Լրահոս
Օրվա լրահոսը

Հավաքականի կազմը հրապարակված է. «խաղեր կուդան»

Սեպտեմբեր 30,2009 00:00

\"\"ՀՖՖ մամուլի քարտուղարության հաղորդմամբ՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Վարդան Մինասյանը երեկ հրապարակել է մեր գլխավոր ընտրանու ընդլայնված կազմը, որն էլ պատրաստվելու է հոկտեմբերի 10-ին սեփական հարկի տակ՝ Իսպանիայի, իսկ 14-ին՝ հյուրընկալվելիս, Թուրքիայի հավաքականների հետ խաղերին:

Հրավիրվել են.

Դարպասապահներ. Ռոման Բերեզովսկի («Խիմկի», Ռուսաստան), Գեւորգ Կասպարով («Ուլիս»), Ստեփան Ղազարյան («Բանանց»)։

Պաշտպաններ. Սարգիս Հովսեփյան («Փյունիկ»), Ռոբերտ Արզումանյան («Ռանդերս», Դանիա), Վահագն Մինասյան («Փյունիկ»), Հրայր Մկոյան («Ուլիս»), Էդուարդ Կակոսյան («Բանանց»), Աղվան Մկրտչյան («Միկա»)։

Կիսապաշտպաններ. Արարատ Առաքելյան («Մետալուրգ» Դոնեցկ, Ուկրաինա), Արթուր Եդիգարյան («Փյունիկ»), Դավիթ Գրիգորյան («Ուլիս»), Կառլեն Մկրտչյան («Փյունիկ»), Արտավազդ Քարամյան («Տիմիշոարա», Ռումինիա), Արտակ Գրիգորյան («Արարատ»), Արտակ Դաշյան («Բանանց»)։

Հարձակվողներ՝ Հենրիխ Մխիթարյան («Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա), Եղիա Յավրույան («Մաքքաբի», Թել-Ավիվ, Իսրայել), Հովհաննես Գոհարյան (ԲԱՏԵ, Բելառուս), Արման Քարամյան («Տիմիշոարա», Ռումինիա), Էդգար Մանուչարյան («Հարլեմ», Հոլանդիա), Սամվել Մելքոնյան («Բանանց»), Մարկոս Պիզզելի («Փյունիկ»)։

Վերոնշյալ 23 ֆուտբոլիստները հոկտեմբերի 6-ից 12-ը կհանգրվանեն «Ռեժինե» հյուրանոցում եւ Վարդան Մինասյանը ուսումնամարզական հավաքի ավարտին վերջնական ընտրություն կատարելու հնարավորություն կունենա: Ինչ վերաբերում է հրավիրված ֆուտբոլիստներին, կարելի է միանգամից մի քանի հետաքրքրաշարժ նկատառում կատարել: Նախ, կրկին ազգային թիմում է հավաքականից պարբերաբար հեռանալ ցանկացահ Ռոման Բերեզովսկին, որի թիմը, ի դեպ, անհույս Ռուսաստանի պրեմիեր լիգայի անդունդում է, իսկ անձամբ դարպասապահը միջին հաշվով մեկ խաղի ընթացքում բաց է թողնում երկուսից ավելի գնդակ:

Մարզիչ Վարդան Մինասյանի հրապարակած ցուցակում են նաեւ միանգամից 7 հարձակվողներ, որոնց թվում են երկար ժամանակ հավաքական չհրավիրված Էդգար Մանուչարյանն ու Սամվել Մելքոնյանը: Ի դեպ, վերջին անգամ Յան Պոուլսենի օրոք ազգային թիմ հրավիրված Մանուչարյանն անցած հանգստյան օրերին «Հարլեմի» կազմում իր առաջին գոլն է խփել: Այդ գնդակն էլ, ըստ ամենայնի, Էդգարին վերադարձրել է հավաքական: Նույնը

 Մելքոնյանի պարագայում է. «Գանձասարի» հետ խաղում նրա «դուբլը» ուղեգրի դեր կատարեց:

Սակայն «ամենահետաքրքիր» հրավերը Աղվան Մկրտչյանինն է: Ընդամենը մեկ շաբաթ առաջ ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն «Միկայի» կիսապաշտպանին մեկ տարով զրկեց հայկական որեւէ ակումբում հանդես գալու իրավունքից՝ 22-րդ տուրի «Միկա»-«Գանձասար» հանդիպման ժամանակ կապանցիների կիսապաշտպան Արտաշես Անտոնյանի ոտքը կոտրելու համար: Իհարկե, հասկանալի է, որ միայն մեկ տուր բաց թողած Մկրտչյանն իր մարզական որակները չի հասցրել կորցնել եւ կարող է օգտակար լինել հավաքականին: Սակայն տվյալ դեպքում հարցը ոչ թե մարզական հարթության մեջ է, այլ՝ բարոյական: Եթե ֆուտբոլիստը ներքին առաջնությունում որակազրկվում է ոչ ազնիվ խաղի համար, ապա ի՞նչ տրամաբանությամբ է նա ընդամենը մեկ շաբաթ անց հրավիրվում ազգային թիմի ու Հայաստանի ֆուտբոլային պատիվը պաշտպանելու խաղադաշտում: Գուցե այդ դեպքում ընդհանրապես չարժե՞ր որակազրկել Մկրտչյանին: Մանավանդ, եթե հիշենք 2005-ին ԱՊՀ չեմպիոնների գավաթի խաղարկության այդպես էլ չկայացած տխրահռչակ «Նեֆթչի»-«Փյունիկ» խաղի արձագանքները, որից հետո ՀՖՖ գործկոմը միաձայն դեմ քվեարկեց Ռ. Հայրապետյանի՝ «Փյունիկին» մեկ տարով որակազրկելու եւ նույն ժամանակահատվածում Հայաստանի բարձրագույն խմբում հանդես գալու իրավունքից զրկելու առաջարկին: Գործկոմի անդամներն այն ժամանակ իրենց որոշումը մեկնաբանեցին հետեւյալ կերպ. «Փյունիկը» հավաքականի բազային թիմ է եւ չենք կարող միանգամից 5-6 ֆուտբոլիստի կորցնել»: Ստացվում է, որ մեզանում թե որակազրկումը եւ թե դրանից հրաժարվելը խիստ ձեւական բնույթ են կրում:

Սակայն մի հարց էլ գոյություն ունի. «Միկան» կարող է բողոքարկել Աղվանի որակազրկումը: Այս տարի արդեն մի նախադեպ եղել է, երբ որոշմամբ արտոնագրից զրկած թիմին՝ «Արարատին», բողոքարկման հետեւանքով կրկին, արդեն մեկ այլ որոշմամբ, «ներում» է շնորհվել: Ըստ ամենայնի, նույնն էլ այս դեպքում է սպասվում: Միայն թե, ափսոս, որ որոշող կառույցներն ու հավաքականի մարզչական շտաբն ավելի ու ավելի են արժեզրկում իրենց՝ նման «խաղեր տալով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930