Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՏՈՆ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

Մայիս 30,2009 00:00

Հայաստանի պետական կամերային նվագախումբը (ՀՊԿՆ), «Հայաստանի փոքրիկ երգիչները» եւ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը հունիսի 1-ին կշնորհավորեն Սպիտակ քաղաքի երեխաների պաշտպանության օրը: Կկատարվի նաեւ Տիգրան Մանսուրյանի «Ձյունե թագուհի» բալետի սյուիտը, որն էլ կնվիրվի մեծ արվեստագետի 70-ամյա հոբելյանին: Համերգին կմասնակցի Սպիտակ քաղաքի երաժշտական դպրոցի երգչախումբը, կանցկացվեն նաեւ վարպետության դասեր: Երեկ «Ուրբաթ» ակումբում Տիգրան Մանսուրյանը, ՀՊԿՆ-ի եւ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավարներ Արամ Ղարաբեկյանն ու Տիգրան Հեքեքյանը զրուցեցին դասական արվեստի միջոցով հանդիսատես կրթելու եւ գեղագիտական բարձր ճաշակ ձեւավորելու խնդրի մասին: Լրագրողներին հետաքրքրեց, թե ինչո՞ւ են արվեստագետներն ընտրել հենց Սպիտակ քաղաքը: Ա. Ղարաբեկյանը պատասխանեց. «Սպիտակը հաճախ երկրաշարժի առիթով ենք ընկալում, բայց, իմ կարծիքով, պետք է շեշտադրումները փորձենք փոխել: Ուստի այս անգամ երեխաների տոնի կապակցությամբ փորձում ենք նվեր անել եւ մեզ, եւ Սպիտակի երեխաներին»: Տ. Հեքեքյանն էլ նշեց. «Կուզեի, որ այսպիսի միջոցառումներ չլինեին միայն մեկ օր՝ հունիսի 1-ին: Հետո միջոցառումներով չպետք է փորձենք կոծկել այն բոլոր բացերը, որ ունենք հանրապետությունում երեխաների իրավունքների պաշտպանության հետ կապված: Այսօր շատ հարցերում երեխաների իրավունքները նույնիսկ չեն պաշտպանվում, օրինակ՝ լիարժեք, բարձրակարգ, որակյալ կրթություն ստանալու առումով: Կրթության, հատկապես գեղագիտական կրթության առումով լուրջ խնդիրներ կան: Բայց վարպետաց դասերն ամենամեծ օգուտն են, որ Սպիտակի երեխաներն էլ լավ նվագեն, իրենք էլ դառնան մշակութապես հարուստ հասարակության անդամ»: Իսկ Տ. Մանսուրյանն ասաց. «Անելիքներ շատ կան, որ դասական երաժշտությունը դառնա ամենօրյա կյանք, ոչ թե առանձին դեպքերի շարք»: Ա. Ղարաբեկյանն էլ շարունակեց. «Ուզում ենք՝ դասական արվեստն իր ուրույն տեղը գրավի մեր իրականության մեջ: Բայց շեշտադրումը պիտի իրոք դրվի որակի վրա: Եթե լինի բարձր որակ հաղորդելու ոգին, ես կասկած չունեմ, որ ունկնդրի խնդիր չի առաջանա»: Տ. Հեքեքյանը նշեց. «Ճիշտ չեն այն խոսքերը, որ այն, ինչ շուկան է պահանջում, դա էլ մատուցվում է: Ինձ թվում է՝ շուկայի հարցախույզը կամ ոչ ճիշտ մարդիկ են կատարում, կամ ոչ ճիշտ պատվեր է տրվում, քանի որ, ում հետ խոսում ես՝ դասական երաժշտության ծարավ ունի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել