Լրահոս
Օրվա լրահոսը

«Կինս երազում է Մոսկվայի մասին, իսկ ես՝ նրա երջանկության»

Փետրվար 27,2010 00:00

Ասում է ստեփանակերտաբնակ Արմեն Բաբայանը

1995 թվականն էր: Շատերի նման, Արմեն Բաբայանն է, Ստեփանակերտում ապրուստի միջոցներ չգտնելով, կնոջ հետ մեկնում է Ռուսաստան: Սկզբնական շրջանում Մոսկվայում օգնության ձեռք են մեկնում ընկերները ու բարեկամները: Ընդամենը մի քանի ամիս անց Արմենն արդեն զբաղվում էր բլիթների արտադրությամբ: «Գործերս լավ էին գնում: Երկսենյականոց բնակարան էինք վարձակալել, կարողանում էի գումար տնտեսել եւ ուղարկել ծնողներիս, թեեւ նրանք էլ այդ նույն գումարը 2-3 ամիս անց հետ ուղարկելու սովորություն ունեին՝ ասելով, թե իբր թոշակից է մնացել»,- այդ տարիների մասին պատմում է Արմենը: Արմենը այդքանով չբավարարվեց եւ 3 տարի անց բլիթների արտադրության փոխարեն որոշեց զբաղվել պահածոյացված ձկների արտադրությամբ. «Կարծում էի, որ պահածոյացված ձկների արտադրությունը ինձ ավելի մեծ շահույթ կբերի, այդ պատճառով էլ վաճառեցի բլիթների փոքրիկ արտադրամասս, չբավականացնող գումարն էլ ընկերներիցս պարտքով խնդրեցի»: Ամեն ինչ արդեն պատրաստ էր արտադրությունը սկսելու համար, սակայն… Ռուսաստանում 1998 թվականին ճգնաժամ սկսվեց, որի պայմաններում նոր գործ սկսելն անհնարին էր: Արդյունքում այս «շահութաբեր» գործից Արմենին մնացին միայն պարտքերը: Թեեւ ծանր ժամանակներ էին, սակայն նա չէր վհատվում: Առանց ժամանակ կորցնելու՝ Արմենը հետեւեց ծանոթներից մեկի խորհրդին եւ սկսեց գյուղերից պանիր բերել եւ հանձնել քաղաքի խանութներին: Բնականաբար, վաստակածով Արմենը չէր կարողանում մարել պարտքերը, սակայն իր եւ կնոջ գլուխը պահում էր. «Որեւէ շռայլություն մեզ թույլ չէինք տալիս, սակայն կարողացանք կրկին ոտքի կանգնել: Այդ առումով մեծ էր կնոջս դերը: Նա գիշեր-ցերեկ ժենգյալով հաց էր թխում եւ վաճառում, ինչպես նաեւ դայակություն անում մեր հարեւանների երեխաներին»:
2007 թվականն էր, թե Արմենը, թե կինն աշխատում էին առանց դադարի, սակայն որքան էլ գումար տնտեսեին, միեւնույն է, չէին կարող բնակարան գնել, իսկ բնակարանի վարձակալման արժեքը դարձել էր 1000 դոլար: Ստացվում էր, որ Բաբայաններն իրենց աշխատածի մեծ մասը ծախսում էին վարձակալած բնակարանի վրա: Ի վերջո, Արմենը Ստեփանակերտ վերադառնալու մասին որոշում կայացրեց. «Հատկապես դժվար էր կնոջս համար, ով արդեն հարմարվել Մոսկվայի կյանքին եւ իրեն Ստեփանակերտում չէր պատկերացնում»:
Ստեփանակերտում արագ ոտքի կանգնելուն նպաստեց այն, որ Արմենի ծնողներն ունեին տարածք, որը նա հետագայում օգտագործեց որպես հացի փուռ: Արմենի խոսքերով, իրեն կրկին օգնեցին ընկերները, ովքեր պարտքով գումար տվեցին, որպեսզի նա վերանորոգի տարածքը եւ համապատասխան սարքավորումներ գնի:
Երկու տարվա ընթացքում Արմենը ոչ միայն մարեց պարտքերը, այլ նաեւ գնեց 80 խոզ, որոնց Հացե գյուղի իրենց տան հողամասում խնամում են բարեկամները, ինչպես նաեւ վարձակալեց տարածք, որն օգտագործվելու է որպես մթերային խանութ: «Կայացրածս ընտրության համար չեմ զղջում: Նախ այստեղ ծնողներիս կողքին եմ, որովհետեւ նրանք արդեն մեծ են միայնակ ապրելու համար, բացի դրանից, միայն հիմա եմ հասկանում, թե այստեղ ամեն ինչ ինձ որքան հոգեհարազատ է, սակայն միաժամանակ ունեմ մի մեծ խնդիր: Կինս 12 տարի Մոսկվայում ապրելուց հետո չի կարողանում հարմարվել քաղաքի փոքրությանը եւ մարդկանց չափից ավելի հետաքրքրասիրությանը: Շարունակ երազում է կրկին Մոսկվա վերադառնալու մասին, իսկ ես ուզում եմ նրան երջանիկ տեսնել: Կապրենք, կտեսնենք»,- ասում է Արմենը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել