Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ԴՊՐՈՑՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԴԱՌՆԱ՞

Նոյեմբեր 28,2009 00:00

«Հայկական դպրոցի» մտահղացման հեղինակները հույս ունեն, որ այն աշխարհում նույնքան հայտնի կդառնա, որքան կորեական, հրեական կամ եվրոպական դպրոցները:

\"\"

«Այբ» կրթական հիմնադրամը, որը ստեղծվել է 2006-ին եւ իրականացնում է մի շարք կրթական ծրագրեր, հասարակության մեջ առավելապես հայտնի է որպես միջազգային «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթը Հայաստան «ներկրած» հաստատություն:

Սակայն մոտ ապագայում, եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես նախատեսում են «Այբում», այս հիմնադրամն առավել հայտնի կդառնա որպես ապագայի կամ «հայկական դպրոցի» ստեղծող: Ավելորդ չէ նշել, որ «Այբի» հիմքերում Երեւանի ֆիզմաթ դպրոցի նախկին շրջանավարտներն են, որոնք այսօր աշխարհի տարբեր ծագերում հաջողակ մասնագետներ են դարձել, եւ ուզում են իրենց ներդրումն ունենալ մեր երկրի զարգացման մեջ: Իսկ երկրի զարգացումն ուղիղ համեմատական է կրթության զարգացմանը:

Երեկ հիմնադրամը սկսեց «հայկական դպրոցին» առնչվող թեմատիկ քննարկումների առաջին «կլոր սեղանը», որին հրավիրված էին ԶԼՄ-ների ներկայացուցիչները: Առաջիկայում նմանատիպ քննարկումներ կլինեն նաեւ ճարտարապետների, գործարարների, ուսուցիչների եւ այլ շահագրգիռ խմբերի հետ:

«Այբ» կրթական հանգույց՝ սա մի փոքրիկ քաղաք-կրթամիջավայր է, որը «Այբի» հիմնադիրների տեսլականում դառնալու է ուսումնառության մի բարձունք, իրենց խոսքերով՝ «հանրակրթական համակարգի զարգացման օրինակելի մոդել», որին պիտի ձգտեն մյուս դպրոցները եւս: Հանրակացարաններ՝ մարզերից եւ մանկատներից ընտրված երեխաների համար, բնակելի տարածքներ՝ արտասահմանից ժամանած դասախոսների կամ ուսում ստացող երեխաների ընտանիքների համար, հանրային այգի, եկեղեցի, համայնքային կենտրոն, թատրոն, կինոթատրոն, համերգասրահ, գործարար կենտրոն, մանկապարտեզ եւ եռաստիճան դպրոց, որտեղ սովորելու են Երեւանից՝ 500, մարզերից՝ 200 եւ մանկատներից՝ 100 աշակերտներ: Այստեղ նրանց սովորեցնելու են ավելի քան 100 առարկա՝ սկսած մաթեմատիկա- ֆիզիկայից, ավարտած՝ ռոբոտիկայով, համաշխարհային արվեստի պատմությամբ, արեւելյան մարտարվեստներով, ճարտասանությամբ եւ այլն… Դրանց մեջ լինելու են ինչպես պարտադիր, այնպես էլ՝ ընտրովի առարկաներ…

Այս երազանքների դպրոցի բոլոր հավակնությունները ներկայացնելը թերթի առնվազն մի քանի էջ կխլի, սակայն առայժմ այդ երազանքները բախվում են չինովնիկական պատերին: Բանն այն է, որ թեեւ դեռ 1,5 տարի առաջ երկրի նախագահն ու վարչապետը խանդավառությամբ ընդունել են այս ծրագիրը եւ խոստացել իրագործման համար անհատույց 6,5 հա տարածք տրամադրել Թբիլիսյան խճուղուն հարող տեղանքում, սակայն առայսօր այդ տարածքը իրավաբանական ձեւակերպում չի ստանում: Բավականին լուրջ եւ համաշխարհային հռչակ ունեցող մարդիկ են կանգնած այս ծրագրի հետեւում, եւ ինչպես ասաց «Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մեսրոպ քահանա Արամյանը, ուղղակի «անհամ տպավորություն կարող է ստեղծվել» մեր երկրի մասին, եթե չփշրվի այն բյուրոկրատական պատնեշը, որը խափանում է Հարվարդի համալսարանի եւ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտների այս տարվա ճարտարապետական ծրագիրը՝ «Այբ» կրթական հանգույցը: Ընդ որում՝ մեր պետությունն իր վրա է վերցրել ծրագրի արժեքի 10%-ի բեռը, ինչը նշանակում է նաեւ, որ պետությունը մասնակից է դառնում այս փորձարարական, 21-րդ դարի դպրոցի ստեղծմանը:

Կրթական հանգույցը մինչեւ ճգնաժամը գնահատվել է որպես 47 մլն դոլարանոց նախագիծ, սակայն ճգնաժամն իր շտկումներն է արել, եւ հիմա կրթական հանգույցը ոչ թե փաթեթով, այլ փուլային տարբերակով է կառուցվելու: Առաջինը կկառուցվի ավագ դպրոցի մասնաշենքը, որը, գործերի բարեհաջող դասավորման դեպքում, կսկսի գործել արդեն երկու տարուց:

Ավագ դպրոցում սովորողները (ինչպես նաեւ՝ միջին եւ տարրական դպրոցներում) ընտրվելու են մրցութային կարգով: Ընդհանուր առմամբ, եռաստիճան կրթահամալիրում կսովորի 810 երեխա: «Այբի» հիմնադիրների նպատակն է այնպիսի բազմակողմանի եւ խորը կրթություն տալ երեխաներին, որ նրանք «հայկական դպրոցը»՝ «Այբը» ավարտելուց հետո ընդունվեն աշխարհի լավագույն բուհերը, դառնան հրաշալի մասնագետներ:

Դպրոցի օրինակը բաց է բոլոր ցանկացողների համար, ինչպես «Այբի» մշակած եւ Երեւանի ֆիզմաթ դպրոցում ներդրած ֆիզիկայի եւ քիմիայի «ԱյբԼաբ» լաբորատորիաներն են բաց ցանկացողների համար, ու հիմա, ասենք, Չեխովի դպրոցը նման լաբորատորիա է պատվիրել «Այբին»:

Քննարկման մասնակիցների մտավախությանը՝ արդյո՞ք «Այբ» կրթական հանգույցը, որը թղթի վրա իդեալական պատկեր է, չի մնա լոկ թղթի վրա, «Այբ» հիմնադրամի անդամները՝ Մեսրոպ քահանա Արամյանը, Դավիթ Սահակյանն ու Աշոտ Ասլանյանը, միայն մի պատասխան ունեին՝ «մենք վճռական ենք մեր նպատակների մեջ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել