Լրահոս
Օրվա լրահոսը

Ամուսնությունից հետո եւ՛ կույս եմ, եւ՛ ոչ

Փետրվար 27,2010 00:00

Արեւիկի եւ Արտակի սիրո պատմությունը սկսվել էր 4 տարի առաջ: Ծանոթացել էին ընդհանուր ընկերների միջոցով եւ ժամանակի ընթացքում հասկացել, որ ստեղծված են միմյանց համար: Սիրային այս պատմությունը, բնականաբար, պետք է պսակվեր ամուսնությամբ: 2007թ. նոյեմբերի 22-ին տեղի ունեցավ Արեւիկի եւ Արտակի ամուսնական արարողությունը: Ամեն ինչ կազմակերպել էին փոխադարձ համաձայնությամբ: Նախօրոք խոսել ու որոշել էին, թե հայկական ավանդույթներից որին են հետեւելու, որին՝ ոչ: Քննարկվել էր նաեւ «կարմիր խնձորի» հարցը: Ըստ պայմանավորվածության, այդ ավանդույթը շրջանցելու էին: Ամեն ինչ կպարզեին իրենք իրենց մեջ: «Ես վախենալու ոչինչ չունեի, ուղղակի դա այնքան անձնական ու ինտիմ հարց է, որ պետք է ամուսիններն իրենք պարզեն: Նույնիսկ սկեսուրը չպետք է խառնվի: Արտակն էլ էր համաձայն»,- պատմում է Արեւիկը: Նրա այդ պահանջի հետ համաձայնել էին նաեւ Արտակի ծնողները, թեեւ դժվարությամբ: Հարսանիքից հետո նորապսակներն առաջին գիշերն անցկացրին հյուրանոցում: «Մինչեւ ամուսնանալը շատ էի լսել, որ անպայման չի հենց առաջին գիշերվա ընթացքում կուսաթաղանթը պատռվի: Լինում են դեպքեր, որ դա տեղի է ունենում հետագայում: Ամուսինս էլ դա գիտեր, այդ պատճառով էլ իմ անաղարտության հարցում ոչ մի կասկած չունեցավ»: Ամուսինները պայմանավորվեցին ոչ մեկի չպատմել պատահածի մասին:
Երկուսն էլ խոստումը պահեցին, բայց Արտակի անհանգստությունը Արեւիկը զգում էր: Ամուսինը չէր ուզում չհավատալ կնոջը, բայց կասկածանքները նրան տանջում էին: Անցավ մեկ ամիս: Արտակն այլեւս չհամբերեց եւ որոշեց անկեղծորեն խոսել Արեւիկի հետ եւ ամեն ինչ պարզել: «Չգիտեի ոնց ապացուցեի իմ անաղարտությունը: Ախր իրենից առաջ ոչ մեկի հետ չեմ էլ հանդիպել: Ինչքան էլ իմը պնդեցի, միեւնույն է, չհավատաց, որ կույս եմ եղել: Որոշեց ամեն ինչ ծնողներին պատմել»: Սկանդալն անխուսափելի էր: Արտակն ու նրա ծնողները չգիտեին ոնց խուսափեին խայտառակությունից: Արտակն էլ կասկած չուներ, որ իր կինը կույս չէր ամուսնանալիս: Հիասթափությունն այնքամ մեծ էր, որ որոշեց բաժանվել Արեւիկից: Վերջինս էլ այնքան վիրավորված էր ամուսնուց, որ այլեւս չփորձեց արդարանալ կամ ամուսնությունը փրկելու փորձեր անել. «Այնքան ծանր է, երբ մեղավոր չես, բայց քեզ մեղադրում են: Երբ բոլորը քեզ հանցագործ են համարում: Երբ ոչ ոք չի հավատում քեզ»: Ամուսնությունից մեկ ամիս անց Արեւիկը վերադարձավ հայրական տուն:
Իր աղջկա անմեղության մեջ համոզված էր միայն մայրը: Հենց նա էլ, ապացուցելու եւ աղջկա վրայից ամոթի ու խայտառակության պիտակը վերացնելու նպատակով, Արեւիկին տարավ բժշկի: Հետազոտության արդյունքում պարզվեց, որ Արեւիկը մինչ օրս էլ «կույս» է: Նրա կուսաթաղանթի ձեւը (կիսալուսնաձեւ) եւ դիրքը (սովորականից խորը) դժվարացնում են դրա պատռվելը: Եվ ոչ ոք չի կարող ասել, թե երբ այն կպատռվի: «Երբ նախկին ամուսինս իրական պատճառն իմացավ՝ շատ էր փոշմանել: Ամեն օր ներողություն էր խնդրում, ամուսնության առաջարկ էր անում, բայց… Ես չհամաձայնեցի, որովհետեւ վստահությունն ընտանիքի հիմքն է: Իսկ նա դժվար պահին ինձ ոչ միայն չվստահեց, այլեւ լսել չցանկացավ; Մեր համատեղ կյանքն ուղղակի անհնարին էր»:
Կյանքի այդ փորձությունից անցել է 2 տարի: Հիշողությունները դեռ վառ են Արեւիկի մտքում, բայց շարունակում է ժպտալ ու առաջ գնալ: Ունի շատ երկրպագուներ, բայց ամուսնանալ դեռ չի ուզում: «Դեռ լիովին ուշքի չեմ եկել այդ ամենից հետո: Բայց ապագայում անպայման կամուսնանամ ու շատ երեխաներ կունենամ»,-ասում է Արեւիկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել