Լրահոս
Օրվա լրահոսը

Եվ Նախշուն եւ 100-ամյա

Հունիս 30,2009 00:00

\"\"Ասում են Տավուշի մարզի Սարիգյուղը երկարակյացների համայնք է: Գյուղապետի վկայությամբ, այսօր գյուղում 90-ը բոլորած 8 տատիկ է ապրում, բայց կան նաեւ ավելի տարեցներ՝ Նախշուն տատը, որ բոլորել է 100 տարին: Տատի 100-ամյակը նշելու համար տարբեր բնակավայրերից Սարիգյուղի հայրական տանն էր հավաքվել Նախշունի ամբողջ գերդաստանը` երեխաները, թոռները, թոռան թոռները` մոտ 100 հոգի: 100-ամյակը՝ 100 հոգով: 1909 թվականին ծնված Նախշունը Իջեւանի շրջանի Աչաջուր գյուղից հարս է եկել Սարիգյուղ՝ Կոստանյանների ընտանիք, ունեցել 6 երեխա` երեք աղջիկ, երեք տղա: Կրտսեր որդին ընդամենը երկու օրական էր, երբ երկրորդ աշխարհամարտը սկսվեց ու Նախշունի ամուսինն էլ զորակոչվեց բանակ` մեծ գերդաստանի հոգսը թողնելով երիտասարդ կնոջ ուսերին: Հիմա 100-ամյա կինն ու նրա զավակները, որոնցից երկուսի կորստի ցավն էլ է արդեն Մեծ տատի սրտում, հեքիաթի պես ու նույնիսկ երբեմն զարմանալի հանգստությամբ են հիշում անցած-գնացած ծանր օրերը: Նախշուն տատի հոգսը փոքր-ինչ թեթեւացել է, երբ զավակները հասունացել են, աշխատել: Հիմա արդեն նրանք են թոռնատեր ու ծոռնատեր մարդիկ ու իրենց մորը երեխայի պես խնամում են: Ու հավաքվել էին հիշելու Նախշուն տատի օրերը, ապրած շիտակ կյանքը:

Թուխիկ տատ: Մանկուց այդպես են նրան կոչել՝ թուխ մաշկ ունենալու պատճառով: Նախշուն-Թուխիկ տատը շատ լավ հիշողություն ունի, պայծառ միտք ու թոռներին պատմում է նրանց մանկական արկածները: Նույնիսկ սեղանի շուրջ երգեց, ի նշան երախտագիտության՝ հյուրերի: Նախշուն տատի մեկդարյա հոբելյանը շնորհավորել են նաեւ մարզային տարբեր կառույցների ներկայացուցիչները, իսկ նվերներ ստացել է մարզպետ Արմեն Ղուլարյանից, գյուղապետ Կոմիտաս Էլլարյանից, ոստիկանության ներկայացուցիչներից:

Մեկ դար ապրած Նախշուն տատին մաղթում ենք երկարակեցություն, առողջություն եւ արեւշատություն:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930