Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Մայիս 30,2009 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք ութերորդ

Գլուխ տասներորդ

 ԱՐԳԵԼՎԱԾ ԽՆՁՈՐՆԵՐ

 Որ երկու հազար յոթի սեպտեմբերի քսանմեկի էդ իրիկուն Ալիկը հետս քթովմռթով չէր, վերստին Մելիսա Բրաունի շնորհիվ էր, որովհետեւ, չնայած հայ տղամարդիկս շատ ենք սիրում տղամարդկությունից ու հայրիշխանությունից խոսել, այդուհանդերձ, լավ ենք վերաբերվում մեր շրջապատից հատկապես նրանց, ում մեր կանայք են լավ կամ առնվազն նորմալ վերաբերվում, կամ, ավելի ճիշտ, ովքեր մեր կանանց են հարգալից ու նորմալ վերաբերվում, ու էս ասածս բնորոշ է հատկապես էն հայ տղամարդկանց, ովքեր ճակատագրի ու դեպքերի բերումով օտարազգի ու օտարերկրացի կին են առել. այսինքն, տարիների ընթացքում նկատել ու հասկացել եմ, որ օտարազգի կին առած հայ տղամարդիկ մշտական լարվածության մեջ են, որովհետեւ ճակատագրի ու դեպքերի բերումով օտարազգի կնոջ հետ ամուսնանալով՝ մինչամուսնական գործառույթներից սկսած չափազանց թունդ հարվածներ են ստանում հայ հասարակությունից, ավելի ստույգ՝ իրենց իսկ շրջապատից եւ, ինչու չէ, նաեւ իրենց իսկ ազգականներից ու ծնողներից, եւ չնայած, ի տարբերություն Ալիկի ու այլ համարձակների, քչերս ենք էդ ռիսկին գնացել, այդուհանդերձ, դա ամենեւին չի խանգարում միանգամայն հստակ պատկերացնել էդ ռիսկին հաջորդող հետեւանքները, եւ եթե էդ հետեւանքներն ու մորս հնարավոր տառապանքները չպատկերացնեի, ինքս ութսունհինգին Գորկու ինստիտուտից Երեւան հարս կբերեի Պոտյոմկինա Նինային կամ, առավել եւս, Օռլովա Սվետային, եւ քանի որ բանաստեղծուհի Սվետլանա Օռլովային Երեւան հարս բերելու մասին ութսունհինգի գարնանը չափազանց լուրջ ու չափազանց երկար եմ մտածել՝ դրանից բխող բոլոր հետեւանքները պատկերացնելով, հիմա մյուսներիցդ ավելի լավ եմ պատկերացնում հոգեվիճակներն է՛ն հայ տղամարդկանց, ովքեր օտար երկրներից այլազգի հարս են Երեւան բերում՝ իրենք իրենց ու իրենց բերածին ամենաթեժ կրակի մեջ գցելով, եւ հիմա էս թեմայի մեջ խորանալով՝ մտածում ու հասկանում եմ, որ հակառակ պարագայում նույնը տեղի չի ունենում. այսինքն, հոգեբանական էս պրոցեսներն ու դիմակայությունները տեղի չեն ունենում, երբ հայ աղջիկն է այլազգի ու արտասահմանցի փեսացու ընտրում ու նախընտրում, եւ էս դեպքերում հայ զոքանչներն արտասահմանցի էդ փեսացուներին ավելի գրկաբաց են ընդունում, քան՝ հայազգի հնարավոր փեսացուին կընդունեին, եւ չնայած էս պահին մտքովս իմ համադասարանցի Հրուշն ու իր ֆրանսիացի փեսա Ալեքսն անցան, ամենեւին էլ Հրուշենց մասնավոր ու արտառոց տարբերակը նկատի չունեմ, որովհետեւ մնացած գրեթե բոլոր դեպքերում էլ հայ զոքանչներն իրենց այլազգի ու արտասահմանցի փեսաներին գլխների վրա են ընդունում եւ, որ ավելի կարեւոր է, հետագայում էլ գլխներից չեն իջեցնում եւ, որ շատ ավելի կարեւոր է, իրենց էդ արտասահմանյան փեսաներին հարազատի պես են վերաբերվում, բայց էս ասածս բնավ չի նշանակում, թե հայ մայրերն իրենց դուստրերին գերադասում են իրենց ուստրերից, եւ նույնիսկ չի նշանակում, թե հայ սկեսուրներն իրենց օտարազգի հարսներին ստորադասում են հայ ցեղի գենետիկ շարունակությունն ու գենետիկ մաքրությունն ապահովելու նպատակով. ավելին, հայ մայրերն ու հայ սկեսուրները, որ շատ հաճախ միաժամանակ նաեւ հայ մայրեր ու հայ զոքանչներ են, իրենց արտասահմանցի փեսաների առկայության հանգամանքը հենց ազգի շարունակականության ու գենետիկայի առումով են արդարացնում, այն է՝ խառնամուսնություններից ավելի տեսքով, ավելի բոյբուսաթով ու ավելի առողջ երեխաներ են ծնվում, եւ չնայած հայ փեսաներս հիմնականում հայ զոքանչների մասին ենք զանազան բացասական անեկդոտներ պատմում ու տարածում, այդուհանդերձ, էս ասածներս գալիս են ապացուցելու նաեւ, որ, ընդհանուր առմամբ, հայ մայրն իբրեւ զոքանչ անհամեմատ դրական է, քան՝ իբրեւ սկեսուր, ու էս հանգամանքը, էլի եմ կրկնում, ամենեւին չի նշանակում, թե հայ մայրերն իրենց աղջիկներին գերադասում են իրենց տղաներից, այլ ընդամենը նշանակում է, որ հայ մայրերն իրենց տղաներին ավելի պաշտպանված են համարում, քան՝ իրենց աղջիկներին, ու նաեւ նշանակում է, որ հայ մայրերն իրենց աղջիկների ամուսնության հարցում առավել մտահոգ են եւ առավել մտահոգ ու տագնապած են իրենց աղջիկների չամուսնանալու տեսլականից եւ երիցս մտահոգ ու տագնապած են իրենց դուստրերի ամուսնալուծության տեսլականից, ու էս ասածներս նաեւ պատճառ են, որ հայ մայրերն իրենց տղաներին ամուսնացնելուց առաջ հարսնացուների տեսականին են ընդլայնում, մինչդեռ իրենց աղջիկներին հիմնականում տալիս են առաջին իսկ պատահածին, որովհետեւ վախենում են, որ երկրորդ պատահածն ավելի անհաջող կարող է լինել, եւ եթե առաջին պատահածն արտասահմանցի է, հայ մայրն առավել եւս չի վարանում աղջիկ տալ, եւ հատկապես վերջերս հայ մայրերն ու հայ աղջկերքն արտասահմանցի փեսացուներին ավելի են նախընտրում, որովհետեւ, եթե հայաստանցի փեսացուներն իրարից էականորեն են տարբերվում, արտասահմանցի փեսացուներն իրար նման են հատկապես ապահովության ու առանձնապես սոցիալական ապահովության տեսանկյունից, եւ չնայած էս պահին մտքիս մեջ էլի Մետաքսի Տիմոշենկոյի դպրոցի իմ համադասարանցի Հրուշի վառ օրինակն է, մնացած գրեթե բոլոր օրինակներն էլ են էս ասածներիս հավաստիությունն ապացուցում, եւ չնայած էս ամենն Ալիկի ու Մելիսայի առիթով ասացի, էս ասածներս ավելի շատ ուրիշներին են վերաբերում, քանի որ Ալիկի դեպքը բացառություն կարող է լինել էն առումով, որ Ալիկի էս վերջինը բավական ուշ ամուսնություն է, եւ հայ մայրերն ու հայ սկեսուրներն իրենց հարսներին գրկաբաց են ընդունում որդկերանց ուշ եւ առանձնապես երկրորդ ամուսնության դեպքերում, իսկ Ալիկը Մելիսայի հետ ամուսնանալիս ոչ միայն ավելի քան չափահաս էր, այլեւ արդեն նախարար էր եղել, եւ չնայած իշխանափոխությունից հետո Ալիկի ու Մելիսայի հետ Ազատի տանը մի քանի անգամ քեֆերի եմ եղել, էսօրվա դրությամբ չգիտեմ՝ Մելիսան Ալիկի առաջի՞ն կինն է, թե՝ երկրորդը կամ երրորդը, եւ հիմա արդեն չեմ էլ ուզում էդ հանգամանքը ճշտել ու պարզել, որովհետեւ էդ հանգամանքը չի կարող հակասել էս բոլոր ասածներիս, եւ եթե Մելիսան Ալիկի երկրորդն ու երրորդն էլ լինի, հատկապես ի՛նձ համար էդ հանգամանքն էական ու կարեւոր չի, որովհետեւ ես Ալիկի առաջիններին չեմ տեսել ու չեմ ճանաչել, եւ կյանքն արդեն առնվազն մի քանի անգամ ինձ միանգամայն տեսանելիորեն ցույց է տվել, որ եթե ընկերներիդ նախորդ կանանց չես տեսել ու չես ճանաչել, հաջորդին ու հաջորդներին իբրեւ ընկերոջդ առաջին կին ես ընդունում, եւ Ալիկենց դեպքում հենց էդպես էլ կա, եւ հիմնականում էս ասածս հանգամանքն է պատճառը, որ երկու ու ավելի անգամ ամուսնացած տղերքն աշխուժորեն նոր ընկերներ ու միանգամայն նոր շրջապատ են փնտրում ու գտնում, եւ չնայած միջին տարիքի մարդու համար բավական դժվար ու անբնական է նոր ընկերներ ու նոր շրջապատ փնտրելն ու մանավանդ գտնելը, այդուհանդերձ, երկու ու ավելի անգամ ամուսնացածների համար դժվար ու անբնական բաներ գոյություն չունեն, որովհետեւ այն՝ ինչ բանական է, նաեւ բնական է, եւ եթե մեկանգամյա ամուսնությունն իրենց չի բավարարել, մեկանգամյա ընկերությունն էլ չպիտի բավարարեր, եւ չնայած էս ամենն Ալիկի ու Մելիսայի առիթով եմ ասում, էս ասածներս ամենից ավելի հենց Ալիկին ու Մելիսային չեն վերաբերում, որովհետեւ ես ո՛չ միայն Ալիկի առաջինին չեմ ճանաչել, եթե, իհարկե, առաջին եղել է, այլեւ իրեն՝ Ալիկին առաջներում մոտիկից չեմ ճանաչել, եւ երբ առաջին անգամ Ազատենց տանն Ալիկի ու Մելիսայի հետ սեղան նստեցի, իրենց դպրոցահասակ տղան արդեն կար եւ իր պայծառ ու զվարթ գոյությամբ ամբողջ ժամանակ ապացուցում էր, որ խառնամուսնություններից սիրուն ու որակյալ երեխեք են առաջանում, եւ ահա՝ երկու հազար յոթի սեպտեմբերի քսանմեկի էդ իրիկուն Ալիկին ու Մելիսային վերստին ուրախ ու երջանիկ տեսնելով՝ մտածում էի, որ մարդ արարածը երկրորդ ու երրորդ անգամ ամուսնանալով՝ Աստծո պարգեւած էս մի հատիկ կյանքը երկրորդ ու երրորդ անգամ է ապրում ու համտեսում, եւ չնայած էս միտքս էլ Ալիկի ու Մելիսայի առիթով ծնվեց ու առաջացավ, երկու ու ավելի անգամ ամուսնացած մյուսներին էլ է հավասարապես վերաբերում, եւ իրենք բոլորն էլ, ըստ էության, կրկնահանցագործներ են, որովհետեւ եթե Աստված Ադամին ու Եվային խնձորի գծով հանցագործ համարեց, եւ եթե յուրաքանչյուրս Ադամի ու Եվայի օրինակին հետեւելով՝ մի անգամ արդեն էդ մեղքի տակ մտել ու խնձորի էդ նուբարն արել է, կնշանակի՝ բոլորս էլ հանցագործներ ենք ու միանգամայն արժանիորեն ենք մեր պատիժը կրում, եւ Ադամի, Եվայի ու մյուսներիս ամենալուրջ բացթողումն ու վրիպումն էն է, որ առաջին անգամ էդ խնձորը համտեսելիս՝ մտքներումս մի լավ բան չենք պահել, եւ չնայած դրա արդարացումն էլ ունենք, այն է՝ էդ առաջին խնձորի դեգուստացիայի պահերին ոտովգլխով կատարսիսի ու ինքնամոռացման մեջ ենք եղել, այդուհանդերձ, էդ հանգամանքը մեզ ոչ պատասխանատվությունից է ազատում եւ ոչ էլ մանավանդ դատուդատաստանից, մանավանդ որ՝ մենք բոլորս էլ հավասարապես մեղավորներ ու փարիսեցիներ ենք, ընդ որում՝ փարիսեցիներ ենք հատկապես միանգամյա ամուսնացածներս, որովհետեւ ընդամենը մեկ անգամ ամուսնացածներս, ի տարբերություն Ալիկի եւ երկու ու ավելի անգամ ամուսնացածների, հետեւողականորեն ու շարունակաբար ինքներս մեզ ու բոլորին խաբում ենք, թե՝ երկու ու ավելի անգամ ամուսնացածներից ավելի օրինավոր ու օրինապահ ենք, եւ չնայած շատ դեպքերում մեր էդ խաբեբայությունը չենք հասկանում ու չենք պատկերացնում, այդուհանդերձ, մեր էդ չհասկանալը ոչ մեղքի մեր բաժինն է պակասեցնում եւ ոչ էլ՝ պատասխանատվության մեր բաժինը, որովհետեւ Բարձրյալը, ի տարբերություն մեր եկեղեցու սպասավորների, ոչ միայն մեր ամուսնություններն է հաշվում ու հաշվառում, այլեւ՝ մեր բոլոր մեղքերն անխտիր, ու էս դեպքում մեր մեղքերի քանակությունն ուղիղ համեմատական է մեր ճաշակած խնձորների քանակությանը, անկախ էն հանգամանքից՝ ով քանի անգամ է ամուսնացել. այսինքն, ընդամենը մի անգամ ամուսնացածներիս ընդամենը մի անգամ ամուսնանալն ամենեւին էլ բավարար հիմք չէ, որպեսզի համարենք, թե՝ ընդամենը մի անգամ ամուսնացածներս ավելի անբասիր ու աստվածային ենք, քան՝ երկու ու ավելի անգամ ամուսնացածները, որովհետեւ ընդամենը մի անգամ ամուսնացածներիցս շատերն էդ արգելված խնձորներն ավելի հաճախ են համտեսել, քան նույնիսկ՝ երկու ու ավելի անգամ ամուսնացած շատերը, իսկ ինչ վերաբերում է անձամբ ինձ, Խաչատրյան Աշոտին, Հակոբյան Տիկոյին ու Մոսկվայի Գորկու ինստիտուտի Դոբրոլյուբովի հանրակացարանում երկու ու ավելի տարի ապրած ուրիշներին, էդ թվերին ճաշակած խնձորների քանակը չենք էլ մտապահել, եւ չնայած էդ հանգամանքը պատժի մեր չափը չի նվազեցնում ու մեղմացնում, եւ չնայած Տիկոն, Աշոտը, ես ու Դոբրոլյուբովի հանրակացարանի բովով անցածներից շատերն ընդամենը մի անգամ ենք ամուսնացել, խնձորների ու մեղքերի քանակության առումով նկատելիորեն գերազանցել ենք երկու ու ավելի անգամ ամուսնացած շատերին, իսկ ինչ վերաբերում է ոսկու շուկայի Վարոյին, «Եվրոֆուտբոլի» Մեսրոպին ու արձակագիր Ջավախյանին, սրանք մեջներիս համեմատաբար մաքուրներն են, որովհետեւ ոչ միայն ընդամենը մի անգամ են ամուսնացել, այլեւ ընդամենը մի անգամ են ճաշակել էդ, ուրեմն, արգելված խնձորը. այսինքն, հայերեն ասած, երբեւէ լեւի չեն գնացել, բայց Աստված սրանց էլ դժվար թե անմեղների շարքերն ընդունի՝ թեկուզեւ էն պատճառով, որ Վարոն առավոտից իրիկուն ոսկու շուկայի իր դախլին կռթնած՝ ժամերով իգական քամակներին է աչքերը սեւեռում, իսկ Մեսրոպի աչքն էլ ամբողջ օրը բուքմեյքերականի հավաքարարուհու քամակին է, ու Ջավախյանի մասին ավելին կարող եմ ասել, որովհետեւ ինքը կյանքում ընդամենը մի անգամ արգելված խնձորը ճաշակելով՝ հետագա ողջ գիտակցական կյանքում երկրորդի մասին է երազել ու երազում, եւ, էս ամենից զատ, նույն Վարոն, նույն Մեսրոպն ու նույն Ջավախյանը մշտապես պարծենալով շեշտում են, որ հարյուրտոկոսանոց առաքինի քրիստոնյա են ու իրենց փայ թաք խնձորից բացի՝ երբեւէ այլ խնձոր չեն համտեսել, ու էս խեղճերի մտքով հեչ չի էլ անցնում, որ առավոտից իրիկուն սրանրա քամակներին սեւեռվելը նմանապես մեղք է, եւ աջուձախ իրենց էդ անդավաճանությամբ պարծենալով՝ նաեւ չեն գիտակցում, որ պարծենկոտությունն էլ ճշմարիտ քրիստոնեության հետ որեւէ առնչություն չունի, եւ ահա՝ էս խոսքիս վրա վերստին Պետրոսյան Երվանդին հիշեցի, որովհետեւ արդեն մի քանի ժամ է՝ Ծաղկաձորի էս սենյակիս դուռը ծեծող չի եղել, եւ ահա՝ մանկական ու մեծական բանաստեղծ Պետրոսյան Երվանդին հիշելով՝ մտածում եմ, որ Երվանդն էլ, էդ երեքի պես, ընդամենը մի անգամ արգելվածը ճաշակած կլինի, բայց, ի տարբերություն էդ երեքի, էդ մասին աջուձախ հայտարարություններ չի անում ու գլուխ չի գովում, ու էս մտքիս զուգահեռ աչքիս է զարնում Երվանդի ու իմ համատեղ գողոնը՝ ափսեիս մեջ մնացած խնձորները, չհաշված՝ կերածներս, չհաշված՝ տանձերը, բայց հատկապես՝ խնձորները, չհաշված՝ մի լիքը ցելոֆան տանձուխնձոր՝ որ Երվանդը մեծահոգաբար ու բարեխղճորեն բաժանել է պանսիոնատում գտնվող բոլոր գրողներին ու չգրողներին, եւ չնայած գրեթե բոլորին է բաժին հանել, այդուհանդերձ, գողոնը մնում է գողոն, եւ գողությունը՝ գողություն, եւ չնայած Երվանդն է՛լ, ըստ ամենայնի, արգելված խնձորների իմաստով ժուժկալ է եղել, այդուհանդերձ, ահա, Ալլայենց այգու էս չափազանց կարմիր ու չափազանց արգելված խնձորների մասով, փաստորեն, չափն անցել է, ու եթե նաեւ հաշվի առնենք, որ քրիստոնեական ու մանավանդ քրեական օրենսգրքերով գողությունն ավելի մեծ մեղք է համարվում, քան, ասենք, շնանալը, ստացվում է, որ մյուսներիցս անհամեմատ բարի ու մյուսներիցս անհամամետ ժուժկալ Պետրոսյան Երվանդն առնվազն մյուսներիս չափ մեղքի մեջ է, ընդ որում՝ թե՛ գողության եւ թե՛ խնձորների իմաստով՝ տանձերն էլ չհաշված, եւ չնայած տանձերն ու խնձորներն Ալլայենցն էին, եւ չնայած Ալլան բողոքավոր չէր, այդուհանդերձ, գողությունը մնում է գողություն, եւ եթե աշխարհիկ դատական օրենքով բողոքավորի բացակայության դեպքում մեղավորի մեղքը հնարավորինս մեղմվում կամ ընդհանրապես ի չիք է դառնում, ապա քրիստոնեական ու երկնային օրենքով որեւէ մեղք մեղմվում կամ ի չիք է դառնում անկեղծ խոստովանության ու ապաշխարության միջոցով միայն, եւ չնայած տանձուխնձորի էդ գողությունը, փաստորեն, Երվանդի հետ էինք արել, այդուհանդերձ, իմ մեղքերի թողությունն անհամեմատ հավանական ու հնարավոր է, քան՝ Երվանդինը, որովհետեւ ես, ի տարբերություն Երվանդի, ոչ միայն բազում մեղքեր եմ գործել, այլեւ բազմիցս ներում ու մեղքերի թողություն եմ ստացել Բարձրյալից. այսինքն, ի տարբերություն բանաստեղծ Պետրոսյան Երվանդի, ես խոստովանության ու ապաշխարության ահագին փորձ ունեմ, եւ դա միանգամայն բնական է, որովհետեւ Երվանդը հազվադեպ է եկեղեցի գնում ու երբեւէ չի էլ փորձել ապաշխարել, եւ դա էլ է միանգամայն բնական, որովհետեւ հավասարապես մանկական ու մեծական բանաստեղծ Պետրոսյան Երվանդն իր մեղքերը խոստովանելու առիթ երբեւէ չի ունեցել՝ էն հասկանալի պատճառով, որ ինքը երբեւէ մեղք չի գործել, չհաշված, իհարկե, Ալլայենց տանձերի ու խնձորների էդ դեպքը, որը չափազանց երեւացող ու երեւելի գողություն է՝ հատկապես ու առանձնապես խնձորների մասով, ու էս առիթով հիմա հիշեցի մի անեկդոտ, որը վերջերս Ավետիսյան Տիկոյից եմ լսել. ապարանցին աղջկան ամուսնացնում է մի մեծահարուստի որդու հետ, եւ երբ հաջորդ օրն ընտանյոք սպասում են աղջկա կարմիր խնձորին, մեծ պատվիրակությամբ ժամանում են մեծահարուստ խնամիներն ու հետները մի քանի արկղ կարմիր խնձոր են բերում, ու էդ արկղերը տեսնելով՝ աղջկա մայրը սարսափահար ճչում է՝ «վույ ամա՜ն, խեղճ էրեխիս քրքրե՜լ են»:

Եվ ահա՝ Երվանդի ու իմ ողջ գողոնն աչքիս առաջ ունենալով՝ հիմա մտածում եմ, որ, չնայած քրիստոնեությունն աջուձախ բարություն ու ներողամտություն է քարոզում ու տարածում, այդուհանդերձ, չափազանց խիստ ու անհանդուրժողաբար է վերաբերվում մարդկային թուլություններին, շեղումներին ու հատկապես մեղքերին. էն աստիճան խիստ, որ Երվանդն իր կենտ եւ ես իմ անթիվ մեղքերի համար, հնարավոր է, նույն տիպի ու նույն կարգի պատասխանատվության արժանանանք, էլ չասած, որ ես, հնարավոր է, ապաշխարեմ ու էս հերթական մեղքս էլ մեղմեմ, իսկ Երվանդինն էդպես էլ չմեղմված մնա, եւ էս նրբությունը գիտակցելով ու հասկանալով՝ հիմա մտածում եմ, որ եթե Երվանդն էսօր դուռս չթակի ու ինձ գործից չկտրի, էս ընթացիկ ասելիքս էսօր կամփոփեմ ու կավարտեմ եւ վաղն առավոտ Երվանդի հետ կիջնենք Կեչառիս՝ միասնաբար մեղքերի թողություն խնդրելու ու ստանալու, եւ, մինչ էս ընթացիկ ասելիքս ամփոփելը, պարտավոր եմ էս առթիվ եւս հիշել բառի բուն իմաստով լուսահոգի Հավատացյալ Խորենին, որն իր երկրային կյանքում ոչ միայն չամուսնացավ ու չճաշակեց իր հասանելիք արգելված խնձորը, այլեւ էդ հանգամանքը շարունակաբար մոռանում ու էդ հանգամանքով չէր էլ հպարտանում. ընդհակառակը, մյուսներիցս ավելի հաճախ էր եկեղեցի գնում ու մյուսներիցս ավելի հաճախ էր մեղքերի թողություն աղերսում, եւ չնայած հիմնականում մյուսներիս համար էր մեղքերի թողություն խնդրում, այդուհանդերձ, իր չգործած մեղքերն էլ էր մշտապես ու շարունակաբար հիշում, եւ երբ մի անգամ իրեն հարցրի՝ «ախր դու ի՞նչ մեղք ես գործել, որ թողություն ես խնդրում», ինքը թախծոտ ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «հազարավոր մեղքեր եմ գործել», եւ երբ իրեն հարցրի՝ «էդ ի՞նչ մեղք ես գործել, որ ոչ մեկը չի տեսել», ինքը թախծոտ ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «իմ մեղքերը ոչ մեկը չէր կարա տենար», եւ երբ իրեն հարցրի՝ «խի՞», ինքը թախծոտ ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «որովհետեւ էդ բոլոր մեղքերը մտքիս մեջ եմ կատարել», եւ հիմա Խորենի էդ ասածը հընթացս հիշելով՝ հընթացս սկսում եմ հասկանալ, որ մեր երեւացող ու երեւելի մեղքերն էնքան շատ են, որ մեր մտովի գործած մեղքերը հիշելու առիթ երբեւէ չենք ունենալու՝ ի տարբերություն Հավատացյալ Խորենի եւ նույնիսկ ի տարբերություն Պետրոսյան Երվանդի, որը, ի տարբերություն Հավատացյալ Խորենի, առանձնապես հավատացյալ չի, բայց առանձնապես մեղքեր չունի գործած, չհաշված՝ իր բաժին միակ արգելված խնձորն ու Ալլայենց բաղչի էս խոշոր կարմիրները, եւ հենց էս ընթացիկ մտքերս ամփոփեմ ու ավարտեմ, վաղն առավոտ եւեթ Երվանդի հետ կիջնենք Կեչառիս ու Բարձրյալից մեղքերի թողություն կխնդրենք մեր էս խմբակային գողության առիթով, իսկ մինչ այդ, քանի դեռ էս ժամանակավոր աշխատանոցիս դուռը ծեծող չկա, ես հնարավորություն ունեմ վերադառնալ Ալիկի ու Մելիսայի թեմային, որովհետեւ ինչքան էլ մեղավոր ու փոքրոգի լինենք, դիմացինի մեծահոգությունն ու ներողամտությունը մեզ ոգեւորում ու թեւավորում են, եւ ասածս վերաբերում է Արզումանյան Ալիկի եւ հատկապես Մելիսա Բրաունի մեծահոգությանն ու ներողամտությանը, որովհետեւ, էլի եմ ասում, մեր կուսակցական ու անկուսակցական ընկերները մեզանից չեն նեղանում հատկապես էն դեպքերում, երբ իրենց կանայք մեզանից նեղացած չեն լինում, եւ Ալիկի դեպքում էս տարբերակն առավել հնարավոր էր, որովհետեւ Մելիսա Բրաունն ազգությամբ հայ չլինելով՝ մուննաթ գալու մեր մենթալիտետին ոչ միայն չի տիրապետում, այլեւ տեղյակ էլ չի, որ ճակատագիրն իրեն մուննաթ գալու չափազանց հարմար առիթ է ընձեռել՝ ի դեմս Ալիկի կարճատեւ, բայց չափազանց աղմկոտ ազատազրկման, որովհետեւ Մելիսան հայոց հարս լինելով եւ միեւնույն ժամանակ հայ չլինելով՝ միանգամայն հստակ հասկանում է, որ Ալիկի էս կարճատեւ ու աղմկոտ ազատազրկման պատճառը ոչ թե Ալիկի ընկերներն ու ծանոթներն են, այլ՝ Ալիկի է՛ն ծանոթները, ովքեր Ալիկի դեմ էդ փողերի լվացման գործը սարքել են, եւ Մելիսան հայոց հարս ու ամերիկացի լինելով՝ նեղացած էր միայն ու միայն Ալիկի էն ընկերներից ու ծանոթներից, ովքեր աշխատանքի բերումով մարդու իրավունքների պաշտպանությամբ են զբաղվում, եւ վերջապես՝ Մելիսան հայոց հարս ու ամերիկացի լինելով՝ հստակորեն հասկանում ու գիտակցում է, որ Ալիկի ազատազրկման հիմնական մեղավորներն իշխանավորներն ու դատավորներն են, եւ Ալիկի գործով չափավոր քանակությամբ մեղավորներ հայտնաբերելով՝ Մելիսա Բրաունն էդքանով սահմանափակում է Ալիկի թշնամյաց քանակությունը, որովհետեւ Մելիսան հայոց հարս լինելով ու հայ չլինելով՝ հստակորեն հասկանում ու գիտակցում է, որ Ալիկի չուզողների ու թշնամիների հավելյալ քանակության ապահովումը չի կարող Ալիկի ու Ալիկի ընտանիքի երջանկությունն ապահովել, որովհետեւ Մելիսան ամերիկացի ու հայոց հարս լինելով՝ արդեն հստակորեն գիտակցում ու հասկանում է, որ ինչքան էլ սարքովի լինի փողերի լվացման հետ կապված Ալիկի էդ գործը, կարող է նաեւ պատասխանատվության հարց ծագել, ու էս դեպքում, բնականաբար, առավել է կարեւորվում Ալիկի շրջապատում բարեկամների եւ ոչ թե թշնամիների քանակությունը, եւ, որ ամենակարեւորն է, էս բաները Մելիսան ոչ թե երկու հազար յոթի սեպտեմբերի քսանմեկի էդ իրիկուն էր մտածում ու հասկանում, այլ, ըստ ամենայնի, էս տարրական բաները հասկացել էր նախքան Ալիկի հետ ամուսնանալն ու նախքան Հայաստան հարս գալը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել