Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ ԱՍՏԾՈ ՏՎԱԾԻՑ

Հունվար 30,2010 00:00

Որոշ ծնողներ սեփական բարեկեցության համար պատժում են առանց այդ էլ պատժված երեխաներին ու նրանց մեկուսացնում մանկատներում:

\"\"
Ծնողներն իրենց երեխաներին թողնելով մանկատան այս դռների հետեւում՝ տարիներով չեն զանգում ու չեն այցելում իրենց փոքրիկին:

\"\"
Այս հրաշքը 1,5 տարեկան Անժելան է: Աստված նրան ստեղծել է առանց ազդրերի, որի համար ծնողները հրաժարվել են ժիր, աշխույժ ու ճարպիկ հրեշտակից: Չնայած ազդրերի բացակայությանը, Անժելան մեծ ջանքերի շնորհիվ սովորել է քայլել:

\"\"
Սա մանկատան մեծերի խումբն է: Այս երեխաներն ընդամենը ֆիզիկական խնդիրներ ունեն. մեկը տեղաշարժվում է սայլակի օգնությամբ, մյուսը կույր է, մեկ ուրիշի ակնագնդերն են բացակայում: Նրանք մանկատան ուրախությունն են: Բավական է խնդրես արտասանել՝ նրանք գարնան, արեւի, մայրիկի մասին այնպիսի բանաստեղծություններ են ասում, որ ուզում ես բոլորին որդեգրել:

\"\"
Ամենածանրը այս երեխաների համար է: Նրանց հարազատները նոր-նոր են իրենց հանձնել մանկատուն: Որպես բողոքի նշան՝ երեխաները շարունակ աղմկում են, ըմբոստանում եւ ոչինչ չեն ուզում ուտել՝ կարոտելով իրենց մոր հոտը, տունն ու հարազատներին:

Սուրենչիկը 4-5 ամսական էր, երբ ծնողները հայտնաբերեցին, որ նրա ոտքերը չեն զգում: Երեխային հետազոտելով՝ ոչ միայն Հայաստանի, այլեւ արտերկրի ամենաճանաչված բժիշկները հաստատում էին, որ երեխան երբեւէ չի քայլի: Նույնիսկ բախտագուշակներն ու գրբացները հուսահատված երեխայի մորը խորհուրդ էին տալիս համակերպվել, որ իր զավակը պետք է սայլակով տեղաշարժվի: Սուրենչիկը ծնվել էր Ռուսաստանում եւ, ինչպես հետագայում է պարզվել, ծննդաբերության ժամանակ ծնունդն ընդունող բժիշկը սխալ շարժում է արել ու երեխային ընդմիշտ դարձրել հաշմանդամ: Օր օրի Սուրենը մեծանում էր, ու օր օր ավելի էր մարում ծնողների հույսը, որ իրենց տղայի ոտքերը երբեւէ կզգան: Բժիշկներից մեկի մոտ հերթական այցելության ժամանակ հետազոտող մասնագետը մի կողմ էր տարել երեխայի պապիկ-տատիկին ու համոզել, որ ճիշտ կլինի՝ երեխային հանձնել Գյումրիի մանկատուն, որտեղ թերզարգացած, մտավոր հետամնաց, ֆիզիկական տարբեր խնդիրներ ունեցող մինչեւ 6 տարեկան երեխաներին են տանում: Կիրակի օրը Սուրենչիկի տատն ու պապը վերջնական որոշել են, որ փոքրիկին հաջորդ օրը պետք է հանձնեն մանկատուն, ծնողներին էլ ասեն, որ նա մահացել է: Բայց մինչ ճանապարհ կընկնեին Գյումրի, նրանց հասնում է լուրը, որ Սուրենչիկի հայրը աշխատավայրում հրդեհվել է: Նրան չի հաջողվել փրկել: Հասկանալով, որ տղայի մահը կարծես Աստծո պատիժը լինի՝ հարազատները մեկընդմիշտ հրաժարվել են հաշմանդամ երեխային մանկատուն հանձնելու մտադրությունից: Հիմա Սուրենը 6 տարեկան է: Նա ոչ միայն ընտանիքի, այլեւ ողջ գյուղի ուրախությունն է, գյուղում չկա մեկը, որի տնազը նա չկարողանա անի: Չափազանց մեծ հումոր ունի եւ չնայած տեղաշարժվում է սայլակով, քեֆերի ժամանակ ամենաշատ պարողը, քեֆ անողը ինքն է:

Ներկայումս Գյումրիի մանկատանը 119 երեխա կա: Նրանց բոլորի ծնողները հրաժարական են գրել ու «հեշտ ճանապարհով» ազատվել հաշմանդամ երեխա ունենալու «հոգսից»: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց մանկատան տնօրեն Ռուզաննա Ավագյանը, հայկական մենտալիտետը ստիպում է, որ ծնողներն իսկապես հրաժարվեն ֆիզիկական կամ մտավոր խնդիրներ ունեցող իրենց երեխաներից, մանավանդ, եթե այլ երեխաներ էլ ունեն. «Չեն ուզում նրանց բախտի վրա քար գցել, մտածում են՝ եթե տանը հաշմանդամ լինի, հնարավոր է իրենց աղջկան չուզեն կամ տղայի հետ չամուսնանան: Գիտեք, թե հայերը ամուսնանալուց առաջ ինչպիսի խորությամբ են հետաքրքրվում իրենց ընտրյալի անցյալով, հիվանդություններով ու ընտանիքով»: Փաստորեն, հաշմանդամ երեխան հայ ընտանիքներից շատերի համար համարվում է խոչընդոտ ու հոգս, որից ծնողները շտապում են հրաժարվել: Ուստի շատ հայրեր ու մայրեր, գիտակցելով, որ իրենց երեխան արդեն պատժված է իր ճակատագրով, եւս մեկ անգամ պատժում են նրան ու մեկուսացնում մանկատանը: Իհարկե, մանկատանը հրաշալի պայմաններ են, եւ աշխատակիցներն էլ փոքրիկների մասին հոգ են տանում իրենց սեփական երեխաների նման, սակայն տեսնել է պետք, թե ինչպես են տանջվում հատկապես ծնողներից նոր կտրված եւ դեռ մանկատանը չադապտացված երեխաները: Ռ. Ավագյանը պատմում է, որ անգամ մտավոր ամենաթերզարգացած երեխաները, որոնք, թվում է, թե ոչինչ չեն հասկանում, ամիսներով խենթի պես մանկատան պատերի մեջ փնտրում են իրենց մոր հոտը, կարոտում են իրենց տունն ու շրջապատող մարդկանց: Նրանցից շատերը, մանկատուն ընդունվելով, ըմբոստանում են, կռիվ են տալիս մանկատան աշխատակիցների հետ ու ոչինչ չեն ուտում: Որքան էլ մանկատան մասնագետները հոգ տանեն երեխայի մասին, մոր քնքշանքին ոչինչ չի կարող փոխարինել: Ոչ ոք չի կարող բացատրել մի քանի ամսական երեխային, որ ինքը հոգս է եղել իր ընտանիքի համար, որ ծնողները չեն ուզեցել հաշմանդամ երեխա պահել ու գերադասել են մի հրաժարականով ընդմիշտ մահացած համարել իրենց բալիկին, քան խնամել նրան: Տնօրենի խոսքերով՝ «Հազարից մեկ է պատահում, որ ծնողը երեխային հանձնելուց հետո այցելի կամ գոնե զանգի՝ նրա ողջությունն իմանալու համար: Պատահում է, որ երեխայի մահանալուց հետո մենք ենք զանգում, որ վերցնեն նրա դին՝ չեն գալիս ու չեն տանում»: Տիկին Ավագյանն ասում էր, որ չի մեղադրում ոչ մի ծնողի, որովհետեւ, ըստ նրա, ծնողը չի ուզում երկրորդ անգամ վերապրել երեխային կորցնելու վիշտը: Նա արդեն ինչ-որ կերպ հարմարված է լինում երեխայի կորստի հետ ու եւս մեկ անգամ այդ ամենի միջով անցնելն անտանելի ծանր է նրանց համար: Սակայն, միեւնույն է, ով մեկ անգամ այցելի Գյումրիի մանկատուն՝ չի կարող չասել, որ այդ երեխաներից հրաժարվելն իսկապես մեղք է: Այնտեղ այնպիսի երեխաներ կան, որոնք միայն չեն տեսնում կամ զուտ տեղաշարժվելու խնդիր ունեն: Նման երեխաներին մանկատանը թողնելը եւ ընտանեկան ջերմությունից զրկելը իսկապես անհասկանալի մի դաժանություն է: Մեր այցելության պահին երեխաներից շատերը, տեսնելով, որ հյուր ունեն՝ արտասանում էին, երգում ու փորձում էին իրենց դրսեւորել լավագույնս: Նրանցից յուրաքանչյուրը կարող էր ընտանիքի լույսը լինել եւ Սուրենչիկի պես ուրախացնել բոլորին: Մանկատան աշխատակիցները պատմում են, որ երեխաների բեմադրած հանդեսներն ու միջոցառումները պարզապես ապշեցուցիչ են: Ճիշտ է, նրանց հետ ամենօրյա մեծածավալ աշխատանք է տարվում, բայց նույնը կարող էր անել նաեւ նրա հայրը կամ մայրը, որովհետեւ աշխարհում երեխայից, նրա ժպիտից թանկ բան ծնողների համար պետք է որ չլինի եւ կարեւոր չէ՝ այդ ժպիտը հաշմանդա՞մ, թե՞ ոչ հաշմանդամ երեխայինն է:

Չնայած Գյումրիի «Երեխաների տունը» մինչեւ 6 տարեկան երեխաների համար է, Խորենին այնքան են սիրել, որ մինչեւ 13 տարեկան դառնալը մանկատանն են պահել: Հետո նա տեղափոխվել է «Հույս» մանկատուն, բայց մանկատան հետ կապը պահպանում է: «Խորենս ոսկրային համակարգի հետ կապված խնդիրներ ունի՝ կոշկակարի կուրծք, կոնքազդրային հոդախախտ, տափակ գլուխ: Սակայն դա նրան չի խանգարում մեծ բեմեր դուրս գալ ու մցանակներ շահել իր հզոր ձայնի շնորհիվ: Նա Լենինգրադում ու Լեհաստանում անցկացված մրցույթներից մրցանակներով է վերադարձել: Հիմա Խորենը ճանաչված երգիչ է եւ սովորում է Գեղարվեստի ակադեմիայի վոկալի նախապատրաստական կուրսում: Մենք ենք նրան տարել դպրոց ու ամեն կերպ աջակցել՝ իր նպատակներին հասնելու համար: Չեմ մոռանա, որ երբ Խորենին պետք է տեղափոխեինք այլ մանկատուն՝ տարիքի պատճառով, զանգեցի նրա հորը, ասացի, որ գան մանկատնից երեխային վերցնեն, սակայն հայրն ինձ այսպես պատասխանեց՝ յանի խելքդ հասե՞լ է, որ ինձ ես զանգել: Ես ստիպված եղա նրան մեր մանկատնից այլ մանկատուն տեղափոխել՝ ընտանիք վերադարձնելու փոխարեն»,- պատմեց Ռ. Ավագյանը: Նա համոզված է, որ չնայած Խորենի ծնողները նրանից հրաժարվել են եւ չեն ուզում իրենց երեխային գոնե մեկ անգամ այցելել՝ Խորենը կյանքը կտա իր ծնողներին տեսնելու համար. «Նա փնտրում է իր ծնողներին ու կարոտում»:

Տիկին Ավագյանը պատմում է, որ երբեմն ծնողները ստիպված են իրենց երեխային հանձնում, որովհետեւ բժիշկները նրանց իսկապես հուսահատության են հասցնում, ասում են, որ երեխան բազմաթիվ արատներ ունի, որ երկար չի ապրի եւ այլն: Տնօրենը հիշեց մի դեպք, որ 30-ամյա երիտասարդ հայրիկը նորածին երեխային ձեռքը, արցունքն աչքերին եկել է մանկատուն ու խնդրել, որ երեխային ընդունեն. «Այդ ժամանակ մանկատանը տեղ չկար, բայց ստիպված էի ընդունել, որովհետեւ աչքիս առաջ տղամարդն աղեկտուր լացում էր: Երեխան 5 հարկանի դիագնոզ ուներ, ըստ որի՝ մտավոր հետամնաց էր, կույր, պարալիչ ուներ եւ այլն: Սակայն մի քանի ամիս պահելուց հետո մեր աշխատողը նկատեց, որ երեխան կույր չէ, տեսնում է: Ավելին՝ նա դեռ քայլակի մեջ քայլում էր, բայց արդեն ճանաչում էր բոլոր աշխատողներին: Երեխան մի իսկական գեղեցկուհի էր, նա 1 տարեկան չկար՝ արդեն քայլում էր, շատ լավ զարգանում: Նա լրիվ առողջ երեխա էր: Մանկատան փաստաթղթերում միայն երեխայի տատիկի հեռախոսահամարն էին թողել, երբ զանգեցի ու ասացի՝ չե՞ք ուզում հետաքրքրվել, թե ձեր բալիկն ինչպես է, նա միանգամայն առողջ երեխա է, տատիկը չհավատաց: Ես ստիպված էի համոզել նրան, որ անպայման տեղյակ պահի երեխայի ծնողներին ու գան նրան տանեն մանկատնից: Ծնողները նույնպես չէին հավատացել, որ իրենց աղջիկը, որին հույս չէին տվել, առողջ է, երբ մանկատուն մտան, երեխան իր քայլերով ընդառաջ գնաց ծնողներին, նրանք հուզվել էին, բայց էլի չէին հավատում իրենց տեսածին, մինչեւ որ նրան չէին տարել հիվանդանոց ու բազմաթիվ ստուգումներից հետո բժիշկները չէին հաստատել, որ հրաշք բալիկն իսկապես առողջ է: Մինչ օրս նրա ծնողներն ու հարազատները ամեն առիթի զանգում են մանկատուն ու շնորհակալություն հայտնում իրենց ընտանիքի երջանկությունը վերադարձնելու համար»:

Մանկատան տնօրինությունը բարեգործական ծրագրերի միջոցով փորձում է վիրահատել երեխաներին: Օրերս Երեւանի հիվանդանոցներում 3 երեխայի են վիրահատել՝ դիմածնոտային ձեւափոխումն ուղղելու եւ ծուռթաթությունը վերացնելու համար: Երբ վիրահատությունը հաջող է ընթանում, մանկատնից անպայման տեղյակ են պահում երեխայի կենսաբանական ծնողներին ու խնդրում մանկատնից վերցնել իրենց երեխային: Ինչպես նշեց Ռուզաննա Ավագյանը, միշտ չէ, որ ծնողներն այդքանից հետո գալիս են իրենց մանկան հետեւից: Այդպիսի դեպքերում ստիպված երեխային ուղարկում են ուրիշ մանկատուն կամ հանձնում են խնամակալության: Օրինակ, մանկատնից խնամակալության են տվել Անուլիկին: Նկարչական տաղանդ ունեցող երեխայի աջ ձեռքի մատները բացակայում են, սակայն միայն ձախ ձեռքով նա կտավի վրա իսկական արվեստի գործեր է ստեղծում:

Մանկատան մնացած 119 երեխաների մեջ, անշուշտ, կան տաղանդավոր, խելացի ու շնորհալի մանուկներ, որոնք դեռ զարմացնելու են բոլորին իրենց կարողություններով ու ստիպելու են ոչ միայն մանկատան տնօրինությանը, այլեւ ողջ ազգին հպարտանալ իրենցով: Նրանք մանկատան դրական մթնոլորտում մեծանում են ավելի ազնիվ, անկեղծ ու մաքուր: Ճիշտ է, այն բանից հետո, երբ ծնողները հրաժարվում են իրենցից՝ երեխաները մեծ սթրես են տանում ու ամիսներով չեն կարողանում ուշքի գալ, սակայն մեծ հաշվով նման ծնողներին կորցնելով՝ նրանք ոչինչ չեն կորցնում: Իրական կորուստը ծնողներինն է:

Մանկատուն այցելությունից հետո մի քանի օր ես չէի կարողանում քնել, չնայած որեւէ երեխայի հետ արյունակցական կապեր չունեմ: Հաշվի առնելով, որ մանկատան երեխաների մի մասը բարձրաստիճան պաշտոնյաների, ճանաչված մարդկանց, նրանց հարազատների երեխաներն են, պարզապես անհասկանալի է, որ նրանք ընդհանրապես չեն այցելում այդ երեխաներին՝ թեկուզ մի քանի գիշեր չքնելու գնով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել