Լրահոս
Օրվա լրահոսը

Լավ չեն կարդացե՞լ

Օգոստոս 29,2009 00:00

\"\"Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ Միշա Եգանյանը ակտիվորեն մասնակցել է Նոյեմբերյանի տարածաշրջանի ինքնապաշտպանությանը: 1991 թվականի օգոստոսի 19-ին ադրբեջանական կրակակետերը լռեցնելու ժամանակ Միշան վիրավորվել է եւ կորցրեց աջ թեւը: Ազատամարտիկը պաշտպանության նախարարության աջակցությունն է ստացել՝ 3 միլիոն դրամ: Այդ գումարով նա հայրենի գյուղում տուն է սկսել կառուցել, սակայն գումարը բավարար է եղել միայն պատերը կանգնեցնելու համար, տունն առանց ծածկի է մնացել: Մոտ մեկ ամիս առաջ Միշան նամակով դիմել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին. «Ներկայումս հայտնվել եմ անմխիթար վիճակում: Ապրում եմ խարխուլ վագոն-տնակում: Ունեմ բազմանդամ ընտանիք (7 հոգուց բաղկացած՝ 4 տղա, 2 հարս, թոռ): Տանն աշխատող չունենք, ես ու կինս երկրորդ կարգի հաշմանդամներ ենք: Խնդրում եմ Ձեր աջակցությունը՝ ավարտին հասցնելու բնակարանի շինարարությունը: Խնդրում եմ դիմումս անպատասխան չթողնել, պատասխանը լինի դրական կամ բացասական»:

Այս դիմումին ի պատասխան, օգոստոսի 6-ին ստացվել է ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչության պետ, գնդապետ Ս. Ա. Հարությունյանի պատասխանը, ուր մասնավորապես ասվում է. «Բնակարանի վերանորոգման խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանին հասցեագրված Ձեր դիմումի կապակցությամբ տեղեկացնում եմ, որ համաձայն կառավարության 09.06.2005թ. 947-Ն որոշման, ներկայումս ՀՀ ՊՆ բնակհանձնաժողովը զբաղվում է բնակարան չունեցող (անօթեւան) եւ բնակպայմանների բարելավման կարիք ունեցող զոհված (մահացած) եւ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդրով: Ինչ վերաբերում է բնակարանային վերանորոգման գումար տրամադրեու խնդրին, տեղեկացնում եմ, որ ՀՀ կառավարության 947-Ն որոշմամբ՝ վերանորոգման գումարների տրամադրում չի նախատեսվում, հետեւաբար Ձեր խնդրին ընթացք տալ չենք կարող»:

Գնդապետ Հարությունյանը թերեւս հարցը լավ չի ուսումնասիրել: Խնդիրը ոչ թե վերանորոգումն է, այլ կիսակառույցը ավարտին հասցնելը: Արդեն 18 տարի, բազմանդամ ընտանիքի հայր Միշա Եգանյանը խարխուլ վագոն-տնակում է ապրում, երկու ամուսնացած տղաներն էլ գյուղում վարձով են բնակվում: Եթե ոչ պաշտպանության նախարարությունը, ապա ո՞վ պետք է օգնության ձեռք մեկնի ազատամարտիկին, որը հայրենիքի պաշտպանության մարտում առանց ձեռքի է մնացել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել