Լրահոս
Օրվա լրահոսը

«8 ՏԱՐԻ Է՝ ՏՆԻՑ ԴՈՒՐՍ ՉԵՄ ԵԿԵԼ»

Ապրիլ 30,2010 00:00

Թեքահարթակների բացակայության պատճառով սայլակով տեղաշարժվող մարդն անգամ եկեղեցի չի կարող մտնել

Ինչպես հայտնի է, անվճար կամ արտոնյալ պայմաններում ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատությունների միջոցով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեն բնակչության որոշակի սոցիալական խմբեր, որոնց ցանկը փակցված է բուժհիմնարկների պատերին: Ըստ այդ ցանկի, 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամները պետք է իրենց հիվանդության համար անվճար դեղեր ստանան: Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր հատկապես մարզերում բուժհիմնարկները բացարձակապես մատչելի չեն հաշմանդամների կամ սայլակով տեղաշարժվող մարդկանց համար՝ շատ անվճար դեղեր իրենց հասցեատիրոջը չեն հասնում: Այդ մասին են վկայում նաեւ 2009-ի նոյեմբերից մինչեւ 2010-ի մարտն ընկած ժամանակահատվածում ՀՀ տարբեր մարզերում Եվրամիության պատվերով Հայաստանի Հելսինկյան կոմիտեի իրականացրած մոնիտորինգի արդյունքները:

Հիվանդին, այդ թվում՝ հաշմանդամին, անվճար դեղը պետք է տան բուժզննումից հետո: Իսկ բուժզննման սենյակը, օրինակ՝ Շիրակի մարզի մի շարք հիվանդանոցներում, գտնվում է բարձր հարկերում: Եթե նույնիսկ դրանք լինեին առաջին հարկում, դարձյալ հիվանդանոց մտնելու համար անհրաժեշտ էր կառուցել թեքահարթակներ, որոնք շատ հիվանդանոցներում բացակայում են: «Սամարիթեր» հիվանդանոցում, «Ն. Ա. Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկայում», Նազարյանի անվան առողջության առաջնային պահպանման կենտրոնում, «Ճերմակ» հիվանդանոց ՓԲԸ-ում, Արթիկի բժշկական կենտրոնում թեքահարթակներ չկան: Սա նշանակում է, որ սայլակով տեղաշարժվող մարդու համար այդ հիվանդանոցներ մուտքը փակ է:

«Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն, չի թույլատրվում բնակավայրերի նախագծումն ու կառուցապատումը, եթե դրանք հաշմանդամների մատչելիության եւ օգտագործման համար հարմարեցված չեն: Լոռու մարզի Ալավերդի եւ Ստեփանավան քաղաքներում հաշմանդամները ցանկության դեպքում չեն կարող մտնել որեւէ խանութ կամ օբյեկտ: Այնտեղ եթե նույնիսկ պետական կրթօջախները, մշակութային կենտրոններն ու բուժհաստատությունները հաշմանդամների համար մատչելի չեն, էլ ինչ կարող ենք պահանջել մասնավոր օբյեկտների տերերից, որոնք չեն ուզում ավելորդ ծախս անել ու թեքահարթակներ կառուցել: Ալավերդիի բնակիչ՝ 21-ամյա մի հաշմանդամ մոնիտորինգի խմբին պատմել է, որ մի քանի ամիս առաջ ուզեցել է մի համերգի մասնակցել, բայց ոչ մի կերպ չի ստացվել. «Էնքան շատ մարդ կար, որ չկարողացա երգողներին ու պարողներին տեսնել: Մարդիկ կանգնած էին, իսկ մամաս չկարողացավ սայլակն առաջ տանել, համարյա բան չտեսա: Ես շատ եմ տանը մենակ մնում: Ես ու մամաս ենք ապրում իրար հետ, ինքը գործի ա գնում ու դուռն իմ վրա փակում, տասը ժամ մնում եմ մենակ: Առաջ վախենում էի, հիմա արդեն սովորական ա»:

Ալավերդիի քաղաքապետարանը 4 հարկանի է եւ շենքում ոչ մի թեքահարթակ չկա: Սոցապահովության տարածքային կենտրոնը, «Փարոսը», Զբաղվածության տարածքային կենտրոնը, Վիճակագրական վարչությունը, կադաստրը, բազմաթիվ դպրոցներ, մանկապարտեզներ, բանկեր, դեղատներ ու օբյեկտներ նույնպես թեքահարթակներ չունեն: Անգամ Ալավերդիի Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցին սայլակավորներին չի կարող ընդունել՝ թեքահարթակների բացակայության պատճառով:

Ալավերդիում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 185 բազմաբնակարան շենքերից ոչ մեկում թեքահարթակներ չկան, չեն աշխատում նաեւ վերելակները: Այդ քաղաքում բնակվում է տեղաշարժման սահմանափակ հնարավորություններով 21 մարդ, որոնք հաշմանդամության թոշակ են ստանում: Սոցիալական ապահովության տարածքային բաժինը գտնվում է քառահարկ շենքի 2-րդ հարկում: Հաշմանդամները թոշակների հետ կապված իրենց հարցերը լուծելու համար պետք է հավանաբար սայլակով միանգամից թռչեն 2-րդ հարկ, որովհետեւ շենքն իրենց համար մատչելի չէ: Բաժնի պետ Անդրանիկ Մելիքսեթյանը մոնիտորինգ իրականացնող խմբին պարզաբանել է, որ թեքահարթակների բացակայությունն իսկապես լուրջ դժվարություններ է ստեղծում իրենց աշխատանքում, հաշմանդամները հաճախ դրսում կանգնում ու ձայն են տալիս, աշխատակիցը թոշակն իջեցնում է շենքի մուտքի մոտ, որ կարողանան վերցնել:

Ալավերդիի հաշմանդամները պատմել են, որ տնից դուրս են գալիս տարին 3 անգամ՝ միայն բժշկի գնալու համար: Հիմնական դժվարություններ են առաջանում շենքերի վերելակների պատճառով: Շատ շենքերում վերելակները տարիներով չեն աշխատում: Հարցումների ընթացքում հաշմանդամներից մեկը խոստովանել է, որ արդեն 8 տարի է՝ տնից դուրս չի եկել: Արտաքին աշխարհի հետ կապող միակ օղակը պատշգամբն է:

Ինչ վերաբերում է Ստեփանավան քաղաքում իրականացրած մոնիտորինգի արդյունքներին, այնտեղ շենքերը հիմնականում մատչելի են եղել հաշմանդամ մարդկանց: Կատարված ուսումնասիրություններից հետո, երբ մոնիտորինգ իրականացնողները քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի գլխավոր մասնագետ Հրահատ Հակոբյանին հարցրել են, թե ինչո՞ւ մայթեզրերին թեքահարթակներ չկան, որպեսզի հաշմանդամներն էլ կարողանան քաղաքում տեղաշարժվել՝ պատասխանել է, որ բյուջեով նման ծախսեր նախատեսված չեն:

62-ամյա մի հաշմանդամ ստեփանավանցի դժգոհել է. «Ամիսը մի անգամ կնգաս ու էրեխեքիս օգնությամբ գնում եմ բժշկի, բայց պոլիկլինիկայում, եթե երկրորդ հարկ գնալ ա պետք լինում, իսկական խաթա ա դառնում, հատկապես՝ բժշկական կոմիսիաների վախտ: Էդ կոմիսիայի բժիշկները մին-մին չեն ուզում իջնեն առաջին հարկ. դե, առաջին հարկն արեւոտ չի, էլի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930