Լրահոս
Օրվա լրահոսը

Երաշխիքը՝ 3 տարի

Մայիս 30,2009 00:00

\"\"Սողանքի պատճառով արդեն մի քանի տարի փլված է սահմանամերձ Վազաշեն գյուղով անցնող՝ դեպի Բերդի տարածաշրջան տանող հանրապետական նշանակության ճանապարհը: Անցյալ տարի տեղանքին անծանոթ վարորդներից մեկի մեքենան գլորվել էր ձորը, ինչի հետեւանքով մարդատարի ուղեւորը զոհվել էր: Ի սկզբանե նախատեսված էր ճանապարհի քանդված հատվածը վերեւից շրջանցող նոր ճանապարհ: Սակայն, ինչպես հայտնեց Վազաշենի գյուղապետ Լորիկ Բադիրյանը, նոր ճանապարհի համար պետք է օգտագործվեին վազաշենցիների սեփական տարածքները, դրա դիմաց գյուղացիներին տրվեր փոխհատուցում, ինչի արդյունքում թանկանում է նոր ճանապարհի կառուցումը: Այդ պատճառով նախապատվությունը տրվել է նույն՝ քանդված հատվածի վերականգնման նախագծին: Վերջերս Բերդի տարածաշրջան այցելելու ժամանակ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը որոշակի կասկածներ է հայտնել քանդված հատվածում վերականգնվելիք ճանապարհի հուսալիության վերաբերյալ: Այնուհետեւ խնդիրը Տավուշի մարզպետի մասնակցությամբ քննարկվել է ՀՀ կառավարությունում: Ինչպես հայտնեց Տավուշի մարզպետարանի ճանապարհաշինության բաժնի վարիչ Արտակ Սարգսյանը, ի վերջո, որոշվել է ուժի մեջ թողնել փլված ճանապարհի տեղում նոր ճանապարհի կառուցման նախագիծը, որի շինարարության մրցույթն արդեն կայացել է: 67 միլիոն դրամ առաջարկով մրցույթը շահել է «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ն: Նախատեսվում է քանդված 3 մ երկարությամբ գաբիոն կառուցել եւ 54 մ երկարությամբ հողային լիցք կատարել: Կիրականացվեն նաեւ ջրահեռացման աշխատանքներ: Մարզպետարանի ճանապարհաշինության բաժնի վարիչի վկայությամբ, նոր ճանապարհի երաշխիքը 3 տարի է: Կա ավելի հուսալի՝ ձորով ձգվող ճանապարհի կառուցման հնարավորություն, սակայն այն անհամեմատ թանկ արժե: Տավուշի մարզպետարանի ճանապարհաշինության բաժնի պետը նաեւ հավաստիացրեց, որ արտակարգ իրավիճակների հաղթահարման համար պետբյուջեից տրամադրող գումարները այլ եռամսյակ չեն տեղափոխվում, ուստի այս օբյեկտի ֆինանսավորումը կիրականացվի ժամանակին: Նախատեսվում է ճանապարհի կառուցումն ավարտել այս տարեվերջին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել