Լրահոս
Օրվա լրահոսը

Օրական 5 հազար դրամ են վաստակում

Դեկտեմբեր 26,2009 00:00

\"\"Արձակուրդ են վերցրել, որ Ձմեռ պապ ու Ձյունանուշ աշխատեն

Պարզվում է՝ նախատոնական այս օրերին օրավարձով Ձմեռ պապ ու Ձյունանուշ աշխատելն ավելի եկամտաբեր է: Այդ պատճառով էլ ոմանք իրենց մշտական աշխատավայրից արձակուրդ են վերցնում ու Ձմեռ պապ ու Ձյունանուշ աշխատում:

Ձյունանուշիկ Գոհարին ու Ձմեռ պապ Արմանին հանդիպեցինք Կոմիտասի պողոտայում գտնվող «պիցցայանոցներից» մեկի մուտքի մոտ: Նրանք ջանք ու եռանդ չէին խնայում այդ հատվածով անցնող երեխաներին դուր գալու եւ պիցցայատուն՝ հաճախորդներ ներգրավելու համար: Այս զույգը ձեռքի հետ էլ յուրաքանչյուր 10-րդ պատվերին պիցցա է առաքում:

Դատելով Արմանի ու Գոհարի բարձր տրամադրությունից, կարելի էր ենթադրել, որ նրանց բարձր են վարձատրում: Ինչպես մեզ հետ զրույցում պատմեց Գոհարը, իր աշխատավայրից «մի 15 օր» արձակուրդ է վերցրել, որ Ձյունանուշ աշխատի: Հայտարարությունը կարդացել է ինտերնետից ու վստահ լինելով, որ ինքն ունի արտաքին բոլոր տվյալները Ձյունանուշ լինելու համար, միանգամից դիմել է օբյեկտի տնօրինությանը: Ճիշտ է, Գոհարն ու Արմանը օբյեկտի առաջ կանգնում են առավոտյան ժամը 11-ից մինչեւ երեկոյան 23-ը, բայց չեն դժգոհում. «Ուր էլ գնայինք, այդքան գումար մեկ օրվա համար հո չէինք վաստակելու»: 22-ամյա Արմանը գործազուրկ է եւ օրական 5 հազար դրամ աշխատավարձը Նոր տարվա շեմին շատ է անհրաժեշտ: Բարեբախտաբար, եղանակը բարեհաճ է, եւ օրվա մեծ մասը դրսում անցկացնելով՝ Գոհարն ու Արմանը քիչ են մրսում. «Հենց մրսում ենք՝ ներս ենք գնում տաքանալու»: Նրանք կաշխատեն մինչեւ հին նոր տարի: Մեր հարցին, թե զույգը չի՞ պատրաստվում Ամանորի գիշերը բնակարաններ այցելել, քանի որ այդ գիշեր Ձմեռ պապի եւ Ձյունանուշի գործն ավելի լավ է ու ամեն մի կանչը 15 հազար դրամից պակաս չէ, Գոհարն ասաց, որ իրենք պիցցայատան տնօրենի հետ պայմանավորվածություն ունեն, որ նրանց համար են աշխատելու, եւ եթե այդ օրը պիցցա ցանկացողներ լինեն՝ իրենք են առաքելու:

Փողոցում նրանց շուրջը հավաքված երեխաները հետաքրքրությամբ նայում էին Ձմեռ պապի ձեռքի մեծ պարկին: Ո՛ր երեխան պիցցայատուն էր մտնում՝ ձեռնունայն դուրս չէր գալիս, Ձմեռ պապը նկարչության տետրեր կամ գունավոր մատիտներ էր նվիրում: Նրանց շուրջը հավաքված երեխաներին հարցրինք, թե Ձմեռ պապից ի՞նչ են ուզել:

8-ամյա Անժելան ասաց, որ Ձմեռ պապին գրած նամակում «սոտվի» է ուզել: Նրան լսելով, մայրը միջամտեց. «Բայց դու գրականություն ես շատ սիրում»:

Երեխաներից ոմանք էլ թերահավատորեն էին վերաբերվում Ձմեռ պապին ու Ձյունանուշին: Հավանաբար, Արմանի գլխարկի տակից երեւացող սեւ հոնքերն ու Ձյունանուշի սեւ մազերին փակցրած շիկահեր հյուսքն էր, որ փոքրիկներին այնքան էլ հավատ չէր ներշնչում, որ նրանք իրական են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել