Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՅՐՈՒՂԻ

Օգոստոս 29,2009 00:00

\"\"(Նվիրվում է Ռուս-հայկական Մեծ պայմանագրի տարելիցին)

Հայաստանի ետընթացը թյուրիմացաբար հաշվվում է 1996թ. դեկտեմբերի 3-ից, երբ Լիսաբոնի գագաթաժողովի 20-րդ կետի վրա վետո դրեց ՀՀ նախագահը: Իրականում սուվերենությունից ընդհանուր նահանջը սկսվել է 1997թ. օգոստոսի 29-ից, երբ ստորագրվեց հայ-ռուսական Մեծ պայմանագիրը: Այդ միջանկյալ ընթացքում քարոզվում էր, թե Սովետից անկախանալը սխալ էր, թե առանց ռուսի՝ թուրքերը մեզ կուտեն, եւ աշխարհը թուրքերի կողմից է՝ Լիսաբոնը վկա:

ԱՊՀ-ից Վրաստանի դուրս գալուց հետո սպասելի էր, որ կակտիվանան ռուսական գործակալները եւ կփորձեն չեզոքացնել ԱՊՀ-ից դուրս գալու տրամադրությունները Հայաստանում: Այդ կանխատեսումը մեկին-մեկ իրականացավ. եւ այսօր՝ Վրաստանի քայլից հետո, ինչպես վերը նշված ժամանակաշրջանում, կայսրության հպատակների շահարկման առարկան դարձյալ ղարաբաղյան խնդիրն է, մասնավորապես՝ «կարգավորման մադրիդյան սկզբունքները»: Հպատակի մտահոգության առարկան ամենեւին էլ ազգային շահն ու ժողովրդի բարեկեցությունը չէր ու չէ, այլ ռուսական ազդեցությունը ամրացնելը: Եթե այս անգամ էլ կրկնվի 1997-ից մեկնարկած շրջանը, ապա եւս մի 10-11 տարի սահմանները բացվելու են միայն ռուսական ապրանքների համար, իսկ նախագահն ու անվտանգության խորհրդի քարտուղարը շարունակելու են ՌԴ-ին մեծածախով հանձնել հայաստանյան գործարանները, շենքերը, տները, հողերը… նեղն ընկած տեղը՝ նաեւ Եռաբլուրը: Եվ այդ ընթացքում հայ-թուրքական սահմանը հատող հատուկենտ հայ բարձրաստիճան պաշտոնյաներն ավելին չեն լինելու, քան ռուսական ապրանքը: Պարտքի դիմաց պետական գույքի բռնագրավման նախորդ շրջանում ռուսները բառացի հասկացան նահանջող իշխանության հավաստիացումները. Հայաստանի անկախությանը նվիրված մարդ այլեւս չկա՝ բոլորը հողի տակ են, եւ պահանջեցին եռակցել Քաղաքի կոյուղիների կափարիչները: Մի ԱՄԿ-ական գործչի էլ կալանավորեցին՝ վախենալով, որ նրա մոտ պատերազմից մնացած մի քանի միավոր զենքը կարող է ուղղվել Հայաստանի անկախության դեմ գործարք անողների քունքին:

Հիմա ո՞վ է կանգնեցնելու արատավոր ընթացքի նոր շրջանը. զուլալ երիտասարդությո՞ւնը, թե՞ սթափված անկախականները: Թե՞, այնուամենայնիվ, 1997-ից սկսված նահանջի մարտավարությանն այլընտրանք չկա, եւ հայ ժողովուրդն ազատ, անկախ, երջանիկ ապրելու իրավունք չունի ո՛չ այսօր, ո՛չ էլ միլիոն տարի հետո, այլ կոչված է մեռնելու հանուն ռուսական դարն ապրած զենքի ու վաղուց արժեզրկված կոպեկի:

Բազմաթիվ քարանձավային հայրենասիրական կազմակերպություններ 1988-ին թյուրիմացաբար կարծում էին, թե նախ պետք է Արցախն ու Նախիջեւանը միացնել Սովետական Հայաստանին («Հայ դատը» արեւմտահայկական հողերն էլ է ուզում սովետական տեսնել) ու հետո նոր դուրս գալ Սովետից: Ու ոգեւորվում էին, երբ ողորմածիկ մտավորականները հանդիպում էին գորբաչովների, վոլսկիների, ռիժկովների հետ եւ հույսով լցվում, թե ժողովրդի պահանջը կլսեն ու Արցախը կվերամիավորեն Հայրենիքին: Անկախությունից վախենում էին շատերը, բայց 1991-ը ցույց տվեց, որ զարգացման մայրուղին դա՛ է, որ հայության համար այլ ճանապարհ չկա: Իսկ 1997-ից ոլոր արահետով ազգովի ետ-առաջ ենք անում վախով լի փոսի մեջ, որից ելքը վերադարձն է նույն մայրուղի: Ճիշտ կլինի օգոստոսի 23-ով ու սեպտեմբերի 21-ով ծնված հասարակական էներգիան ոչ թե մսխել, այլ ուղղել Անկախությունն ու ժողովրդավարությունը վերականգնելու ազգային խնդրին: Որպես e2-e4՝ օտար-ռուսական զորքերն ու բազաները ուղարկել տուն եւ սահմանները պաշտպանել ազգային կառույցների ծառայողներով: Երկրորդ՝ բացել ՊԱԿ-ի արխիվներն ու մաքրվել խորհրդային-ռուսական ականներից: Երրորդ՝ ազգայնացնել Հայաստանի օդային տարածքը, երկաթուղին ու սահմանային ճանապարհները: Սրանք են փոսից դուրս գալու առաջին երեք քայլերը:

Ժամանակն ապացուցեց, որ անհնար էր ազատագրել Արցախը՝ Սովետից դուրս գալուց առաջ: Նույնպես եւ այսօր անհնար է Արցախը Հայաստանին իրավականորեն միավորել կամ տնտեսական-սոցիալական խնդիրներ լուծել, առավել եւս Իշխանությունը պատանդի վիճակից, օտար-ավազակներից ազատել՝ նախքան վերը նշված երեք քայլերը կատարելն ու Հայաստանի ընթացքն ուղղելը: Ներկա փոսային- ետառաջային դեգերումներում, ինչպես ցեղասպանությունից առաջ, մեր խնդիրները՝ լավ թե վատ, մեր փոխարեն լուծել ու լուծելու են ուրիշները: Իսկ մե՞նք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31