Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Արժութային շուկան չի ցնցվի

Սեպտեմբեր 30,2009 00:00

Վստահ է «Հայէկոնոմբանկի» վարչության նախագահ Դավիթ Սուքիասյանը

«Մենք կարծում ենք, որ մոտ ապագայում կարող է դրամի արժեւորում տեղի ունենալ»,- երեկ կայացած մամուլի ասուլիսում ասաց «Հայէկոնոմբանկի» վարչության նախագահ Դավիթ Սուքիասյանը: Նրա խոսքերով. «Դա կապված է այն բանի հետ, որ բանկերը չեն կարող երկար ժամանակ բաց դիրքեր պահպանել եւ սկսելու են արտարժույթ վաճառել»: Իսկ դոլարի այժմյան արժեւորումը նա բացատրեց ներկրման սեզոնային ակտիվացմամբ: Ըստ պարոն Սուքիասյանի, բացառվում է, որ Հայաստանի արժութային շուկայում կտրուկ ցնցումներ լինեն:

Բացի այդ, բանկի վարչության ղեկավարը խոսեց բանկի 3-րդ եռամսյակի զարգացման միտումների մասին: Դ. Սուքիասյանը նշեց, որ չնայած ֆինանսատնտեսական ճգնաժամի՝ մանավանդ բանկային համակարգի վրա ունեցած բացասական ազդեցությանը, աճել են բանկի ակտիվները, վարկային ներդրումները եւ այլն: Հարցին, թե ինչքա՞ն են եղել վնասները 1-ին եւ 2-րդ եռամսյակներում, պարոն Սուքիասյանը պատասխանեց. «Առաջին կիսամյակում մենք ունեցել ենք 300 միլիոն դրամի վնաս, որից 200 միլիոնը մենք վարկ ենք մարել մի ընկերության, որի անունը ես չեմ ուզում տալ, բայց դուք բոլորդ գիտեք՝ որ ընկերության մասին է խոսքը (ըստ ամենայնի՝ խոսքը «Բջնիի» մասին է -խմբ.), իսկ մնացածը կապված է եղել փոխարժեքի տատանման հետ»:

Դ. Սուքիասյանը հայտարարեց նաեւ առեւտրի ֆինանսավորման նոր վարկային գործիքի ներդրման մասին, որի շրջանակներում «Հայէկոնոմբանկը» կֆինանսավորի ներմուծման եւ արտահանման գործարքները 2 տարի ժամկետով եւ 10-12% տոկոսադրույքով: Նշենք, որ «Հայէկոնոմբանկի» եւ Կենտրոնական բանկի միջեւ կնքված պայմանագրով սկսվելու է «Տնտեսության կայունացման վարկավորման» ծրագրի շրջանակներում վարկի տրամադրումը: Այս վարկերը տրամադրվելու են բացառապես դրամով եւ մինչեւ 5 տարի մարման ժամկետով, սկսած՝ 15% տարեկան տոկոսադրույքով: Պարոն Սուքիասյանը տեղեկացրեց նաեւ հիփոթեքային վարկավորման տոկոսադրույքների նվազեցման մասին. «Անշարժ գույքի ձեռքբերման վարկերը տրամադրվում են նվազագույնը 30% կանխավճարով եւ 14-16% տոկոսադրույքով, իսկ փոխանակման, վերանորոգման կամ շինարարության համար տրամադրվող վարկերը՝ 16-18% տոկոսադրույքով»: Խոսելով ռուսաստանյան կայունացնող վարկային միջոցների տեղաբաշխման մասին՝ Դ. Սուքիասյանն ասաց, որ այդ ծրագրով վարկերը տրամադրվում են 5 տարի ժամկետով, նվազագույնը 15% տոկոսադրույքով. «Հաշվի առնելով բանկում դրամային միջոցների անբավարար մակարդակը, վարկերի մեծամասնությունը տրամադրվում է դոլարով, իսկ դրամային վարկերի տրամադրումը հնարավոր է Համաշխարհային բանկի եւ ռուսաստանյան վարկային միջոցների շնորհիվ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930