Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«ՍԵՐԺԻՆ ԻՐԱԿԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ Է ՊԵՏՔ»

Փետրվար 27,2010 00:00

\"\"Գտնում է «Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Ալեքսանդր Քանանյանը

«Սերժ Սարգսյանի խարխուլ իշխանությունը ձգվելու է այնքան ժամանակ, քանի դեռ նրան չի առաջարկվել իրական այլընտրանք: Տվյալ պարագայում Լեւոն Տեր-Պետրոսյանը թե մարտավարական, թե գաղափարախոսական առումներով ապացուցեց, որ որեւէ պարագայում չի կարող լինել Սերժ Սարգսյանին իրական այլընտրանք». այս կարծիքին է «Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Ալեքսանդր Քանանյանը: «Առավոտի» դիտարկմանը՝ մարտի 1-ին Հայ ազգային կոնգրեսը հանրահավաք է հրավիրում, եւ, ինչպես կոնգրեսականներն են խոստանում, այն լինելու է բեկումնային եւ բերելու է բաղձալի արդյունքի. անկեղծ չե՞ն այդ մղումները, պարոն Քանանյանը նկատեց, որ չէր ցանկանա բոլոր կոնգրեսականների մղումները դիտարկել որպես ոչ անկեղծ: Նա համարում է, որ Կոնգրեսում կան շատ արժանի մարդիկ՝ ի դեմս երիտասարդական թեւի, ովքեր զուտ որպես իրենց քաղաքացիական կեցվածք՝ չեն կամենում լռելյայն հանդուրժել, սատարել ստեղծված ապօրինի վիճակը եւ ձգտում են վերականգնել այն, ինչն իրենք կոչում են սահմանադրական օրինականություն: Մեր զրուցակիցը գտնում է, որ իր կողմից առնվազն անազնիվ կլիներ ասել, որ դեմ է, որպեսզի նման փորձեր ձեռնարկվեն. «Եթե մարդը ձգտում է իր երկրում հաստատել իրական օրենքի գերակայություն, ապա ես նրան միայն հաջողություն կարող եմ մաղթել: Բայց ես խորապես համոզված եմ, որ այն գաղափարախոսությունը, այն լիդերները, որոնց շուրջ կառուցված է ՀԱԿ-ը, Կոնգրեսի ներքին էությունը, գաղափարական բովանդակությունը, ի վերջո, նաեւ իրենց լիդերների պարզապես ներքին, մարդկային համարձակությունը բոլորովին թույլ չեն տալիս, որ նրանք իրականում որեւէ նպատակի հասնեն: Եթե նրանք նպատակի հասնող էին, ապա բարի լինեին հասնել այն ժամանակ, երբ ժողովուրդն իրոք եւ անտեղի ներեց Տեր-Պետրոսյանի խայտառակ սխալները եւ միտումնավոր հանցագործությունները հայ ժողովրդի առաջ, այդ թվում նաեւ՝ հայտնի անձանց ճանապարհ հարթելը դեպի իշխանություն… նա պարտավոր էր մինչեւ վերջ իր ժողովրդի հետ կանգնել, ինչը, իմ խորին համոզմամբ, չի արել: Տեր-Պետրոսյանը կարող է շատ լավ հռետոր լինել, բայց նա պատրաստ չէ ամբողջապես, անգամ մասամբ զոհաբերելու իր հանգիստը, իր անվտանգությունը՝ հանուն ժողովրդի շահի»: Ընդունելով, որ թերեւս ինչ-որ հրաշքով ՀԱԿ-ին հաջողվի հասնել իշխանափոխության, մեր զրուցակիցը մնում է այն համոզման որ. «կոնգրեսական իշխանափոխությունը չի բերելու ոչ մեկ խնդրի կարգավորման: Հայաստանը պահպանելու է եվրոստանդարտ միտված քաղաքականություն, ԼՂՀ-ի եւ թուրքական հարցում ունենալու ենք նույն սերժական քաղաքականությունը, մի քանի անձանց կոսմետիկ փոփոխություն, մի քանի օլիգարխի տեւական եւ ոչ ըստ էության պատիժ, այդ թվում եւ սահմանադրական կարգի իրական վերականգնումը մնալու է սոսկ երազանք»: Միակ դրականը, որը կարելի է ակնկալել հավանական ՀԱԿ-ական իշխանափոխությունից, ըստ մեր զրուցակցի՝ այն է, որ որոշակի ժամանակահատվածով երկրում ստեղծվելու է ավելի ազատ, քաղաքականապես մրցունակ մթնոլորտ, որը նոր ուժերին եւ նոր քաղաքական գործիչներին թույլ կտա առավել արագ կայանալ:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման այս հանգրվանին, մասնավորաբար՝ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ուկրաինայում արած հայտարարություններին՝ Ալեքսանդր Քանանյանը կարծում է, որ «Սերժ Սարգսյանը վերջապես սկսում է իրոք հասկանալ, թե ինքն ինչ փորձության մեջ է ներքաշել Հայաստանը՝ որպես պետություն, եւ անձամբ իրեն՝ անհեթեթորեն հավատալով, որ կարող է թուրքական պատին կապիտուլյացիոն գործարքներ առաջարկելով՝ ապահովել սեփական եւ իր շրջապատի առեւտրային շահերի հաջողությունը՝ ի հաշիվ հայոց պետականության, այդ թվում նաեւ ապագա առաջնահերթությունների լուծման (նկատի ունի Արեւմտյան Հայաստանը եւ մեր այլ իրավունքների լուծումը-Ն. Գ.): Ըստ երեւույթին, նոր է հասկանում, որ թե Թուրքիան, թե Ադրբեջանն ընդամենը պատրաստ են Հայաստանից առավելագույնս կորզել՝ չհատուցելով ոչնչով»: Այս իրավիճակը մեր զրուցակիցը նաեւ տրամաբանական է համարում, քանի որ գտնում է, որ հայաստանյան նախաձեռնողականությունը մեր հարեւանների կողմից ընկալվում էր իբրեւ Հայաստանի թուլության վառ ապացույց: Վերլուծելով Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի շուրջ ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ստեղծված իրավիճակը՝ մեր զրուցակիցը չի գտնում, որ էական տեղաշարժեր կլինեն: Իսպառ չբացառելով ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության պետական ճանաչումը՝ նկատի ունենալով Թուրքիայի ներքին իրավիճակը, մեր զրուցակիցն այնուհանդերձ հակված է կարծելու, որ վերջին պահին երկու դաշնակիցներն ընդհանուր եզր կգտնեն: Նա փաստում է, որ այսօր շատ ակնառու կերպով առկա է նաեւ թուրք-ռուսական մարտավարական ժամանակավոր բավականին լուրջ սերտացում, ու համոզված է, որ ՌԴ-ն Սոչիում փորձել է Հայաստանի վրա լուրջ ճնշումներ գործադրել ԼՂՀ հարցում, հատկապես մերձարաքսյան շրջանների առումով, քանի որ ՌԴ-ն եւս, օգտվելով Սերժ Սարգսյանի թուլությունից եւ խնդիրը կապիտուլյացիոն ճանապարհով լուծելու ցանկությունից, փորձում է ինքն ամրապնդել իր դիրքերը: Դա ԱՄՆ-ին, բնականաբար, դուր չի գալիս, եւ այդ բանաձեւի քննարկումները միտված են միայն մարտավարական ճնշում գործադրելուն Թուրքիայի վրա, որպեսզի Հարավային Կովկասում ռուսական ռազմական ներկայությունը չուժեղանա: «Այդ է պատճառը, որ նաեւ Սերժ Սարգսյանին են որոշակի ազատություն տալիս՝ կեղծ հայրենասիրություն խաղալու: Սերժ Սարգսյանն այսօր պարզապես այլընտրանք չունի, նա կատարելապես ձախողվել է, եւ այդ ձեւական հայրենասիրական դրսեւորումներով, ինչպիսին էր լոնդոնյան ելույթը, ինքը պարզապես փորձում է իր՝ իսպառ խայտառակված հեղինակությունը փրկել եւ հնարավորինս չոր դուրս գալ իր կատարյալ պարտությամբ ավարտված «նախաձեռնությունից», ինչը, բնականաբար, չեմ կարծում, որ իրեն կհաջողվի»,- ասում է Ալեքսանդր Քանանյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728