Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՎ 1915 թ.

Ապրիլ 30,2010 00:00

Արդուշեն (Բաղեշի՝ Բիթլիս նահանգի Գենջի (Բինգյոլ, Ճապաղջուր) գավառ)

\"\"

Ճապաղջրի գավառակ, Ճաբակ ջուր, Ճապաղջուր, Ճապաղջուրի գավառակ, Ճապաջուր, Ճապղջուր, Չաբակչուր, Չապակչուր, Ջաբալջուր, Ջաբաքչուր, Ջաբաքչուրի կազա, Ջապաղջուր- Գավառակ (կազա) Գավառ Մեծ Հայքի Չորրորդ Հայք աշխարհում: Արեւմտյան Հայաստանի Բիթլիսի նահանգի Գենջի գավառում: Տարածվում էր Ճապաղջուր գետի հովտում: Տարածքով համապատասխանում է Հաշտյանք գավառի մի մասին: Այստեղով հոսում են Արածանիի ավազանի 4 գետեր՝ իրենց վտակներով: Ջրակուտակման համար էլ գավառն անվանված է Ճապաղջուր: Հետագայում Ճապաղջուր անունով կոչվել է այս գավառի մի մասը՝ Բիթլիսի նահանգի Գենջի գավառի Ճապաղջրի գավառակը:

17-րդ դ.՝ Օսմանյան տիրապետության ժամանակ, մտնում էր Դիարբեքիրի նահանգի (կուսակալության) կազմի մեջ՝ որպես նրա մի գավառը (սանջակը):

19-րդ դ. վերջերին ուներ 80 գյուղ, որից 4-ը՝ հովտում, մնացածները՝ շրջապատի լեռների վրա: Հայերը հիմնականում ապրում էին հովտի գյուղերում: Վ. Քինեի վիճակագրությամբ 1891 թ. ուներ 20 800 բնակիչ, որից մահմեդականներ՝ 16 465, հայեր՝ 4 335:

Այստեղ էր գտնվում պատմական Կթառիճ ամրոցը, որը ոմանք նույնացնում են նույն շրջանի Ճապաղաջուր բերդաքաղաքի հետ: Արդուշեն գավառակը մտնում էր Ճապաղջուր գավառի մեջ: Այս գավառակն ընկած էր արեւմտյան Եփրատից երկու կիլոմետր հեռավորության վրա՝ լեռնային եւ անտառային մի բնաշխարհում: 1914 թ. Արտուշենում ապրում էին 240 հայեր, որոնք կազմում էին 35 տուն: Այս փոքրաթիվ հայկական համայնքը ուներ մեկ եկեղեցի՝ Սուրբ Պողոս եւ այս եկեղեցու հարեւանությամբ մեկ դպրոց՝ 40 աշակերտով: Տեղի հայերը հիմնականում զբաղվում էին հողագործությամբ: Այստեղ հատկապես տարածված էր բոժոժի բուծումը:

Գավառը հայերն անվանում էին Արդուշեն, եզդիները՝ Դարահենի, իսկ թուրքերը՝ Գենչ: Մինչեւ 1915թ., բացի բուն Արտուշենից, գավառակի մյուս գյուղերում էին ապրում 4 344 հայեր, որոնք բնակություն էին հաստատել հետեւյալ գյուղերում.

Պարկու (Փերքի). 80 հայ, 11 տուն, մեկ եկեղեցի, Գըդզու Գյուղ (Քուլազ, Քուզու). 100 հայ, 20 տուն, մեկ եկեղեցի՝ Սուրբ Դանիել, Բյողե (Բոր). 42 հայ, 47 տուն, մեկ եկեղեցի, Քրենգան (Քերիքան). 34 հայ, 3 տուն, մեկ եկեղեցի, Կամարա (Կամարան, Գամերն). 56 հայ, 8 տուն, մեկ եկեղեցի, Չաբգնուդ. 250 հայ, 24 տուն, մեկ եկեղեցի, Քեքհմուդ (Քաքմութ). 17 հայ, 2 տուն, մեկ եկեղեցի, Ալի-Փիրան. 150 հայ, 13 տուն, Սուրբ Աստվածածին, 2 վանքի ավերակներ, մեկ դպրոց՝ 20 աշակերտ, Քիլեն (Քալան-Ժեալան). 200 հայ, 20 տուն, մեկ եկեղեցի, Թոքլան (Թաքուլան). 150 հայ, 20 տուն, Սուրբ Աստվածածին եկեղեցի, Օղնութ (Օղնադ). 800 հայ, 74 տուն, Սուրբ Գեւորգ եկեղեցի, մեկ դպրոց՝ 100 աշակերտ, Չեսեգ. 30 հայ, 4 տուն. Խարաբե (Խարաբ). 161 հայ, 15 տուն, մեկ եկեղեցի, Նորեկ (Նուրիկ). 59 հայ, 6 տուն, Փոքլան (Բողլան). 77 հայ, 8 տուն, Սուրբ Սարգիս, Անկագ (Էնկակ). 63 հայ, 6 տուն, Չոլիք (Չալիգ). 590 հայ, 65 տուն, Սուրբ Հակոբ, մեկ դպրոց՝ 60 աշակերտ, Մադրաք. 453 հայ, 50 տուն, Սուրբ Կիրակոս, մեկ դպրոց՝ 40 աշակերտ, Սիմսոր (Էքինյոլու). 54 հայ, 6 տուն, Թարբասան. 64 հայ, 8 տուն, Դեք (Դիք). 145 հայ, 18 տուն, մեկ եկեղեցի, Փարքանդ. 529 հայ, 60 տուն, մեկ եկեղեցի, մեկ դպրոց՝ 60 աշակերտ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել