Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՊՄԻ-ում սովորելը շատ թանկ է

Օգոստոս 29,2009 00:00

Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում (ՎՊՄԻ) սովորողների հետ խոսելիս անընդհատ կարելի է լսել. «ՎՊՄԻ-ում կաշառակերությունը շատ է»:

…Ամեն ինչ սկսվում է առաջին կուրսի առաջին կիսամյակի քննություններից: «Այդ ժամանակ եթե մի անգամ գումար վճարեցիր թվանշան ստանալու համար, մինչեւ ավարտելդ փող են պահանջելու, որ թվանշան նշանակեն,- պատմում է ուսանող Ա.-ն եւ շարունակում:- Հաճախ առաջին քննությունը չեն նշանակում, թողնում են լուծարքային շրջան: Մտածում են՝ այդ ժամանակ ուսանողը հաստատ փող կվճարի՝ քաշքշուկներից խուսափելու համար»: Սակայն եթե ուսանողը համառ է, պարապում ու պատասխանում է, կարող է նաեւ առանց գումարի գնահատական ստանալ: Գիտելիք ունեցող ուսանողը, ով համաձայն չէ վճարել, բողոքում է նախ դեկանին, հետո, եթե պետք է, ռեկտորին: Այսինքն, ՎՊՄԻ-ում պետք է բառի բուն իմաստով պայքարել թվանշանի համար: Բանավոր քննության ժամանակ առանց կաշառքի չնշանակելը մի քիչ դժվար է: Երբ գումար վճարած ուսանողը նստում է դասախոսի դիմաց եւ ոչ մի բառ չպատասխանելով՝ ստանում է դրական թվանշան, ապա այն ուսանողը, ով գումար չի տվել, սակայն պատասխանում է, չստանալու դեպքում կարող է բողոքել եւ բացատրություն պահանջել: Կոռուպցիոն վտանգը առավել մեծանում է միջանկյալ քննությունների ժամանակ: Ուսանողներն ասում են, որ յուրաքանչյուր միջանկյալ քննությունն արժե մոտավորապես 15.000 դրամ: Իսկ մեկ առարկայից հանձնվում է երկու միջանկյալ քննություն: «Եթե առաջ 15.000 դրամով կարելի էր քննությունը ստանալ, հիմա 30.000 է պետք՝ երկու միջանկյալով քննություն ստանալու համար»,- բողոքում են նրանք: Հիմնականում շատ կաշառք վերցնում են այն դասախոսները, ովքեր տարվա ընթացքում նորմալ գիտելիք չեն տալիս: Այսպիսով, անգամ լավ սովորող ուսանողը տարվա վերջում պատասխանելու բան չի ունենում: Հաճախ ուսանողները չգիտեն էլ, թե ինչ պետք է պարապել քննության համար:

Ուսանողները պատմում են, որ դասախոսներից մեկը տարվա վերջում շատ ուրախ էր: Ուսանողների այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված նրա ուրախությունը, պատասխանել է. «Տարվա վերջ է գալիս…» ու ձեռքով ցույց տվել, թե ինչպես է փող հաշվելու: Կոռուպցիան առավել մեծ է ՎՊՄԻ-ի հեռակա բաժնում: Ուսանողներն ասում են, որ դասախոսներից մեկը, ով տարվա ընթացքում որեւէ նյութ չէր տրամադրել, ստուգարքի համար խնդրել է 500-ական դրամ հավաքել: Ուսանողներն ամոթից հավաքել են հազարական դրամ: Կուրսային աշխատանքի համար ՎՊՄԻ-ում պահանջվում է 10.000 դրամ, քննության ժամանակ 15.000-20.000-ը կապահովի «բավարարը»: Չվճարելու դեպքում լուծարքային շրջանում գինը բարձրանում է մինչեւ 25.000 դրամ:

Ուսանողները, ովքեր չեն սովորում եւ միայն դիպլոմ են ուզում (այդպիսիք ՎՊՄԻ-ում շատ են), հանգիստ են, որ կաշառք տալով՝ թվանշան կստանան: Դասախոսներն էլ ունեն իրենց բացատրությունները. աշխատավարձը ցածր է, ուսանողներն էլ իրենք են կաշառք առաջարկում: Կոռուպցիան է հաճախ պատճառը, որ ուսանողը չի ցանկանում ՎՊՄԻ-ում ուսումը շարունակել եւ բավարարվում է բակալավրի աստիճանով:

Իհարկե, ՎՊՄԻ-ում էլ կան, ցավոք, շատ քիչ դասախոսներ, ովքեր ոչ միայն չեն պահանջում գումար, այլեւ հրաժարվում են ուսանողի հետ որեւէ գործարքի մեջ մտնել: ՎՊՄԻ-ի երիտասարդ դասախոսներից մեկը, օրինակ, գումար առաջարկած ուսանողների հանդեպ առանձնահատուկ խիստ է լինում քննության ժամանակ:

Վերջում մի պատմություն. Ա.-ն ՎՊՄԻ-ում սովորում էր անվճար համակարգում: Համակուրսեցիների հավաստմամբ՝ իսկապես շատ լավ էր սովորում, բոլոր քննություններից բարձր թվանշաններ էր ստանում եւ պետք է շարունակեր սովորել անվճար համակարգում: Տարեվերջին այս կուրսի բարձր թվանշանների հավակնող ուսանողներից պահանջել են հոգեբանություն առարկայից քննություն հանձնել գրավոր, չնայած տարեվերջյան քննությունները բանավոր են (երեւի բանավոր քննության ժամանակ դժվար է լավ սովորող ուսանողին «անբավարար» նշանակել): Ա.-ն այս գրավոր աշխատանքից ստացել է «անբավարար», ինչը նշանակում է, որ նա մյուս ուսումնական տարում կտեղափոխվի ուսուցման վճարովի համակարգ: Ա.-ն, մեծ դժվարությամբ տետրը վերցնելով դեկանատից, գրավոր աշխատանքը ցույց է տվել այլ մասնագետի, ով հավաստել է, որ աշխատանքը ամենախիստ ստուգման դեպքում կարող էր գնահատվել «լավ», բայց ոչ երբեք՝ «անբավարար»: Ուսանողը փորձել է խնդիրը լուծել ռեկտորի հետ: Սակայն վերջինս բացահայտ ասել է, որ արդեն ուշ է. տեղերը զբաղված են: Անվճար ուսուցման այս տեղն ակնհայտորեն մեկին պետք է եղել: Ուսանողը դիմել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն, սակայն ոչինչ չի փոխվել: Ա.-ն այս տարի արդեն կսովորի վճարովի համակարգում, չնայած, ինչպես համակուրսեցիներն են փաստում, «ախր շա՜տ լավ է սովորում…»: Առանձին դասախոսների անուններ չնշեցինք, քանի որ ՎՊՄԻ-ում կոռուպցիան համատարած երեւույթ է: Բայց պատրաստ ենք լսել նաեւ դասախոսների մեկնաբանություն-պարզաբանումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31