաժան բռնություններին, մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանի իշխանությունների ձեռնարկած բոլոր այն քայլերը, որոնք չեն հակասում հայ ժողովրդի ազգային շահերին։

Արեւմտյան դիվանագետների կշտամբանքները, թերեւս, որոշ արդարացում կունենային, եթե նրանք, այդքան շահագրգռություն ցուցաբերելով հայ–թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերում, չմոռանային հիշել նաեւ Հայաստանի առջեւ կանգնած ամենակենսական խնդիրը՝ սահմանադրական կարգի վերականգնումը եւ ժողովրդավարության հաստատումը, չհանդուրժեին մեր երկրում տիրող բռնությունները, քաղբանտարկյալների առկայությունը, մարդու իրավունքների ոտնահարման աղաղակող վիճակը։ Այդպես վարվելով՝ այդ դիվանագետները մոռացության են տալիս իրենց իսկ պատմությունը՝ ժողովրդավարության եւ ազատության համար Եվրոպայում տեղի ունեցած տասնյակ հեղափոխություններն ու հսկայական մարդկային զոհողությունները։ Մոռացության են տալիս, վերջապես, հանուն ստրկատիրության վերացման, Ամերիկայի Միացյալ Նահանգներում տարիներ շարունակ մղված արյունահեղ քաղաքացիական պատերազմը, որն ինձ համար այդ երկրի պատմության ամենալուսավոր էջն է։

Չկա ավելի կենսական ազգային խնդիր, քան ժողովրդի ազատությունը եւ սեփական երկրում ապահով ու արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքը։ Հետեւաբար, ապացուցելու համար, որ հիրավի անշահախնդիր կերպով հակված է նպաստելու հայ–թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արեւմուտքը նախ եւ առաջ պետք է ապացուցի, որ անկեղծորեն շահագրգռված է Հայաստանում լիակատար ժողովրդավարության հաստատմամբ՝ չհաշտվելով ընտրությունների կեղծման, մարդու իրավունքների ոտնահարման, քաղբանտարկյալների առկայության, համատարած կոռուպցիայի եւ նմանատիպ այլ բազմաթիվ արատավոր երեւույթների հետ։ Այլապես տպավորություն կարող է ստեղծվել, որ հայթուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ցուցաբերած անսքող ջանասիրությամբ Արեւմուտքը ոչ թե ցանկանում է օգնած լինել հայ ժողովրդին, ինչպես փորձում է դա ներկայացնել, այլ սպասարկել սեփական շահերը  կամ առնվազն ազատվել այդ խնդիրների պատճառած գլխացավանքից։

Զարմանալիորեն Թուրքիայի եւ Ղարաբաղի հարցերում Սփյուռքի ազգային կառույցների օրակարգը համընկնում է Արեւմտյան կառավարությունների օրակարգին, միայն այն տարբերությամբ, որ եթե վերջիններս այդ հարցերում Հայաստանից զիջումներ են պահանջում, Սփյուռքը պահանջում է հակառակը, այն է՝ չկատարել որեւէ զիջում։ Զարմանալիորեն նույնն է նաեւ Արեւմուտքի եւ Սփյուռքի վերաբերմունքը կամ ավելի ճիշտ՝ վերաբերմունքի բացակայությունը ժողովրդավարության բնագավառում Հայաստանում տիրող վիճակի նկատմամբ։ Արեւմուտքի պես, Սփյուռքին եւս կարծես թե ամենեւին չեն հետաքրքրում սեփական ժողովրդի դեմ Հայաստանի իշխանությունների կիրառած բռնությունները, ընտրությունների կեղծումը, քաղբանտարկյալների առկայությունը եւ երկրի թալանը, միայն թե վարչախումբը բավարարի վերը նշված իր երկու ակնկալիքները։ Արեւմուտքն օտար է, նա կարող է այդպես վարվել։ Բայց երբ նույնը կատարում է Սփյուռքը, դա արդեն ողբալի է։

Այս առումով հատկանշական է մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո սփյուռքահայ մի շարք կազմակերպությունների՝ Ամերիկայի հայկական համագումարի, Հայ բարեգործական ընդհանուր միության, Հայ ազգային կոմիտեի (Դաշնակցության), Հայոց եկեղեցու ամերիկյան թեմերի համատեղ հայտարարությունը, որը կուրորեն հավատալով իրադարձությունների պաշտոնական վարկածին՝ դատապարտում էր ընդդիմության գործողությունները եւ անվերապահ աջակցություն հայտնում սեփական ժողովրդի արյունը հեղած Հայաստանի ոչ-լեգիտիմ, «նորընտիր» իշխանություններին։ Այս խայտառակ փաստաթուղթը հիշեցնում է նույնքան խայտառակ մի այլ հայտարարություն, որով 1988թ. աշնանը հանդես էին եկել սփյուռքահայ կուսակցությունները՝ ի դատապարտումն Ղարաբաղ կոմիտեի գործողությունների եւ ի պաշտպանություն Համազգային շարժման դեմ պայքարող Հայաստանի կոմունիստական իշխանությունների։

Սփյուռքը Հայաստանի ղեկավարներին գնահատում է մեկ չափանիշով. եթե նա հետապնդում է Ցեղասպանության ճանաչման հարցը, հայհոյում է թուրքերին ու հոխորտում նրանց դեմ, ուրեմն նա ազգային հերոս է, իսկ եթե ոչ՝ ազգի դավաճան, փույթ չէ, թե այդ հայհոյանքներն ու հոխորտանքը ինչ հետեւանքներ կունենան երկրի ու նրա ժողովրդի ճակատագրի վրա։ Սփյուռքի միեւնույն ազգային ջոջերը, որոնք մեկ տարի առաջ անվերապահորեն պաշտպանում էին Սերժ Սարգսյանին, այսօր հայհոյում են նրան՝ ամենեւին չգիտակցելով իրենց սեփական մեղքը։ Նրանք բացարձակապես չեն անդրադառնում, որ նպաստելով Հայաստանում ոչ լեգիտիմ իշխանության ձեւավորմանը եւ դրանով թուլացնելով մեր պետականությունը, իրենց իսկ ձեռքով հարթեցին արտաքին քաղաքականության ոլորտում զիջումների գնալու Սերժ Սարգսյանի ճանապարհը։ Այնպես որ, Ցեղասպանության ճանաչման գործընթացի վիժեցման եւ Ղարաբաղին սպառնացող վտանգավոր զարգացումների համար նրանք նույնքան պատասխանատու են, որքան Սարգսյանը։

Մինչեւ սփյուռքահայ կազմակերպությունները հայ ժողովրդի գոյության աղբյուրը եւ ինքնության հիմքը չհամարեն Հայոց պետականությունը, ինչպես նաեւ չարժեւորեն հայրենիքում ժողովրդավարության եւ ազատության գաղափարների կայացման հրատապ անհրաժեշտությունը, նրանք կվտանգեն թե՛ Հայաստանի ապագայի կերտման, թե՛ ազգային իղձերի իրականացման գործը։ Սփյուռքում կան, իհարկե, առողջ ուժեր, որոնք բոլորովին այլ կերպ են դատում, քան ազգային կոչված կառույցները, բայց նրանք, բացառությամբ մի քանի խիզախ անհատների, համատարած հասարակական կարծիքի ճնշման տակ չեն համարձակվում բարձրաձայնել իրենց առարկությունները։ Դրանից բխում է, որ Սփյուռքի ավանդական կառույցների բարեփոխումը նույնքան այժմեական է, որքան Հայաստանի պետական կառույցներինը։ Մտածողության եւ գործելակերպի ճգնաժամն, ըստ այդմ, համազգային է, եւ չի սահմանափակվում միայն Հայաստանի շրջանակներով։

Ելույթի ներքաղաքական մասը, որը պարունակում էր նախընտրական քարոզչություն, չենք անդրադառնում՝ օրենքի տառը հարգելով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել