Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐԻ ՀԱՆԴԻՊԵՆՔ, ԿՏԵՆԱՍ, ԹԵ ԻՆՉ ՏԻՊՆ ԵՄ ԵՍ…»

Հունվար 30,2010 00:00

www.hyesingles.com-ում փնտրվում է տղամարդ

«Ես 26 տարեկան եմ, ծխում եմ, խմում եմ, երեխաներ չունեմ, չեմ էլ ուզում ունենալ»,- www.hyesingles.com կայքում իրեն այսպես է ներկայացնում հայուհի Մարինեն: Նա, ինչպես նաեւ կայքում ամենաէրոտիկ լուսանկարներով իրենց գովազդող մյուս հայուհիները, երբեմն իրենց ապրելակերպի, ցանկությունների, կրոնական պատկանելության եւ կրթության մասին այնպիսի տվյալներ են գրում, որ դժվար է լինում հավատալ՝ նրանք իսկապե՞ս հայ են, թե՞ Մոզամբիկից կամ այլ վայրերից: Շատերը, նույնիսկ Հայաստանի ամենահեռավոր մարզերում բնակվող աղջիկները նշում են, որ մոլի ծխախոտամոլ են, սիրում են խմել եւ փնտրում են մի տղամարդու, ում հետ խելահեղ սեքս կանեն, սքանչելի ժամանակ կանցկացնեն ու, հավանաբար, այդքանից հետո նրանց հետ կկապեն իրենց կյանքը:

Նշենք, որ պետք չէ աչք փակել այն բանի վրա, որ այդ կայքից արտասահմանցիները հայ աղջիկների մասին կարծիք են կազմում, ու տարօրինակն այն է, որ, օրինակ, Տավուշի մարզի ամենախուլ գյուղի 50-55-ամյա կանայք, իրենց սեքսուալ նկարները տեղադրելով ինտերնետում, «տղա կպցնելու» համար այնպես են գովազդում իրենց մարմինն ու գեղեցկությունը, որ Երեւանի նույնիսկ ամենաառաջադեմ ջահելները չէին կարող իրենց այդպես ներկայացնել: www.hyesingles. com-ում, օրինակ, աշտարակցի Ժաննան վստահեցնում է, որ ինքը շատ հետաքրքիր կին է՝ բոլոր առումներով: «Չնայած 55 տարեկան աղջիկ եմ, բայց ոչ ոք ինձ իմ տարիքը չի տա, այդքան երիտասարդ ու սիրուն եմ երեւում: Ես ուզում եմ սերս տամ մեկին, ով կսիրի, կհարգի ու կփայփայի ինձ»,- համենայնդեպս ինքն իր «անկետայում» այսպես է լրացրել աշտարակցի Ժաննան: Ուսումնասիրելով կայքի հայուհիներին, մի հետաքրքիր փաստի եւս ականատես եղանք՝ ծխող, խմող շատ հայուհիներ, որպես կրոնական պատկանելություն, նշում են, որ ոչ թե քրիստոնյա են, այլ՝ մուսուլման, բուդդայապաշտ կամ աթեիստ:

Մեծահասակ կանայք, իրենց կերպարում ինտրիգ եւ հետաքրքրություն մտցնելու համար նշում են, որ «չենք ուզում մեզ ավել-պակաս ներկայացնել, արի հանդիպենք, կտենաս, թե ինչ տիպն եմ ես: Եթե չգաս՝ դու կորցնելու բան ունես»: Ընդ որում, նշելով ամսական եկամտի չափը՝ հայուհիները 6-7 զրոներով այնպիսի թվեր են գրել, որ կարելի է կարծել՝ բոլորը հայտնի սերիալի՝ «Վիպոյանների» ընտանիքից են:

Ընդհանրապես այդ կայքում հայ կանանց ու աղջիկների տվյալները կարդալով՝ տպավորություն ես ստանում, որ բոլոր հայուհիները անգրագետ, լկտի ու անհավատ մարդիկ են, որոնք տղայի հետ մի գիշերվա համար պատրաստ են նույնիսկ մեռնել: Նրանք այնպես են համոզում կայք այցելած տղաներին, որ իրենց նամակ գրեն, հանդիպեն, որ թվում է՝ երկրագնդի տղամարդիկ անհետացման եզրին են:

Օրինակ, Կոտայքի մարզից 60-ամյա Նառան գրել է, որ տղամարդիկ տարիքին չխաբվեն ու «հուշտ» լինեն: Ինչպես ինքն էր հավաստիացնում՝ 20 տարեկանին վայել այնպիսի բաներ կարող է անել, որ իր կողքի տղամարդը գլխի չընկնի Նառայի իրական տարիքի մասին: Նա խոստանում է «դրախտի դռները բացել» այն տղամարդու համար, ով ուշադրություն կդարձնի իր վրա ու կծանոթանա իր հետ: «Ես տաք եմ, ակտիվ եւ աթլետիկ կազմվածք ունեմ: Դրանց մոտիկից ծանոթանալու համար պետք է գործել…»,- գրում է նա՝ հավելելով, որ երեխաներ չունի, բայց ցանկություն ունի ունենալ:

Որպես կանոն, աղջիկները նշում են, որ կցանկանան արտասահմանցի փեսացուներ գտնել՝ ամուսնության համար: Օրինակ, 57-ամյա ճերմակ մազերով, կարմիր շրթներկով Ռոզա տատին գրում է, որ փնտրում է տղամարդ՝ Ամերիկայում, ում հետ կանցկացնի կյանքի մնացած մասը: Նա նշում է, որ «քաղցր» կին է, սիրում է լողալ, խաղալ բասկետբոլ, թենիս, ֆուտբոլ եւ գոլֆ. հետաքրքիր է՝ նա որտե՞ղ է սովորել գոլֆ խաղալ…

Իսկ 63-ամյա Սեդան գրում է, որ ռոմանտիկ է եւ երազում է գտնել մի տղամարդու, ով կսիրի ու կհասկանա իրեն: 58-ամյա Սուսամբարն էլ փնտրում էր մինչեւ 49 տարեկան տղամարդու, իսկ 59-ամյա Հասմիկը, որը վստահ է, որ ինքը «սեքսուալ եւ անկախ» կին է, փնտրում է պարզապես հայ տղամարդու՝ նրան երջանկացնելու համար: Հասմիկը լսել է, որ տղամարդուն գրավելու ամենահեշտ ճանապարհը նրա ստամոքսի պահանջները բավարարելն է, ուստի խոստանում է իր հետ ծանոթացող տղամարդու համար լավ հայկական ուտելիքներ պատրաստել…

58-ամյա Ծիծեռնակի կարգախոսն է՝ «Ընդ եղեգան փող բոց ելաներ»: Մարդկային ջերմության կարիք ունեցող կինը տղամարդկանց համոզում է, որ անպայման ծանոթանան իր հետ:

Նշենք, որ բոլոր կանայք վստահեցնում են, որ բարձրագույն կրթություն ունեն, դոկտորական են պաշտպանել եւ այլն, սակայն դատելով նրանց հայերենից, ակնհայտորեն երեւում է, թե ով՝ մինչեւ որ դասարանն է հասցրել սովորել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել