Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ ՉԻ ՔՆՆԱՐԿՎԵԼ ՍՊԱՅԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՀԱՐՑԸ

Օգոստոս 29,2009 00:00

\"\"Սարգիս Հացպանյանը դատապարտվել էր 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ «սուտ մատնության» համար: Իր քրեական գործում առկա են ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից տրված երկու գրություններ, ըստ որի՝ «ԼՂՀ ՊՆ արխիվային տվյալների համաձայն … Սարգիս Գեւորգի Հացբանյանը, ԼՂՀ ՊԲ հրամանատարի թիվ 85 առ 29.10. 1996թ. հրամանով պարգեւատրվել է «COLT SPECIAL 38» տեսակի W 03409 սերիայի ատրճանակով» եւ «…Համաձայն ԼՂՀ ԱԱԾ տվյալների, 1993թ. ՀՀ ռազմական ոստիկանության կողմից առգրավվել է ՊՄ տեսակի թիվ 4249 OS սերիայի ատրճանակ, որը հաշվառված է եղել ԼՂՀ ՊԲ թիվ 49971 զորամասում եւ ամրակցված է եղել Սարգիս Հացբանյանին»: Այս երկու գրությունների եւ 1993 թ. հոկտեմբերի 3-ին Ս. Հացպանյանին տրված սպայի վկայականի պատճենները, բազմաթիվ անձանց վկայությունների հետ, որոնք փաստում են, որ Ս. Հացպանյանը մասնակցել է մարտական գործողություններին, ներկայացված էր ՀՀ արդարադատության նախարարություն, որպեսզի Ս. Հացպանյանի նկատմամբ կիրառվի համաներում:

Օրեր առաջ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ՀՀ արդարադատության նախարարությունը գրություն էր ուղարկել Ս. Հացպանյանին: Գրության մեջ ասված էր. «Սարգիս Գեւորգի Հացպանյանը, Հայաստանի Հանրապետության ՊՆ ԶՍՊ վարչությունում հաշվառված չէ որպես Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության մարտական գործողությունների մասնակից… «եւ»…մասնավոր անձանցից, ինչպես նաեւ այլ պետական կառույցների առանձին ներկայացուցիչներից ստացված տեղեկատվությունը չի կարող հիմք հանդիսանալ համաներում կիրառելու համար»: Գրության մեջ նշված էր նաեւ, որ քննարկվել է հայրենիքին մատուցած ծառայությունների համար ատրճանակով պարգեւատրվելու հանգամանքը, որը, սակայն, ինքնին չի ենթադրում մարտական գործողությունների մասնակցություն: Այստեղ հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ չի քննարկվել Ս. Հացպանյանին ամրակցված մյուս ատրճանակի հարցը, որը հաշվառված է եղել ԼՂՀ ՊԲ թիվ 49971 զորամասում, ինչո՞ւ չի քննարկվել սպայի վկայականի հարցը, որտեղ նշված է կոչումը՝ լեյտենանտ: Հետաքրքրաշարժ է, թե արդարադատության նախարարությունը այս երկու հարցերին ի՞նչ հիմնավորում կարող է տալ: Մոտ երկու շաբաթ առաջ ԼՂՀ ԱԺ 11 պատգամավորներ (խորհրդարանի պատգամավորների թվի մեկ երրորդը), մտավորականներ, հասարակական, քաղաքական գործիչներ, արցախյան պատերազմի վետերաններ հանդես էին եկել բաց նամակով, որոնք նույնպես փաստել են Ս. Հացպանյանի մարտական գործողություններին մասնակցելու հանգամանքը:

Տեղեկացնեմ, որ դատավճիռը դեռեւս օրինական ուժի մեջ չի մտել, հիշյալ քրգործը շուրջ երկու ամիս է՝ գտնվում է ՀՀ վճռաբեկ դատարանի վարույթում: Ռազմական գործողություններին մասնակցելու վերաբերյալ Սարգիս Հացպանյանի հետ կապված բոլոր փաստաթղթերի պատճենները նույնպես ուղարկված են ՀՀ վճռաբեկ դատարան: Իսկ դատական նիստի օրվա եւ ժամի մասին մեզ դեռեւս չեն ծանուցել:

Ցանկանում եմ ուշադրություն հրավիրել մի հարցի վրա եւս: Ինչպես արդեն հիշատակեցինք, քրգործի մեջ առկա ՀՀ ազգային անվտանգության ծառայության գրություններից մեկում նշված էր. «ԼՂՀ ՊՆ արխիվային տվյալների համաձայն…«իսկ իմ 2009թ. հուլիսի 30-ի հարցմանը ԼՂՀ ՊՆ-ից տեղեկացրել են, որ «…պաշտպանության բանակում քաղաքացի Սարգիս Հացպանյանի ծառայության վերաբերյալ որեւիցե փաստաթուղթ չկա…»: Այստեղից հետեւում է, որ ազգային անվտանգության համար ԼՂՀ ՊՆ արխիվներում, այնուամենայնիվ, տվյալներ կան, իսկ երբ հարցում է կատարում փաստաբանը, ապա տվյալներ չկան: Հարց է առաջանում, որտեղի՞ց է Ազգային անվտանգության ծառայությունը ստացել հիշյալ տեղեկությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել