Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՍ ՄԻ ԵՐԹՆ ԱՆՑԱՎ ԱՌԱՆՑ ՄԻՋԱԴԵՊԵՐԻ

Փետրվար 27,2010 00:00

\"\"Իսկ նախորդ՝ փետրվարի 19-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ արձանագրված միջադեպերի առնչությամբ քրգործ չի հարուցվել:

Երեկ Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի ներկայացուցիչների ուրբաթօրյա ավանդական բողոքի երթը, որ սովորաբար ընթանում է դեռեւս անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով, նաեւ մարտի 1-ին կայանալիք հանրահավաքի մասին իրազեկելու նպատակ ուներ: ՀԱԿ-ի ակտիվիստները երթի ընթացքում քաղաքացիներին հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկներ ու տեղեկատվական թերթիկներ են բաժանել, որովհետեւ, ինչպես Կոնգրեսի ներկայացուցիչներն են պնդում՝ հայաստանյան հեռուստաընկերություններից որեւէ մեկը չի համարձակվում սպասվող զանգվածային միջոցառման մասին ոչ միայն իրազեկող գովազդներ տեղադրել, այլեւ մի բառ անգամ ասել: Իսկ մարտի 1-ին Մատենադարանի մոտ կայանալիք հանրահավաքի առանցքային թեմաներից մեկն, անշուշտ, լինելու է 2008թ. «Մարտի 1»-ի ողբերգությունը: Խոսվելու է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում տեղի ունեցող, Կոնգրեսի ձեւակերպմամբ՝ վտանգավոր զարգացումների, տնտեսական ճգնաժամի ու նաեւ Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնմանն առնչվող խնդիրների մասին: ՀԱԿ-ը խոստանում է, որ հանրահավաքում վերը նշված հարցերի շուրջ հանդես կգա ծրագրային առաջարկներով, եւ, իհարկե, հանրահավաքը ավանդաբար կեզրափակի ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Հիշեցնենք, որ Կոնգրեսի հրավիրած մարտիմեկյան հանրահավաքի ու դրան հաջորդող երթի մասին ծանուցումը Երեւանի քաղաքապետարանը ի գիտություն է ընդունել, ասել է թե՝ «արտոնել» է:
Ինչ վերաբերում է երեկ տեղի ունեցած բողոքի ակցիային, ապա Կորյուն փողոցից մեկնարկած եւ մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով անցած երթի ընթացքում այս անգամ միջադեպեր չեղան: Պատճառը, թերեւս, ոչ միայն այն էր, որ երիտասարդներին ուղեկցող ոստիկանների թիվն, ուստիեւ՝ անկարգություններ սադրողներն էին սահմանափակ թվով՝ մոտ երեք-չորս հոգի, այլեւ այն, որ ի տարբերություն փետրվարի 19-ի երթի, դրան հետեւում էին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները: Մեր հարցին, թե՝ արդյոք նախորդ երթի փորձը նկատի ունենալո՞վ էր, որ այս անգամ ՀՀ Օմբուդսմենի ներկայացուցիչներն ուղեկցում էին երթը, Կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանն ասաց, որ իրենք միշտ եւ զանգվածային բոլոր միջոցառումների անցկացումից առաջ դրանց մասին տեղեկացնում են ՄԻ պաշտպանի գրասենյակին: Նրա ասելով, այդպես էր եղել նաեւ նախորդ անգամ՝ փետրվարի 19-ին, երբ բողոքի ակցիան ուղեկցվել էր երթի մասնակիցների եւ ոստիկանության ուժերի միջեւ բախումներով, եւ արդյունքում ծեծի եւ բերման էին ենթարկվել ՀԱԿ-ի 6 ակտիվիստները՝ Սարգիս Գեւորգյանը, Սերգեյ Գասպարյանը, Վահագն Գեւորգյանը, Արեգ Գեւորգյանը, Տիգրան Առաքելյանն ու Վարագ Նահապետյանը:
Ի դեպ, Վլ. Կարապետյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում անդրադարձավ նախօրեին այդ փաստի առնչությամբ ՄԻ պաշտպան Արմեն Հարությունյանի այն հայտարարությանը, թե՝ «ըստ էության մեզ ահազանգ եղավ, որ նրանց ոստիկանություն բերման են ենթարկել եւ խոշտանգման են ենթարկում, բայց դա չապացուցվեց: Իսկ տանելու ընթացքում բռնության էլեմենտներ եղել են, եւ գիտենք, որ նրանք դատաբժշկի են դիմել, պրոցեսը գնում է», եւ որ՝ Պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խումբը «երբ մեկնել էր դեպքի վայր, չի արձանագրել ոստիկանության այնպիսի քայլ, որից հնարավոր լիներ եզրակացնել, որ ոստիկանությունն անհիմն ու անտեղի հարձակվել է երթի մասնակիցների վրա»: «Օմբուդսմենին իր աշխատողները կամ կիրառված բռնության մասին չեն զեկուցել, կամ՝ որովհետեւ պրոֆեսիոնալ չեն, ոչնչից տեղյակ չեն եւ միայն վատնում են մեր՝ հարկատուներիս փողերը, կամ անբան են: Իսկ եթե նրանք եւ Պաշտպանը իսկապես ցանկություն ունենային օբյեկտիվ պատկերացում կազմել միջադեպի մասին եւ հետամուտ լինել խնդրին, Օմբուդսմենին դժվար չէր լինի իր անբանների հայտարարություններին ապավինելու փոխարեն օգտվել «Ա1+» եւ «Youtube» կայքերում տեղադրված տեսանյութերից»,- ասաց Վլ. Կարապետյանը:
Իսկ այդ օրը տեղի ունեցած միջադեպի եւ ՀԱԿ երիտասարդներին բերման ենթարկելիս ծեծելու փաստի առնչությամբ քրգործ դեռեւս հարուցված չէ: Կենտրոնի ոստիկանական բաժնում քննիչները գործը դեռ քննում ու ծանրութեթեւ են անում՝ քրգործ հարուցե՞լ, թե՞ ոչ: Դրա պատասխանը պարզ կդառնա, թերեւս, երկուշաբթի օրը: Իսկ մինչ այդ տվյալ գործով անցնող բոլոր տղաները երկու օր առաջ եւս կանչվել են ոստիկանության բաժին՝ բացատրություններ տալու «արարողությունը» շարունակելու համար: Բայց այս անգամ նրանք գնացել եւ օգտվելով իրենց իրավունքից՝ հրաժարվել են բացատրություններ տալուց: Թե ինչո՞ւ, մասնավորապես Տիգրան Առաքելյանն այսպես բացատրեց. «Նախ՝ մենք այնտեղ ենք հրավիրվում առայժմ առանց կարգավիճակ ունենալու, երկրորդ՝ մեզ տալիս են հարցեր, որոնց պատասխանելն այլեւս անիմաստ է, որովհետեւ մենք այդ բոլոր հարցերին արդեն պատասխանել ենք եւ ավելացրել ենք, որ ասվածին ավելացնելու ոչինչ չունենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել