Լրահոս
Օրվա լրահոսը

Խեղդենք «պիրատությունը» օրորոցում

Ապրիլ 30,2010 00:00

Երեկ կայացած ասուլիսում BSA (Բիզնես Սոֆթ Ալիանս) միջազգային ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Նարինե Մկրտչյանը խոսեց ՀՀ-ում մտավոր սեփականության եւ հեղինակային իրավունքների փաստացի խախտումների մասին, որոնց արդյունքում աշխարհում ընկնում է մեր երկրի միջազգային վարկը եւ հարված է հասցվում մեր տնտեսությանը:

Այս փետրվարին BSA-ն ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչության հետ միասին ստուգայց է արել Երեւանի 4 համակարգչային եւ 6 սկավառակների խանութներում: Պարզվել է, որ այդ խանութներում վաճառվող համակարգիչների վրա «Microsoft»-ի չարտոնագրված ծրագրեր են տեղադրված, ինչի կապակցությամբ տեղում կազմվել է արձանագրություն: Ըստ Ն. Մկրտչյանի՝ այդ խանութները բազմիցս զգուշացվել են՝ ոչ արտոնագրված ծրագրեր վաճառելու եւ տարածելու համար: Իսկ սկավառակների խանութներում «պիրատային» սկավառակներ են վաճառել: Դրանցից երկուսը «Microsoft»-ի հետ համաձայնության են եկել՝ փոխհատուցել չարտոնագրված սկավառակների վաճառքից ստացած վնասը՝ $5000-ի չափով: «Հայաստանում առաջին անգամ հեղինակային իրավունքի խախտման համար վնաս է փոխհատուցվել։ Մենք մինչեւ ոստիկանություն դիմելը փորձում ենք վիճելի հարցերը մեր ընկերության իրավունքները խախտողների հետ լուծել բանակցելով եւ միայն անհաջողության դեպքում դիմել ոստիկանությանը»,- ասաց Ն. Մկրտչյանը: Նա ասաց նաեւ, որ այդ վեց խանութները միասին իրենց ընկերությանն ընդհանուր առմամբ $86 հազարի վնաս են տվել: Ներկայումս «Microsoft»-ը քրեական հետապնդման 24 հայց է ներկայացրել, որոնք վերաբերում են ոչ միայն սկավառակների եւ համակարգիչների վաճառքով զբաղվող խանութներին, այլեւ ՀՀ-ում գործող միջին եւ խոշոր ընկերություններին, որոնք օգտագործում են «Microsoft»-ի ծրագրերը: «Պիրատությունն այսօր խոշոր բիզնես է»,- իր խոսքում նշեց Ն. Մկրտչյանը եւ գոհունակություն հայտնեց օրերս ԱԺ կողմից առաջին ընթերցմամբ ընդունված Կարեն Վարդանյանի հեղինակած՝ «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» օրինագծի կապակցությամբ, որով կփակվի պիրատների բիզնեսի լայն ճանապարհը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել