Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐՄԱՎԻԱՆ» ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒ ՉԷ

Ապրիլ 30,2010 00:00

Իսկ «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցը խոշոր հարկատուների ցանկում ընդամենը 412-րդն է՝ նախորդ տարվա 253-ի փոխարեն:

\"\"

Ապրիլի 27-ի համարում հպանցիկ անդրադարձել էինք Պետեկամուտների կոմիտեի հրապարակած 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակին, ներկայացրել որոշ տվյալներ: Սակայն ՊԵԿ-ի՝ եռամսյակը մեկ հրապարակվող 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակն այնքան շատ բան է պատմում թե՛ տնտեսության վիճակի, թե՛ կոնկրետ ընկերությունների գործունեության մասին, որ դրանից կարելի է բազմաթիվ հետաքրքիր հետեւություններ անել: Օրերս հրապարակված հերթական եռամսյակային ցուցակում եւս կան ուշագրավ տվյալներ, որոնց մասին մի քանի նկատառումներ կներկայացնենք:

Լավագույն տասնյակը հիմա եւ 2009-ին

2010թ. առաջին եռամսյակում՝ հունվար- մարտ ամիսների կտրվածքով, 1000 խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է «ՀայՌուսգազարդը»՝ 5 մլրդ 242 մլն դրամով: Նկատենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ հունվար-մարտ ամիսներին, «ՀայՌուսգազարդը» մուծել էր ընդամենը 3,395 մլրդ դրամ գումար: Եվ այդ ժամանակ նա խոշոր հարկատուների ցուցակում երկրորդն էր: Առաջինն «Ալեքս- Գրիգն» էր՝ 3,55 մլրդ դրամով, որն այս տարվա ցուցակում երկրորդն է, սակայն ավելի մեծ գումարով՝ 4 մլրդ 480 մլն: Այս միտումը կարելի է բացատրել նրանով, որ «Ալեքս-Գրիգը», որի հիմնական գործառույթն առաջին անհրաժեշտության (եւ ոչ միայն) սննդամթերքի ներկրումն ու վաճառքն է, այդ թվում՝ ալյուրի, կարագի, ձեթի, շաքարավազի եւ այլն, այս տարի ավելի մեծ շահույթներ է գրանցել, քանի որ այս գրեթե բոլոր մթերքները մեկ տարվա ընթացքում բավականաչափ թանկացել են, իսկ քանի որ «Ալեքս-Գրիգի» (ի դեպ, այս ընկերությանն է պատկանում նաեւ «Երեւան-Սիթի» խանութների ցանցը), ինչպես նաեւ «ՀայՌուսգազարդի» եւ այդ ցուցակի մեջ տեղ գտած ընկերությունների հիմնական մասի մուծած հարկերի ճնշող մասն անուղղակի են՝ ավելացված արժեքի հարկ են, որոնք, ըստ էության, վճարում ենք մենք՝ այդ ընկերությունների ծառայություններից օգտվողներս, հետեւաբար, որքան թանկանում է ապրանքը, այնքան մեծանում է ԱԱՀ-ն, եւ ստացվում է, որ սպառողների հաշվին այդ ընկերությունները պետությանն ավելի շատ հարկեր են մուծում: «ՀայՌուսգազարդի» դեպքում էլ է նույն պատճառը՝ նախ, անցյալ տարի գազը թանկացավ, ապա այս ընկերությունը պնդում է, որ հաճախորդներն են ավելացել:

Ամբողջ 2009-ի կտրվածքով, այսինքն՝ նախորդ տարվա հունվար-դեկտեմբեր ամիսների հաշվով առաջատարը «ՀայՌուսգազարդն» է՝ 18,414 մլրդ դրամ ընդհանուր հարկերով, որից ուղղակի հարկերը (եկամտահարկ եւ շահութահարկ) ընդամենը 2,396 մլրդ էր: Նախորդ ողջ տարվա կտրվածքով 2-րդ տեղում հայտնված «Ալեքս-Գրիգը» ընդհանուր մուծել էր 16,119 մլրդ դրամ հարկ, որից ուղղակի հարկերն ընդամենը …46 մլն դրամ էին: Դա պիտի որ նշանակի, թե «Ալեքս- Գրիգը» շատ չնչին եկամուտ եւ շահույթ է ունեցել, ինչին հավատալը, խոստովանենք, մի քիչ դժվար է:

2009-ը երրորդ տեղով էր փակել «Ղ-տելեկոմը»՝ «ՎիվաՍելը», որը մուծել էր 15,916 մլրդ դրամ, որից ուղղակի հարկ էր գրեթե կեսը՝ 7,345 միլիարդը: Այս տարվա առաջին եռամսյակում «Ղ-տելեկոմը» հայտնվել է 5-րդ տեղում՝ 2,209 մլրդ դրամ ընդհանուր հարկով, նրանից առաջ է անցել «ԱրմենՏելը»՝ 3-րդ տեղ, 3,463 մլրդ դրամ մուծելով: Ընդամենը նախորդ տարվա երրորդ եռամսյակում 1000 խոշոր հարկատուների մեջ հայտնված «Օրանժը» հասցրել էր այնքան հարկ մուծել, որ տարին փակել էր բավականին լավ դիրքերում՝ 11-րդ տեղում, իսկ այս եռամսյակ արդեն հասել է 8-րդ տեղ՝ 1, 659 մլրդ դրամով:

4-րդ տեղում հիմա «Ֆլեշ» ընկերությունն է՝ 2,732 մլրդ դրամ հարկով: Բենզինի ներմուծմամբ եւ առեւտրով զբաղվող ընկերությունները գրեթե չեն մուծում անուղղակի հարկեր, նրանց մուծածը հաստատագրված վճարներ են, եւ «Ֆլեշի» վճարած հարկերի մեծ մասը՝ 2,661 մլրդը, հենց հաստատագրված վճարներն են: 6-րդ տեղում հայտնվածը կրկին բենզինի «գործ անող» «Սիթի պեթրոլ գրուպն է»՝ CPG-ն, որը մուծել է 2, 073 մլրդ դրամ: Նկատենք, որ նախորդ տարին «Ֆլեշը» փակել էր 5- րդ տեղում, իսկ CPG-ն կրկին 6-րդն էր: 7-րդ տեղը, ինչպես ողջ 2009-ի, այնպես էլ այս եռամսյակի կտրվածքով, զբաղեցնում է «Հայաստանի էլեկտրական ցանցերը», որն այս տարի վճարել է 1,840 մլրդ դրամ ընդհանուր հարկ, որի մեջ ուղղակի եւ անուղղակի հարկերի մասնաբաժինները գրեթե հավասար են:

2009-ին տարին 8-րդ տեղով էր փակել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային ընկերությունը»՝ 6,337 մլրդ դրամով, ընդ որում, մինչեւ հունիս նա ընդամենը 38-րդ տեղում էր, սեպտեմբերին բարձրացավ մինչեւ 15-րդ տեղը, իսկ տարեվերջին հայտնվեց լավագույն տասնյակում: Սակայն այս տարվա առաջին եռամսյակում «Զանգեզուրը» նահանջել է 11-րդ տեղ, մուծելով 1,216 մլրդ դրամ, այն դեպքում, երբ նախորդ տարվա երկու եռամսյակների կտրվածքով՝ հունվարից հունիս, մուծել էր ընդամենը 806 մլն դրամ հարկ:

Այս տարի 9-րդ տեղում հայտնվել է «Ինտերնեյշընըլ Մասիս տաբակը»՝ 1,440 մլրդ դրամ ընդհանուր հարկային մուծումներով, որից 1,284-ը հաստատագրված վճարներն են: Նրան հաջորդում է «Ֆիլիպ Մորիս» ֆիրմայի սիգարետների ներմուծմամբ զբաղվող «Վիդիս դիստրիբյուշընը»՝ 1,343 մլրդ դրամով՝ 1,310-ը՝ հաստատագրված վճարներ: 2009-ը այս երկու ընկերությունները կրկին փակել էին իրար շատ մոտ տվյալներով, բայց 9-րդ տեղում ներմուծողն էր, իսկ 10-ում՝ արտադրողը:

Տրանսպորտի ոլորտ

Այս բնագավառի հսկաներից մեկը՝ «Արմենիա միջազգային օդանավակայանները», կամ, ինչպես ընդունված է ասել՝ «Զվարթնոց» օդանավակայանը, ներկայումս 15-րդն է, բայց նախորդ տարին փակել էր 12-րդ տեղում: Տրանսպորտային մյուս հսկան՝ Հարավկովկասյան երկաթուղին 2010-ի առաջին եռամսյակում լուրջ թռիչք է գրանցել եւ նախորդ տարվա 27-ի փոխարեն հայտնվել է 12-րդ տեղում: Ցավալի վիճակ է «Արմավիայի» մոտ. նախորդ տարին մեր ազգային փոխադրողը փակել էր 174-րդ տեղում, իսկ այս տարի ընդհանրապես դուրս է մնացել խոշոր հարկատուների ցանկից, այսինքն՝ չի վճարել անգամ 1000-րդ տեղում գտնվող Վանաձորի ինչ-որ «Վան տանիք» ընկերության չափ հարկ՝ 11,6 մլն դրամ: Թեեւ մի առիթով «Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը հայտարարել էր, թե «Արմավիան» 2003-ին կառավարության հետ ստորագրած պայմանագրի համաձայն, ամեն տարի անմիջականորեն, առանց հարկային մուտք անելու՝ բյուջե է մուծում $1 մլն: Նշենք, սակայն, որ «Արմավիան» գոնե 75 մլն դրամ այս տարի մուծել է որպես պարտադիր սոցվճար եւ հայտնվել մեկ այլ ցուցակի՝ խոշոր ապահովադիրների ցանկի 21-րդ տեղում:

Հայտնի խանութներ եւ տոնավաճառներ

«Երեւան Սիթիին» արդեն անդրադարձանք վերեւում՝ որպես «Ալեքս- Գրիգի» մի մասնիկ: Բացի դրանից, Երեւանում ամենատարածված եւ հայտնի խանութները, թերեւս, «Սթար» եւ «ՍԱՍ» սուպերմարկետներն են: Սակայն այս երկուսից ավելի լավ ցուցանիշ է ցույց տվել (127-րդ տեղ) «Անդակո» ընկերությունը, որը «Պարմա» ֆիրմային խանութն է եւ մի քանի ապրանքանիշերի ներկրմամբ է զբաղվում եւ շատ ավելի հարկ է մուծել՝ 139,680 մլն դրամ, քան ավելի լայն ցանց ունեցող եւ ավելի շատ ապրանքներ ներմուծող «ՍԱՍ գրուպը», որն իր մուծած 40,432 մլն դրամով հայտնվել է ընդամենը 412-րդ տեղում՝ իրենից առաջ թողնելով ոչ միայն «Սթար դիվայդին» (257-րդ տեղ, 65 մլն դրամ), այլեւ «Հայաստան» առեւտրի կենտրոնին, որը հայտնվել է 388-րդ տեղում՝ իր մուծած 42,350 մլն դրամով: Նույնիսկ Սեւքար գյուղի ինչ-որ «Հալեվս» ընկերություն ավելի շատ հարկ է մուծել՝ 361-րդ տեղ, 46,495 մլն դրամ, քան «ՍԱՍ գրուպը»: Ավելորդ չէ նշել, որ «ՍԱՍ»-ի սեփականատերը ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանն է, իսկ «Հայաստանինը»՝ այդպես էլ պատգամավոր չդարձած Հայրապետ Հայրապետյանը:

Տոնավաճառներից «Փեթակը» 131-րդ տեղում է, իսկ «Հրազդան մարզահամալիր» վարձակալական ձեռնարկությունը՝ 139-րդ: Մալաթիայի տոնավաճառը՝ «Ռաֆայել-Տաթեւ» ընկերություն, մուծելով ընդամենը 103 մլն դրամ՝ հայտնվել է 166-րդ տեղում: Փաստորեն, պստլիկ «Պարման» ավելի շատ հարկեր է մուծում, քան հսկայական «Մալաթիան»:

(Շարունակելի)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930