Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՆՑ ՍԻՐՈ ՈՉԻՆՉ ՉԻ ԼԻՆՈՒՄ. ԻՍԿ ԱՂԻ ԲԼԻԹԻ ՎՐԱ ՀՈՒՅՍ ԴՆԵԼ ՉԱՐԺԵ

Հունվար 30,2010 00:00

Մեկնաբանում են մարզաշխարհի ներկայացուցիչները

Ասում են՝ սերն ամեն ինչ է. առանց սիրո «անհաջողակ» ես ոչ միայն կյանքում, այլեւ մասնագիտության մեջ, աշխատանքում, անգամ կենցաղում: Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է երիտասարդների եւ սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը: Այս առնչությամբ «Առավոտը» զրուցեց մարզաշխարհի բնագավառում հայտնի մարդկանց հետ։

Ա՜խ, այդ գերբնական ուժը…

\"\"Վիկ Դարչինյանի անձնական մարզիչ, Հայաստանի վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար, ոստիկանության գնդապետ Վազգեն Բադալյանի բնութագրմամբ, սերն Աստծուց տրված զգացմունք է. «Իմ կյանքում առանձնահատուկ տեղ է գրավում մայրական սերը, մայրապաշտ եմ»: Բացի մարզիչ լինելուց, Վ. Բադալյանը նաեւ նկարիչների միության պատվավոր անդամ է, իսկ նկարների հիմնական թեման սերն է կնոջ նկատմամբ: Ասում է՝ «Աշխարհում ամեն ինչ սկսվում է կնոջից ու ավարտվում այդ գերբնական էակով»: Աղաբլիթ ուտելու առիթ չի ունեցել մի պարզ պատճառով՝ կնոջը շուտ է հանդիպել: Առաջին անգամ սիրահարվել է 11 տարեկանում, նշանվել՝ 16-ում, երբ ապագա կինը ընդամենը 9-րդ դասարանի աշակերտուհի էր, իսկ ինքը սովորում էր 10-րդ դասարանում: «Ով սեր չունի, աղի բլիթին հավատում է, որ սիրած էակին փնտրի, տեսնի: Ես ժամանակ չեմ ունեցել դա անելու, որովհետեւ շուտ գտել եմ երկրորդ կեսիս,- առանձնակի հպարտությամբ նշում է վաստակավոր մարզիչն ու հավելում,- Երբ դպրոցում սովորելիս նշանվեցինք, ուսուցիչների քննադատության առարկան դարձանք: Հետո հասկացան, որ շնորհքով մարդ ենք, իրար սիրում ենք»կիցը: Հայտնի մարզիչն այսօր արդեն 2 տղա, մեկ աղջիկ, 5 թոռ ունի: Վազգեն Բադալյանը, սակայն, հավաստիացնում է, որ այսօրվա երիտասարդներն իրենց չեն կարող թույլ տալ վարվել այնպես, ինչպես ինքը 1973 թվականին արեց, որովհետեւ. «Ժամանակները փոխվել են, եւ հիմա երիտասարդներից քչերն են պատրաստ դրան՝ ե՛ւ հոգեպես, ե՛ւ ֆիզիկապես: Երբ ես էի նշանվում, մեկի փոխարեն երկու տեղ էի աշխատում, նույնիսկ հայրիկիցս շատ գումար էի վաստակում, իսկ այսօր հազվադեպ ջահելներ այդ հնարավորությունն ունեն»:

Սիրելու համար պետք է նաեւ ռեալիստ լինել

\"\"Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանն առաջին անգամ սիրահարվել է 3-րդ դասարանում, սակայն դպրոցական հասակում ծնված զգացմունքը, նրա կարծիքով, կույր սեր է: Պարոն Ներսիսյանը երբեք աղի բլիթ չի կերել, որովհետեւ չի հավատում. «Կյանքում ռեալիստ եմ»:

\"\"Օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի համար սերն ամենակարեւորն է, իսկ առանց սիրո կյանք չկա: «Առաջին անգամ սիրահարվել եմ 5 տարեկանում, դրանից հետո անընդհատ սիրահարվել եմ»,- ասում է նա: Իսկ մասնագիտության նկատմամբ սիրո մասին Ջուլֆալակյանը նշեց. «Ամեն մարդ պարտավոր է սիրել այն գործը, որով զբաղվում է, այլապես այդ աշխատանքը չի հարգվի»:

Շախմատի միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը եւս անընդհատ սիրահարվել է, բայց ամուսնացել է հասուն տարիքում. «Սիրելով եմ ամուսնացել, ոչ թե հրապուրանքով: Առաջին հայացքից հնարավոր է սիրահարվել, կարող է առաջանալ համակրանք, որը հետագայում վերածվի սիրո»: Աղի բլիթին Ա. Վարդապետյանը չի հավատում ու չի էլ կերել. «Կարծում եմ՝ այդ օրը մեխանիկորեն է նշվում»:

Փաստորեն՝ սիրահարվելու համար ժամանակ էլ է պետք

\"\"Գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար՝ ուրախ լուր. ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն եւ աշխարհի փոխչեմպիոն, երիտասարդ Առաքել Միրզոյանի սրտում դեռ ոչ ոք չկա ու չի եղել, սակայն գեղեցիկ սեռի շատ ներկայացուցիչների համար Առաքելի սրտին հասնելու ճանապարհը նրան ծանրամարտը թողնել ստիպելն է: Իսկ դա, պարզվում է, այնքան էլ հեշտ չէ: «Սիրո մասին դեռ չեմ հասցրել մտածել, որովհետեւ ժամանակ չունեմ, չեմ կարող մարզումներս թողնել, որ ուրիշ բաներով զբաղվեմ»,- ասաց Առաքելը ու մանրամասն ներկայացրեց իր առօրյան. «Առավոտյան արթնանում եմ, մինչեւ սնվում եմ, կերածս մարսում, ժամը 11-ն է լինում, հետո մինչեւ 2-ը՝ պարապմունք, գալիս եմ տուն, նորից հանգստանում, դառնում է 4-5-ը, քնում եմ, 6-ն անց կես նորից գնում եմ պարապմունքի: Մինչեւ գալիս եմ, լինում է 12-ը: Էլ որտեղի՞ց հասցնեմ սիրահարվել»: Երիտասարդ ծանրամարտիկը, սակայն, գտնում է, որ կյանքում մեծ տեղ պիտի տալ սիրուն. «Եթե ժամանակ չունես, պետք չէ շտապել, որպեսզի ընկերուհիդ չնեղվի, երբ չհասցնես գոնե մի տեղ տանել»: Հարցին՝ իսկ այդ բացակայությունից չե՞ք նեղվում: Պատասխանեց. «Ոչ, որովհետեւ իմ մտքում հիմա միայն մրցումներս ու պարապմունքներս են: Հենց զգամ, որ ազատ ժամանակ ունեմ, կսկսեմ այդ մասին էլ մտածել, ամուսնանալն ու ընտանիք կազմելը լավ բան է»: Իսկ աղի բլիթի մասին էլ ծանրամարտի նվիրյալն ասաց, որ ամեն տարի կերել է, բայց ոչ մի բան չի տեսել. «Վերջին 2-3 տարում, որ կերել եմ, երազ ընդհանրապես չեմ տեսել, որովհետեւ հենց ծարավել եմ, չեմ դիմացել, զարթնել, հյութ եմ խմել»: Երիտասարդը կարծում է, որ տղամարդու համար 24-25 տարեկանն է ամենալավ տարիքը՝ գիտակցորեն սիրելու ու ամուսնանալու համար, իսկ վաղ տարիքում ամուսնանալը, ըստ Առաքելի, ճիշտ չէ. «Մարդիկ կան՝ 18 տարեկանում իբրեւ թե իրար սիրում, ամուսնանում են, մի տարի անց էլ ընդհանրապես չեն ուզում իրար տեսնել»:

Ծանրաձողին՝ ինչպես կնոջը

Օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանը գտնում է, որ սերն ու սպորտն իրար մոտ են. «Ծանրաձողը համեմատում եմ սիրուն աղջկա հետ: Ծանրաձողին, ինչպես կնոջը, պետք է քնքշորեն մոտենալ, այլապես վեր չի բարձրանա»: Իսկ թե ե՞րբ է առաջին անգամ սիրահարվել, չեմպիոնն ասաց. «Տո՛, ես ե՞րբ եմ սիրահարվել, ես սիրահարվել եմ միայն ծանրաձողին, իսկ ավելի լուրջ՝ 18-19 տարեկանում»:

Եթե հավատաս, կիրականանա

Ծանրամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանն էլ մեր հարցմանն այսպես արձագանքեց. «Վա՛յ, նման հետաքրքիր հարցեր միշտ չեն տալիս, երկար պետք է մտածեմ, խոսքը գերագույն զգացողության մասին է: Ինձ համար սեր բառը շատ փոքր է այդ զգացողությունը արտահայտելու համար: Սեր կարող է լինել ընտանիքի, սիրած կնոջ, աշխատանքի նկատմամբ, իսկ նրա հզորությունը այն է, որ ինչի հետ կապված լինի այդ զգացողությունը, ամեն գործում մեծ հաջողություն կունենաս»: Հավաքականի գլխավոր մարզիչն առաջին անգամ սիրահարվել է 14 տարեկանում, իսկ աղի բլիթ երեւույթին դրական է վերաբերվում. «Կարեւոր է դրան հավատալը, իսկ երբ ինչ-որ բանի հավատում ես, անպայման իրականանում է: Հենց այնպես ոչինչ չկա»:

Ջահել ժամանակ երազումս մեդալներ էի տեսնում…

Հայաստանի ռեգբիի ֆեդերացիայի նախագահ Յուրա Բեգլարյանի խոսքով՝ «Մեր կյանքը սկսվում ու վերջանում է սիրով: Հասուն տարիքում ավելի շատ ես գնահատում սերը: Գնալով ավելի շատ եմ սիրում կնոջս»: Իսկ աղի բլիթի մասին էլ մեր զրուցակիցն ասաց. «Բոլոր ավանդույթներին հավատում եմ, մինչեւ հիմա Ձմեռ պապին էլ եմ հավատում: Իսկ եթե աղի բլիթին հավատաս, անպայման սիրած էակիդ այդ օրը կտեսնես երազում»: Հարցին՝ երազում տեսե՞լ է իր կնոջը, ֆեդերացիայի նախագահը պատասխանեց. «Մինչեւ ամուսնանալս սիրահարված եմ եղել սպորտին, այդ ժամանակ միայն մեդալներ էի տեսնում»:

Ինքնամոռաց սիրահարվածություն

\"\"Մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանն ապագա կնոջը երազում է տեսել, իսկ առաջին անգամ ինքնամոռաց սիրահարվել է 3 տարեկանում: Ախալքալաքցի Կարեն Գիլոյանն ավանդապահ ընտանիքում է մեծացել ու հիշում է. «Ախալքալաքին հարեւան Դիլիշկա գյուղում Սուրբ Սարգիս եկեղեցի կար, եւ մենք ամեն տարի, Սուրբ Սարգսի գիշերը ոտքով ուխտ էինք գնում… մինչեւ հիմա էլ պարտադիր ծոմ ու պահք եմ պահում»: 1992 թվականին նույն նպատակով Ախալքալաք գնալով ու մոմ վառելով՝ գիշերը կլոր մատանու մեջ տեսնում է ապագա կնոջ դեմքը, ում հետ 3 ամիս անց ամուսնանում է: Մեր զրուցակիցը ինքնամոռաց սիրում է նաեւ իր մասնագիտությունը եւ գտնում. «Առանց սիրո ոչինչ պետք չէ անել, սիրել պետք չէ առանց սիրո: Եթե մի բան սիրելով չես անում, դատապարտված է կործանման, իսկ եթե սեր կա, ամեն ինչ լավ կլինի: Որ չսիրեի՝ կարո՞ղ էի կլոր 24 ժամ աշխատել…»,- ասաց կնոջը մեծարող ու փառաբանող մեկնաբանը ու երիտասարդներիս շնորհավորելով տոնի առիթով՝ մաղթեց սեր:

 

Հույսդ աղի բլիթի վրա մի դիր

\"\"Սպորտային լուսանկարիչ Հակոբ Բերբերյանը աղի բլիթին չի հավատում, բայց գտնում է, որ ավանդույթները պահպանելը լավ է, ուստի Սուրբ Սարգսի տոնին աղաբլիթ փորձել է, բայց՝ ոչ նպատակային, երազում հատուկ ինչ-որ մեկին տեսնելու համար. «Եթե հույսդ դնես բլիթի վրա, այդպես էլ մենակ կմնաս: Պիտի նաեւ ինքդ ջանք ներդնես, որ սովորույթը իրականություն դառնա»: Իսկ սերը, մեր զրուցակցի բնութագրմամբ՝ «Հոգեւոր արժեքներից մեկն է, առանց որի կյանքում ամեն ինչ անիմաստ է»: Հակոբն անկեղծանում է, որ իր առաջին սերը 6 տարեկանում է եղել: «Մինչեւ հիմա նույնիսկ անունն ու արտաքինն եմ լավ հիշում՝ Վալյա էր անունը՝ բոյով-բուսաթով»,- Ծաղկաձորի ձնառատ լեռներից մանկական հիշողությունները հեռախոսով մեզ փոխանցեց լուսանկարիչը: Նրա ֆոտոխցիկը սպորտի բնագավառի մարդկանց նկարելիս էլ յուրահատուկ սեր է արտահայտում, բայց լուսանկարչին միայն ֆոտոխցիկը չի բավարարում. մանկուց երաժշտությամբ է զբաղվում ու սիրո «դրսեւորումները» արտահայտում նաեւ երաժշտական տարբեր գործիքների միջոցով:

 

 

Սիրելիիս միշտ եմ երազումս տեսնում

ՀՀ սպորտի եւ երիտասարդության փոխնախարար Խաչիկ Ասրյանի համար էլ. «Սերը բարձրագույն արժեք է՝ իմ ընտանիքն է, հայրենիքն ու պետականությունը»: Պարզվում է՝ Խաչիկ Ասրյանը 26 տարեկանում է սիրահարվել ու նույն տարիքում էլ ամուսնացել է: Փոխնախարարը թեեւ աղի բլիթին չի հավատում, բայց ամեն տարի էլ փորձում է ու ավելացնում. «Աղի բլիթ հարկավոր չի, որ սիրելիիս տեսնեմ, քանի որ միշտ երազումս կնոջս եմ տեսնում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել