Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԸ ՎԱՐԿ ԵՆ ՎԵՐՑՐԵԼ ՈՒ ԿՐԱԿՆ ԸՆԿԵԼ

Հոկտեմբեր 31,2009 00:00

Արմավիրի մարզի հարյուրավոր գյուղացիներ բանկերից վերցրած վարկերի բարձր տոկոսադրույքների պատճառով՝ մեծ պարտքեր են կուտակել:

Արմավիրի գյուղացիները իրենց տնտեսությունը մշակելու այլընտրանք չունեն, ստիպված վարկ են վերցնում՝ վար ու ցանք անելու համար: «Առավոտը» մարզի Տանձուտ եւ Արազափ գյուղերում զրուցեց գյուղացիների հետ: Նրանք դժգոհում էին, որ գյուղատնտեսական վարկերն այնքան բարձր են, որ շատերը դրանք փակելու համար տուն ու տեղն են վաճառում: Գյուղացիների խոսքերով՝ իրենք հիմնականում օգտվում են մարզկենտրոնում գործող «Ակբա կրեդիտ ագրիկոլ» բանկից, իսկ բանկի տրամադրած գյուղատնտեսական վարկերը տարեկան 18-24 տոկոսով են տրամադրվում. «Ապրում, աշխատում ենք բանկերի համար, այլ ոչ թե մեր ընտանիքի: Ահուդողով սպասում ենք՝  լավ եղանակներ լինեն, որ տակ չտանք: Սենց մի խոսք կա՝  գյուղացու բահը 7 տարին մեկ է ոսկուն կպնում: Այսինքն՝ մի քանի տարին մեկ ենք լավ բերք ունենում»:
Տանձուտ գյուղի բնակիչ Տիգրան Հակոբյանի պատմելով՝ «Վարկ ենք վերցնում՝ հույս ունենալով, որ բերք կունենանք ու պարտքերը կփակենք, բայց այս տարի վատ եղանակի պատճառով բերք չստացանք, եղած-չեղածը անձրեւներից փտեց: Ես $3000 վարկ եմ վերցրել, միայն 300 հազար դրամ տոկոս եմ փակել, սա վարկ չէ, թալան է: Երբ դոլարի կուրսը 300 դրամ էր, գոնե մի քիչ օգտվում էինք, մարտին դոլարը թանկացրին, ամեն մի վարկառու հարյուրավոր դոլարներ տուժեց: Այսինքն, եթե $100-ի համար 30 հազար դրամ էինք տալիս, հիմա՝ մոտ 40 հազար: Մի խոսքով, պետություն չկա: Վարկը ոչ թե գյուղացուն օգնելու, այլ թալանելու համար է»: Մեզ հետ զրույցում գյուղացիները դժգոհում էին, որ կառավարությունը սուբսիդավորում է լեռնային գյուղերը. «Ի՞նչ է, մերը գյուղ չէ՞, մենք մարդ չե՞նք»: Նույն գյուղի բնակիչ Մարտիկ Ավետիսյանի պատմելով, իր հաշվարկներով՝ ջերմոց կառուցելու համար անհրաժեշտ է մոտ $1500, քանի որ այդ գումարը չէր կարողացել պարտքով ճարել, ստիպված դիմել է բանկ, որն էլ նպատակահարմար է գտել տրամադրել ընդամենը $600՝ 6 ամսում մարելու պայմանով: «Այդ գումարը բավականացրեց ընդամենը ջերմոցի կմախքը սարքելու համար: Հեսա ձմեռը վրա կտա, ինչ եմ անելու՝ չգիտեմ, գործս ջուրն ընկավ, ախր էդ բանկում էլ լավ գիտեն, որ ջերմոցի համար $600-ը փող չի: Չեմ կարղանում ցելոֆան առնեմ, որ փակեմ ջերմոցը»,- դժգոհում էր Մ. Ավետիսյանը: Մեկ այլ գյուղացու պատմելով էլ՝ վարկ է վերցրել, որպեսզի անասուններ գնի, մեծացնի՝ հետո վաճառի, բայց բարձր տոկոսի պատճառով ստիպված ժամանակից շուտ մորթել է անասուններին՝ պարտքի տակ չընկնելու համար: Վատ բերքատվության պատճառով գյուղացիները չեն կարողանում տոկոսները վճարել, եւ ստիպված մի այլ բանկից գումար են վերցնում ու մյուս բանկին տալիս: Արմավիրցիների խոսքերով՝ «Մեր կառավարությունը միջազգային վարկեր է վերցնում ու ցածր տոկոսադրույքներով հիփոթեքային վարկեր տալիս: Որ ուզենան՝ գյուղացիների համար էլ ցածր տոկոսներով վարկեր կտան: Պարզապես մեր կառավարությունը չի ուզում, որ ժողովուրդը լավ ապրի, ուզում են ավելի խեղճացնեն մեզ: Գոնե երկարաժամկետ վարկեր տան, թե չէ $2000-ը պետք է 6-7 ամսում փակենք: Մի օր գյուղերում մարդ չի մնալու, հեսա սահմանն էլ կբացեն, թուրքերը կգան մեր դատարկ տներում կապրեն»:
Տանձուտցի Սամվել Մկրտչյանի պատմելով էլ, Երեւանի կոնյակի գործարանի հետ 5 տարով պայմանագիր է կնքել, որով պարտավորվում է 20 տոննա  խաղող հանձնել եւ եթե հանկարծ համը տեղը չեղավ կամ ծավալը պակաս եղավ, գործարքը չեղյալ է համարվում. «Բայց այս տարի եղանակը վատ էր, հազիվ 7 տոննա խաղող հավաքեցի, տարա  հանձնելու՝ չվերցրին, մեկ ասին՝ քաղցրը պակաս է, մեկ էլ ուրիշ պատճառ բռնեցին: Այս տարի էլ դիտավորյալ վրացիներին չեն թողնում գան գյուղացիներից առեւտուր անեն, որ մնա եւ մենք էլ ստիպված էժան ծախենք»:
Արմավիրի գյուղացիներն այնքան էլ ոգեւորված չեն հայ-թուրքական սահմանի բացմամբ: Նրանց կարծիքով, այս անգամ էլ կօգտվեն միայն օլիգարխները. «Իսկ մենք չենք կարողանա մեր ապրանքը արտահանել. ո՞նց արտահանենք, մեզ վրա ինքնարժեքն այնքան բարձր է նստում, մինչեւ տանենք-հասցնենք այնտեղ, ավելի թանկ կլինի, իսկ Թուրքիայում գյուղմթերքը էժան է: Դեռ մի բան էլ իրենք մի երկու մեքենա պոմիդոր կբերեն կլցնեն շուկան՝ գինը կընկնի, իսկ մենք կտուժենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031