Լրահոս
Օրվա լրահոսը

ԶՈՔԱՆՉԸ, ՍԿԵՍՈՒՐ-ՍԿԵՍՐԱՅՐԸ ԴԱՐՁՆՈՒՄ ԵՆ ՀՈԳԵԿԱՆ

Հոկտեմբեր 31,2009 00:00

Բայց եփող-թափող աղջիկն էլ կարող է տուն քանդել

\"\"
Հոգեբան Արման Առաքելյանը:

Արդեն քանի տարի է՝ «Հոգեբանական ազդեցության ուսումնասիրությունների հետազոտական կենտրոնը» դեպրեսիայի մեջ ընկած, նեւրոզ ունեցող եւ տարբեր վախերից ու ընտանեկան խնդիրներից տառապող մեր համաքաղաքացիներին հոգեբանական անվճար օգնություն է տրամադրում՝ ինչպես այցելությունների միջոցով, այնպես էլ հեռախոսով: Պարզելու համար, թե հիմնականում ի՞նչ հոգեբանական պրոբլեմներ է ունենում մեր ազգաբնակչությունը եւ հեռախոսով ինչպե՞ս է հաջողվում դեպրեսիայից դուրս բերել նրանց՝ զրուցեցինք կենտրոնի նախագահ Արման Առաքելյանի հետ: Ինչպես ցույց են տվել ուսումնասիրությունները, դեպրեսիաների, սթրեսների առումով խոցելի խմբում են հատկապես այն ընտանիքները, որտեղ ամուսնական զույգերն ապրում են տղայի ծնողների հետ: Ա. Առաքելյանի խոսքերով՝ «Դա մեր ազգային մտածելակերպի բացասական կողմն է: Երբ հարսը գալիս է ամուսնու տուն՝ շատ հայկական ընտանիքներում նրա կարգավիճակն ու ընկալումը տխուր հետեւանքներ են ունենում: Հատկապես շրջաններում հարսը չի ընկալվում որպես անհատականություն, այլ դառնում  է մեկը,  որը անպայման պետք է ձուլվի ամուսնու ընտանիքին: Նրանից պահանջում են, որ անպայման հարմարվի ամուսնու ծնողներին, ինչ ասեն եւ ոնց ասեն՝ անի: Իսկ դա կոնֆլիկտ է ստեղծում: Հաճախ մեր հայ տղաները, քաջ գիտակցելով, որ տվյալ իրավիճակում իրենց մայրն է մեղավոր, կնոջն են մեղադրում ու ստիպում համակերպվել: Ասում են՝ ես առանց մամայիս չեմ ապրի, մանավանդ միակ որդիները: Արդյունքում, մի քանի տարի հետո ունենում են թե՛ ֆիզիկապես, թե հոգեպես հիվանդ կին»:
Հայերի մոտ ընդունված է նաեւ կնոջը ամուսնանալուց հետո չթողնել աշխատել: Հոգեբանի համոզմամբ՝ այն կինը, որը չի աշխատում, 8 անգամ ավելի շատ հիվանդանալու հավանականություն ունի, քան աշխատող կինը. «Չաշխատող, չորս պատի մեջ մնացող կինը հոգեբանական խնդիրներից դժվար թե խուսափի: Կինը կարող է ամբողջ օրը ոտքի վրա աշխատել ու լրիվ առողջ լինել, բայց երբ տանը նստի՝ միանգամից բոլոր հիվանդությունները գլուխ կբարձրացնեն: Ճիշտ են այն կանայք, որոնք երկու ոտքը դնում են մի կոշիկի մեջ ու պնդում, որ իրենք աշխատելու են: Իսկ այն կանայք, ովքեր միշտ ապրում են ամուսնու ասածով, համալսարանի 4-րդ կուրսից ամուսինը հանում է, չի թողնում դասի գնալ ու դիպլոմ ստանալ, ստիպում է չգնալ ծնողների տուն՝ կինը չի գնում, ստիպում է չաշխատել՝ չի աշխատում, ամուսինն ինչ թելադրում է՝ անում է, վերջում, երբ մի խնդիր է լինում ու նրանք բաժանվում են, կինը հայտնվում է կատաստրոֆիկ վիճակում, որովհետեւ նա ամբողջ կյանքում ոչինչ չի արել, չի աշխատել, ուսում չունի, ուստի արդեն առանց ամուսնու չի կարող գոյատեւել»:
Ըստ հոգեբանի, ընտանիքում լարվածությունը մեծացնում են հատկապես սկեսուր-սկեսրայրի ներկայությունը. «Առանց այդ էլ նոր ամուսնացող զույգերի համար շատ դժվար է իրար հարմարվել, նոր կյանքով ապրել, իսկ երբ նրանց միանում են նաեւ տղայի ծնողները, նրանց բնավորությունների հետ հաշվի նստելը, արդեն առավել դժվարանում են խաղաղ շփումները: Ցանկացած ամենափոքր բանից կարող են կոնֆլիկտներ առաջանալ: Օրինակ, ամուսինը, որն աշխատավայրում որոշ խնդիրներ ունի, մի քիչ անտրամադիր մտնում է տուն ու կնոջ ասած ամենափոքր դիտողությունից, օրինակ՝ կոշիկներդ այդտեղ մի դիր, ամուսինը կնոջ վրա սկսում է գոռգոռալ: Եթե նրանք մենակ լինեին, դա նորմալ կընկալվեր, իսկ սկեսուր-սկեսրայրի ներկայությամբ եթե կինը փորձի մի բան ասել՝ արդեն կռվի կվերածվի՝ մի այլ մակարդակի: Տղայի մայրն իր հերթին կմտածի, վա՜յ, տղուս կյանքը կերել ա, հանգիստ չի տալիս, կինն իր հերթին առավել ծանր կտանի մոր մոտ ամուսնու գոռալը: Դրա համար միշտ առանձին ապրելը ճիշտ է: Որոշ դեպքերում, երբ զույգերն առանձին են ապրում, նրանց խանգարում է զոքանչը»:
Կենտրոնի ստացած զանգերը վկայում են, որ ամուսնական դժբախտ միությունների մեղավորը հաճախ երեխաների ծնողներն են, ովքեր 20 տարեկան աղջկան ստիպում են ամուսնանալ, որ տանը չմնա, իսկ տղային էլ ստիպում են ամուսնանալ, որ իրենք թոռ ունենան. «Սա շատ սխալ մոտեցում է, որովհետեւ մարդիկ ամուսնանալիս շտապում են ու սխալ գործում: Նախկինում աղջիկ ուզելու համար գնում էին նրա տուն, մի բաժակ ջուր էին ուզում, եթե շնորհքով բերեց՝ ուզում էին, ամուսնացնում տղային: Իսկ հիմա նման կերպ ընտրություն չես կարող անել: Կինը կարող է լինել գեղեցիկ, եփող-թափող, շատ տնարար, բայց այդ տղայի հետ լեզու չգտնի, չկարողանա մի հարկի տակ ապրել: Ի վերջո, եփող-թափող, լավ աղջիկն էլ կարող է լավ տուն քանդել»:
Արման Առաքելյանը համոզված է, որ մեր երկրում նման ընտանեկան խնդիրներից խուսափելու համար պետական մոտեցում է պետք: Նա առաջարկում է, որ առողջապահության նախարարությունն ինչպես ստեղծեց ընտանեկան բժշկության համակարգը, նույն կերպ յուրաքանչյուր ընտանիքի համար հոգեբան նշանակեր. «Մի հոգեբանը թող մեկ-երկու թաղամաս սպասարկեր: Այդ դեպքում հնարավորինս ամուսնալուծությունները, գժտություններն ու ընտանեկան խնդիրները կնվազեին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել