Լրահոս
Օրվա լրահոսը

Մատչելի բնակարան՝ երիտասարդ ընտանիքներին

Հոկտեմբեր 31,2009 00:00

Պետական այս ծրագիրը դեռ քննարկվում է, կմեկնարկի 2010-ին, եւ նոր կերեւա,
թե այն կծառայի միայն երիտասարդների՞ն, թե՞ կլինեն «խցկվողներ»:

«Հիփոթեքային վարկավորման զարգացման եւ երիտասարդ ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման պետական աջակցություն». երեկ ՕԵԿ գրասենյակում կազմակերպված քննարկումն այս թեմայով էր: «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» պետական ծրագիրը դեռ նախագիծ է, սակայն արդեն սկսել է քննարկվել երիտասարդների շրջանում: Այս առթիվ ՕԵԿ ղեկավար, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը նշեց. «Սա քաղաքական եւ մեր երկրի դեմոգրաֆիական անվտանգության հետ կապված խնդիր է: Հայաստանը պիտի զարգանա քաղաքակիրթ երկրների փորձով. բարձր տոկոսադրույքով եւ կարճ ժամանակահատվածով վարկերի տրամադրումը հասարակությանը հնարավորություն չի տալիս ձեռք բերել բնակարաններ եւ զարգացնել բիզնեսը»:
«Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» պետական ծրագիրը քննարկվում է նաեւ ՀՀ կառավարությունում՝ Կենտրոնական բանկի, ֆինանսների, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունների մասնակցությամբ: Այն կյանքի է կոչվելու 2010 թվականից՝ 18-30 տարեկան երիտասարդների ընտանիքների համար: Ըստ ծրագրի, երիտասարդ ընտանիքները կկարողանան արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկեր ստանալ եւ բնակարաններ ձեռք բերել: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը նշեց. «Իհարկե, սկզբում խնդիր էինք դրել աջակցել 4000 ընտանիքի՝ Երեւանում եւ 2000՝ մարզերում ու սահմանամերձ գոտիներում: Բայց, ցավոք, լուծելու ենք 300 վճարունակ երիտասարդ ընտանիքների խնդիր: Նախարարության նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այժմ հանրապետությունում ունենք 35 հազար երիտասարդ ընտանիք: Մենք իրականացրինք նախնական մոնիտորինգ եւ մեզ դիմեց 2000 ընտանիք: Առկա ֆինանսական պայմաններում պիտի խնդիր դնել, որ սա նվեր չէ, այլ որոշակի աջակցություն երիտասարդ ընտանիքներին»: ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հարց բարձրացրեց, թե երիտասարդ ընտանիքների միջեւ տարանջատում դնելո՞ւ են՝ սոցիալական վիճակից ելնելով, հատկապես աղետի գոտու երիտասարդ ընտանիքներն ունենալո՞ւ են արտոնություններ: Պարոն Քարամյանն այս կապակցությամբ ասաց. «Ծրագրի պայմանները կլինեն հօգուտ մարզաբնակ երիտասարդների՝ զուտ դեմոգրաֆիական հոսքերը կառավարելու առումով»: ԱԺ մեկ այլ պատգամավոր՝ Ստեփան Ասլանյանն էլ ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի եւ քաղաքականության, ֆինանսական կայունության վարչության պետ Վահե Վարդանյանից եւ ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանից հետաքրքրվեց՝ հիփոթեքային շուկայում ինչպե՞ս իջեցնել տոկոսադրույքները, որոնք այլ երկրների համեմատությամբ բավականին բարձր են: Վ. Արամյանը պատասխանեց. «Դա պայմանավորված է մեր տնտեսության ներկա իրավիճակով: Միանգամից նմանատիպ փոփոխություններ դժվար է անել: Այսօրվա դրությամբ մեր պետությունը եւս վարկ է վերցնում դրսից՝ նմանատիպ տոկոսադրույքներով, ինչը եւս պատճառ է հանդիսանում ձեր նշած խնդրի համար»:
Իսկ Վ. Արամյանը, անդրադառնալով երիտասարդ ընտանիքների աջակցության խնդրին, նշեց. «Երբ պետությունն ինչ-որ սոցիալական ծրագիր է անում, բոլորը փորձում են ներգրավվել: Բայց այս դեպքում մենք ունենք հստակ քաղաքականություն՝ ում պիտի տանք ծրագրից օգտվելու հնարավորություն: Ուստի թիրախավորման մեջ չեն հայտնվելու այն երիտասարդները, որոնք ունեն հնարավորություն, եւ օրինակ, ցանկանում են բավականին բարձրարժեք բնակարան գնել քաղաքի կենտրոնում: Մենք օգնելու ենք նրանց, ովքեր իրոք ունեն խնդիր եւ կարիք»: Իսկ «Առավոտի» այն մտահոգությանը, թե ի՞նչ երաշխիքներ, որ ինչպես սոցիալական ծրագրերի մեծամասնությունում, այնպես էլ այստեղ ինչ որ մարդիկ չեն «խցկվի», Ա. Քարամյանն արձագանքեց. «Սոցիալական ծրագրերի մեջ չի կարելի նման բան թույլ տալ, այդ դեպքում պիտի լուծես հստակ կարիք ունեցող խավի խնդիրը: Ես ինքս խոստանում եմ, որ ամեն ինչ կարվի նման բաները բացառելու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031