Լրահոս
Օրվա լրահոսը

21-րդ դարի գիքորները.

Փետրվար 27,2010 00:00

«Ես մըր գյուղի տունն եմ ոզում»

Հայրապետյանների ընտանիքում հինգ հոգի են՝ ամուսիններ Ռուբենն ու Կարինեն եւ նրանց երեք երեխաները: Սյունիքի մարզի գյուղերից էին: Ապրում էին սովորական գյուղացու կյանքով՝ հողագործություն, անասնապահություն, մի քիչ էլ առեւտուր: Մի օր Գերմանիայից զանգ ստացան: Կարինեի քույրն էր. նրանց հրավիրում էր այնտեղ: Որոշեցին ընդունել հրավերը եւ ամբողջ ընտանիքով մեկնել Հայաստանից:
1998 թվականի գարնանը սկսեցին կեղծ փաստաթղթերի եւ անհրաժեշտ գումարի պատրաստություն տեսնել: Այդ տարիներին տեղաբնակների համար հեշտ չէր ամբողջ ընտանիքով գնալ երկրից: Ռուբենին խորհուրդ տվեցին ընտանիքի անդամների համար փախստականի անձնագրեր ձեռք բերել, որպեսզի կարողանան հատել սահմանը: Գործընթացը մի տարի տեւեց: 1999թ.-ին ճամփա ընկան, բայց միայն երկու տարի հետո հասան նպատակադրված տեղը: Նրանց թույլ չէին տալիս հատել սահմանը, եւ այդքան ժամանակ գերի էին ընկել: Գերմանիայի ոստիկանությունը ինչ-որ կեղծիք էր գտել արդեն իսկ կեղծված փաստաթղթերում:
Համացանցի միջոցով կապ հաստատեցի այսօր արդեն գերմանաբնակ Ռուբենի հետ: «Այդ երկու տարիները ընտանիքիս համար մի ամբողջ կյանք տեւեցին: Երեխաներս կարծում էին, որ հայրիկը իրենց կտրել է սեփական տնից եւ տարել ինչ-որ մի անհայտ տեղ: Ես եւ կինս երեխաներիս աչքին թշնամիներ էինք դարձել»,- պատմում է նա: Երեխաներն էլ կարծում էին, որ էլ երբեք սեփական տուն չեն ունենա եւ Գիքորի կյանքով կշարունակեն ապրել օտարության մեջ:
«Ես եւ քույրս մի քիչ հասկանում էինք իրավիճակը, բայց մեզանից անկախ՝ այնպես էինք ատում այդ օտար մարդկանց, որ հնարավորության դեպքում բոլորին կսպանեինք: Ամեն օր պապային ու մամային մեղադրում էինք մեզ այստեղ բերելու համար: Եղբայրս էլ ընդամենը չորս տարեկան էր եւ ոչինչ չհասկանալով շարունակ ասում էր՝ ես մըր գյուղի տունն եմ ոզում, ինձ տարեք մըր տուն, ոզումըմ Կարենչիկի հետ խաղ անըմ»,- պատմում է Ռուբենի ավագ աղջիկը՝ Սոնան:
Բայց Գերմանիայում նրանց կարծես թե պայծառ ապագա էր սպասվում: Երբ հասան այնտեղ, Ռուբենը սկսեց աշխատել էլի նույն անասնապահության բնագավառում: Նրա երեկվա եւ այսօրվա աշխատանքները գրեթե չեն տարբերվում, միայն եկամուտն է տարբեր: Այնքան տարբեր, որ Գերմանիայում բարեկեցիկ ապրելով հանդերձ, նաեւ Երեւանում տուն է գնել: Վերջիվերջո՝ օտար երկրում են ապրում եւ ծայրահեղ դեպքում հայրենիքի տունը լավագույն տարբերակը կլինի: Իսկ երեխաները շարունակում են օտարներին չսիրել եւ շարունակ երազել հայրենիքի մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728