Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԶՈ՞ՒՐ ԷՐ ՀԵՐՔՈՒՄ

Նոյեմբեր 28,2009 00:00

«USA Armenian Life Magazine» շաբաթաթերթի հրատարակիչ եւ պատասխանատու խմբագիր Ափո Ջաբարյանը նոյեմբերի 25-ի համարում անդրադարձել է իր հեղինակած՝ «Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանն ասում է, որ արձանագրությունները ոչ պրոֆեսիոնալ են եւ պարունակում են շատ սխալներ: Նա նաեւ ասում է, որ Հայաստանի ԱԳ նախարարը թույլ է եւ անպատրաստ» նոյեմբերի 14-ի հրապարակմանը: Հայտնի է, որ հատուկ հանձնարարությունների հարցով ՀՀ դեսպան Արկադի Ղուկասյանի օգնականը հետո հերքեց այդ պնդումները, որոնք, ըստ «USA Armenian Life Magazine»-ի՝ նա արել էր Հյուսիսային Ամերիկայում: Ափո Ջաբարյանը հայտնել է, թե հերքում էր տարածել նաեւ Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը, որը «երբեք չի արձագանքել ԱՄՆ-ում ազերի կամ թուրքական ապատեղեկատվական արշավներին»: Մինչդեռ խմբագիրը պաշտոնական հայտարարություն է տարածել, որով վիճարկում է այս հերքումները՝ պնդելով, թե դրանք «կեղծ ու զրպարտչական են»:

Ափո Ջաբարյանն այս հրապարակման մեջ պատմել է, որ նոյեմբերի 18-ին, երբ Արկադի Ղուկասյանը Գլենդելի «Հիլթոն» հյուրանոցում էր՝ հեռախոսազրույց է ունեցել նրա հետ: Դեսպանը պահանջել է, որ հոդվածագիրը բացահայտի իր հոդվածում նշված տեղեկատվության աղբյուրը. «Այլապես սպառնաց դատի տալ ինձ եւ «USA Armenian Life»-ին»: Ըստ Ափո Ջաբարյանի՝ ինքը նրան ի պատասխան ասել է. «Պարոն Ղուկասյան, դուք պետք է որ շատ լավ հիշեք, թե ում եք ասել այն ամենը, ինչ հրապարակվել է», եւ հորդորել է անպայման դիմել դատարան: Դրանից հետո, ըստ խմբագրի՝ դեսպանն անմիջապես նահանջել է եւ նշել. «Մենք երկուսս էլ հայրենասեր մարդիկ ենք», եւ «մենք չպետք է միմյանց հետ խոսենք իրավական հայցերի լեզվով»:

Ափո Ջաբարյանը հրապարակման մեջ նշել է, թե նոյեմբերի 20-ին դեմ առ դեմ հանդիպում է ունեցել իր հոդվածում նշված փաստերի տեղեկատվության աղբյուրի հետ՝ վերաքննելու դրանց հավաստիությունը. «Եվ հաստատվեց, որ դրանք միանշանակ ճիշտ էին»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30