Լրահոս
Օրվա լրահոսը

«Հույսը կորցնելուց հետո է գալիս արվեստը»

Սեպտեմբեր 30,2009 00:00

Կարծում է թատերագետ Արա Նեդոլյանը

«Անցյալի եւ ներկայի միջեւ». երեկ մեկնարկած երկօրյա այս գիտաժողովի ընթացքում աշխարհի տարբեր երկրների մասնագետներ քննարկեցին, թե գլոբալացող աշխարհում ժամանակակից արվեստն ու արվեստի քննադատությունն ինչ մարտահրավերների են բախվում, տարբեր հասարակական խմորումներն ինչպես են արտահայտվում տեղական համատեքստերում, կամ արդյո՞ք արվեստի քննադատությունն ունի ապագա: Գիտաժողովը կազմակերպել էին Արվեստի քննադատների միջազգային եւ ազգային ասոցիացիաները (ԱԻԿԱ): ԱԻԿԱ Հայաստանի նախագահ Նազարեթ Կարոյանն իր խոսքում նկատեց. «Այսօր աշխարհում արվեստի քննադատությունը դժվար ժամանակներ է ապրում. այն նախեւառաջ գաղափարական է: Նույնիսկ եթե նրա գործունեության ոլորտները բազմապատկվել են եւ այն մեծապես փոխել է իր աշխատանքային գործիքները, միեւնույն է՝ ինքն իրեն պատկերացնելու գործում այն դեռ անցյալի մեջ է»:

Տարբեր երկրներից ժամանած մասնագետներն իրենց զեկուցումներում մտահոգություններ հայտնեցին արվեստի քննադատության ներկայիս դերի, դրա գործառույթների, զարգացման հեռանկարների մասին:

«Առավոտի» առաջին զրուցակիցը Թուրքիայից ժամանած Դենիզ Էրբաշն էր, որը զեկույց կարդաց «Արվեստագրություն՝ արվեստի քննադատության փոխարեն» թեմայով: Մեզ հետ զրույցում նա նկատեց. «Ընդհանրապես իմ ուսումնասիրության ոլորտը միջազգային իրադարձությունների ազդեցությունն է տեղական արվեստի վրա: Ուզում եմ տեսնել, թե դրանք ինչ հետեւանքներ են ունենում եւ դրանց ինչպես է արձագանքում արվեստը: Օրինակ՝ Թուրքիայում այս առումով բազում զարգացումներ կան, վերջին տարիներին մեր երկրում եղան ֆեմինիստական, համասեռամոլների իրավունքների պաշտպանությանն ուղղված, Հրանտ Դինքի սպանության հետ կապված բազում ակցիաներ: Հենց այս երեւույթները ցույց են տալիս, թե միջազգային իրադարձություններն ինչպես կարող են ազդել ազգային արվեստի վրա»:

Խոսելով արվեստ-քաղաքականություն փոխհարաբերության մասին, Դենիզ Էրբաշն ասաց. «Արվեստը ինչ-որ առումով քաղաքական մի բան է: Իհարկե, այն լիովին չի կարող քաղաքական խնդիրների առումով լուծումներ առաջարկել, բայց գոնե կարող է անընդհատ հարցականի տակ դնել այս կամ այն խնդիրը…»:

Զրուցեցինք նաեւ Լիբանանի ներկայացուցիչ Տոնի Շակարի հետ: Նա մտահոգություն հայտնեց, որ Լիբանանում չկա արվեստի քննադատություն, ինչպես ԱՄՆ-ում կամ եվրոպական երկրներում:

Անդրադառնալով արվեստ-քաղաքականություն թեմային՝ մեր զրուցակիցն ասաց. «Քաղաքականության եւ արվեստի կապը ուղղակի չէ, այն համակարգային է ու խճճված: Այդ երկու հասկացությունների մասին խոսելիս մարդիկ մտածում են, որ իբր արվեստը մի բան է, քաղաքականությունը՝ լրիվ այլ: Բայց իրականում երկուսն էլ փոփոխվող երեւույթներ են, ու նրանց միջեւ հարաբերությունը եւս փոփոխական է: Արվեստը հասարակության վրա ունի սահմանափակ ազդեցություն: Եթե քաղաքական գործիչը խոսում է հազարավոր մարդկանց համար, ապա արվեստագետը խոսում է անհատականությունների հետ, ուստի արվեստն ավելի ինտիմ է, քան քաղաքականությունը»:

Հայաստանցի թատերագետ Արա Նեդոլյանն էլ նկատեց. «Երբ հասարակությունը սկսում է դառնալ ինքնիշխան, իմ վարկածով փոխվում է նաեւ նրա մտածելակերպը՝ պետագիտականից դեպի հասարակաարվեստային: Արվեստն ու արվեստի տեսությունը հեղափոխում են մտածողության ուղղությունները: Վերելքների ժամանակ, օրինակ՝ 1988-ին, այդ գործընթացներում ներգրավված մարդը դառնում է լիարժեք սուբյեկտ, իսկ գիտապետական համակարգում նա գործ ունի օրենքի հետ, որը ինքը չի հաստատում»: Արա Նեդոլյանի համոզմամբ, հենց հույսը կորցնելուց հետո է գալիս արվեստը: Խոսելով արվեստի գործառույթների մասին, պարոն Նեդոլյանը հիշեց 1988-1989 թվականներից մի դեպք. «Այդ տարիներին հրապարակում կանգնած էին սովետական տանկեր, եւ հարց էր ծագել, թե ժողովուրդն ինչպես պիտի հարաբերվի դրանց հետ, ինչպես ընկալի դրանք: Ուստի արվեստագետների մի խումբ թաքուն գնացել եւ ծաղիկներով նկարազարդել էր այդ տանկերը: Եվ իսկապես արվեստի տրամաբանությունը դարձավ հասարակական երեւույթ: Կարծում եմ, դեռ էլի կշարժվենք այդ ճանապարհով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել