Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱԳԱՂ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ

Մարտ 31,2010 00:00

Գազի գնի բարձրացումը 1239 գյումրեցու հարկադրել է դիմել դատարան

Գազի թանկացումը խուճապ ու ծայրահեղ հոռետեսական տրամադրություններ է առաջացրել հատկապես Գյումրիում: Ճիշտ է՝ այստեղ հանրահավաքներ կամ երթեր չեն կազմակերպվում, սակայն գյումրեցիները լրագրող տեսնելուն պես՝ կառավարության հասցեին ամենավերջին անեծքն են հնչեցնում: Նրանց զայրույթը հասել է նրան, որ առաջարկում են մեկական դագաղ նվիրել ու ժողովրդին թաղել: Իսկ այս ամենի պատճառը ոչ միայն գործազրկության բարձր ցուցանիշն է, այլեւ այն, որ Շիրակի մարզում մարդիկ առնվազն վեց ամիս գազի վառարան են օգտագործում: Տարրական հաշվարկով՝ գազը խնայողաբար օգտագործելու դեպքում անգամ շիրակցին մոտ 90 000 դրամ ավելի է մուծելու:

Գյումրու Հայ ազգային կոնգրեսի գրասենյակի տվյալներով՝ օրական միջին հաշվով հարյուր գյումրեցի իր բողոքի ձայնն է բարձրացրել արհեստական թանկացման դեմ: Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը պատրաստվում է կառավարության դեմ հայց ներկայացնել վարչական դատարան եւ սկսել էր ստորագրահավաք: Երեկ Գյումրու ՀԱԿ գրասենյակում ավարտվեց ստորագրահավաքը: Այն սկսվել էր նախատեսվածից տասը օր ուշացումով, եւ չնայած դրան՝ բողոքի ակցիային մասնակցել էր 1239 գյումրեցի: ՀԱԿ-ի Գյումրու կառույցի համակարգող Աշոտ Զաքարյանի խոսքերով՝ մասնակիցների մեծ մասը եղել են մտավորականներ՝ մանկավարժներ, բժիշկներ, թոշակառուներ կամ պարզապես գործազուրկներ: Մեր հարցին, թե բողոքավորների մեջ չկա՞ն, արդյոք, իշխանության ներկայացուցիչներ, թեկուզեւ այնպիսիք, որոնք անձամբ ներկայանալու փոխարեն հարազատ-բարեկամներին ուղարկեն ՀԱԿ գրասենյակ, Ա. Զաքարյանը պատասխանեց. «Ես մշտապես շփումներ ունենում եմ հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների, էդ թվում՝ իշխանության մեջ ընդգրկված տարբեր աստիճանի չինովնիկների հետ, բոլորը՝ առանց բացառության, անհամբեր սպասում են, թե Հայաստանում երբ են փոփոխություններ լինելու, մեր ժողովուրդը էս չարիքից երբ է ազատվելու: Նույնիսկ ասում եմ՝ դուք իշխանություն եք, նույն կերակրատաշտի մոտ եք, ձեր ընտանիքը կարողանում եք պահել… բայց պարզվում է՝ իրենք եւս առօրյա խնդիրները լուծելու ժամանակ իրենց շատ նվաստացած են զգում: Միգուցե շատերը զարմանան, բայց էդ մարդիկ էլ շահագրգռված են՝ ինչքան հնարավոր է շուտ ազատվել էս չարիքից»:

Իսկ հավաքված ստորագրությունները բավարա՞ր են վարչական դատարան դիմելու համար: «Քանակով պայմանավորված չէ իրավական հարթության մեջ խնդիրը լուծելը, բայց հաշվի առնելով հայաստանյան արդարադատության համակարգը՝ քանակը կարող է որոշակի ազդեցություն ունենալ դատավարությունների վրա: Ճիշտ է, ես ակնկալում էի շատ ավելի ակտիվ մասնակցություն՝ հաշվի առնելով Գյումրիի սոցիալ-տնտեսական ծանր վիճակը, գործազրկությունը, այն, որ մեր բնակչությունը ջեռուցման համար շատ ավելի է գազ օգտագործում, քան Արարատյան դաշտավայրի մեր հայրենակիցները: Բայց դժգոհ չեմ՝ նկատի ունենալով Գյումրու սպեցիֆիկ վիճակը. համատարած անտարբերության, հարմարվողականության ֆոնին 1200-ից ավելի մարդու մասնակցությունը խոսում է այն մասին, որ այդքան ընտանիք պատրաստ է իր իրավունքների համար պայքարել, չհանդուրժել իշխանությունների նվաստացումները»,- ասաց Աշոտ Զաքարյանը: Նա, նկատի ունենալով Ուկրաինայի նախադեպը, չի բացառում, որ ՀԱԿ-ը դատը կշահի, բայց, որպես նախկին քաղբանտարկյալ, քաջածանոթ լինելով հայկական «փայլուն արդարադատությանը», նախազգուշացնում է, որ անհրաժեշտության դեպքում ՀԱԿ-ը Եվրոդատարան կհասնի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031