Լրահոս
Օրվա լրահոսը

«Թորոս Ռոսլինի ծնունդը» վերականգնվել է

Օգոստոս 29,2009 00:00

«Մենք գերազանց ենք գնահատում մեր աշխատանքը եւ բավարարված ենք որմնանկարի հաջող վերականգնումից»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրին իտալացի ռեստավրատորներ Ֆաբրիցիո Յակուպինին եւ Լորենցո Կասամնետին: Մինաս Ավետիսյանի «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարի վերականգնման աշխատանքներն արդեն ավարտվել են: 1988թ. Գյումրիում երկրաշարժի ժամանակ վնասված որմնանկարի նորոգման համար իտալացի ռեստավրատորներ Ֆաբրիցիո Յակուպինից եւ Լորենցո Կասամնետիից պահանջվեց մեկ տարի: Չնայած ռեստավրատորները խոստովանեցին, որ նախապես հնարավորություն չեն ունեցել ուսումնասիրել արվեստագետի գործերը, բայց «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարի վերականգնման ընթացքում հասցրել են հայտնաբերել Մինասի ստեղծագործական առանձնահատկությունները: «Մինասի գործերը գունային բազմազանությամբ են օժտված. երբեմն մեղմ գույների կիրառումը բացահայտում է համեստ ու նուրբ արվեստագետին, երբեմն էլ մեծ նկարչին բնորոշ գունային համադրություններով նա ստեղծել է թափանցիկ ստվերներ»,- պարզաբանում է Ֆ. Յակուպինին: Իտալացի մյուս ռեստավրատորն էլ խոստովանեց, որ իրենց համար ամենադժվարը որմնանկարի գույները վերականգնելն էր: Իտալացիների աշխատանքից գոհ է նաեւ Ջաջուռում Մինասի թանգարանի տնօրեն, Մինասի որդի Արման Ավետիսյանը. «Մինասի որմնանկարի վրա ոչինչ չի ավելացվել կամ փոփոխվել, ամեն ինչ պահպանված է. ռեստավրատորները չափազանց սրտացավ աշխատեցին…»: Նա ասաց, որ ծայրահեղ վատ վիճակում գտնվող եւս ութ որմնանկար շուտափույթ վերականգնման կարիք ունի:

Մշակույթի նախարարի խորհրդական Սոնա Հարությունյանի խոսքով, միայն ՀՀ կառավարությունը 5 մլն դրամ է հատկացրել: Նրա հավաստմամբ, առաջիկայում նախատեսվում է վերականգնել Վահրամաբերդում գտնվող Մինասի մեկ այլ նշանավոր գործ՝ «Արմենիա» որմնանկարը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31