Լրահոս
Օրվա լրահոսը

Կաշառակերների անունները չտվեց

Դեկտեմբեր 26,2009 00:00

«Թե որն է 2009-ի ամենամեծ ձեռքբերումը՝ դժվարանում եմ ասել, որովհետեւ այն, ինչ հիմա ձեռքբերում է թվում, հետո կարող է մանրուք համարվել, եւ հակառակը: Միգուցե ամրագոտի կապելն է ամենամեծ ձեռքբերումը, որը հիմա մանրուք է թվում»,- երեկ հրավիրած տարեվերջյան ասուլիսին, ամփոփելով տարին՝ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա համոզված էր, որ կառավարությունը կարողացել է ճգնաժամը հաղթահարել «մինիմալ կորուստներով» եւ եթե 2008-ին 16% տնտեսական աճի պայմաններում կառավարությունը ծախսել էր 810 մլրդ դրամ, այս տարի 15% տնտեսական անկման պարագայում շուրջ 100 մլրդ դրամով ավելի է ծախսել. «Կարեւորը՝ պարտքեր չենք կուտակել, եւ 2010 մտնում ենք 80 մլրդ դրամ կանխիկ մնացորդով»:

Վերջերս վարչապետը Հանրապետական կուսակցությանն է անդամագրվել: Թե ինչու հենց այդ կուսակցությունն է ընտրել, նա այսպես պատճառաբանեց. «Հանրապետական կուսակցությունն իր անդամների քանակով համար առաջինն է, այնտեղ հազարավոր սովորական մարդիկ են՝ ուսուցիչներ, դասախոսներ, գերակշիռ մասը ինտելիգենցիայի ներկայացուցիչներ են: Հանրապետական կուսակցության անդամ դառնալը նշանակում է, որ մենք դե յուրե ֆիքսեցինք այն, ինչ դե ֆակտո ունեինք: Մենք եղել ենք ՀՀ նախագահի թիմի անդամներ»:

Խոսելով Հայաստանում տարածված օլիգոպոլիայի մասին՝ Տ. Սարգսյանն ասաց, որ այսօր շատ պաշտոնատար անձինք զբաղվում են բիզնեսով, ինչը չպետք է թույլ տալ: Լրագրողների հարցին՝ եթե գիտեք նման անձանց, անուններ հրապարակեք, պարոն Սարգսյանը պատասխանեց. «Անուններ, իհարկե, չեմ տա: Մենք պետք է ունենանք քաղաքական կամք, որ օրենսդրական մեխանիզմներ ընդունենք ու թույլ չտանք, որ նրանք բիզնեսներ կառավարեն»:

Երբ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը հայտարարել էր, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաները զբաղված են փողերի լվացմամբ, վարչապետը կառավարության նիստում պահանջել էր պատգամավորից, որ կոնկրետ անուններ հրապարակի, որպեսզի Հայաստանում միջավայրը փոխվի եւ անհիմն մեղադրանքներ չհնչեն: Մինչդեռ վարչապետն ինքն էլ բազմիցս հայտարարել է, թե միայն հարկայինում 2000-ից ավելի կաշառակեր կա: Այս առնչությամբ «Առավոտի» հարցին՝ կհրապարակե՞ք հարկայինի այդ կաշառակերների անունները, որպեսզի Հայաստանում միջավայրը փոխվի՝ Տ. Սարգսյանը կատակով պատասխանեց. «Վաղը կաշառակերների ցուցակը կուղարկեմ ձեզ»: Նրա դիտարկմամբ՝ «Վիկտոր Դալլաքյանի հայտարարությունը վերաբերում էր բարձրաստիճան պաշտոնատար անձանց: Դա սենսացիոն հայտարարություն էր, մինչ այդ ես այդպիսի հայտարարություն չէի լսել: Այսօր Հայաստանում փողերի լվացման դեմ պայքարի այնպիսի համակարգ կա, որ չպետք է թույլ տված լիներ նման բան: Դրա համար էլ ես արձագանքեցի այդ հայտարարությանը, եւ, ինչպես պարզվեց, դա քաղաքական հայտարարություն էր պարոն Դալլաքյանի կողմից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031