Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ԶԱՐԳԱՑԱԾ ԵՐԿԻՐ

Մայիս 29,2010 00:00

Սինգապուրի փորձը

Վերջերս վարչապետ Տիգրան Սարգսյանն իր բլոգում մի հարցադրում արեց, թե «ի՞նչ դրդապատճառներով են առաջնորդվում այն մարդիկ, ովքեր իմ բլոգում պարզապես ցանկանում են վիրավորել դիմացինին՝ թողնելով ցածրակարգ, սուտ եւ անհիմն մեկնաբանություններ»: Ապա նա շարունակում է, թե նման մոտեցումը «Փոխըմբռնման հասնելու լավագույն միջոցը չէ»:
Վարչապետն իրավացի է: Եվ ահա նրա հարցի կարճ պատասխանը:
Հարգելի պարոն վարչապետ, Դուք պետք է միջոցներ ձեռնարկեք մեր հասարակությանն օգնելու, որպեսզի այն փոխվի: Կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի հասարակության մեջ արմատացած վատ բարքերը փոխելու համար: Սինգապուրն այդպես վարվեց մի քանի տասնամյակներ առաջ:
Իսկ հիմա մանրամասնենք:
Մենք բոլորս շատ ենք լսել Սինգապուրի եւ նրա նվաճումների մասին (այդ մասին ավելի վաղ կարճ ակնարկ արել եք նաեւ Ձեր բլոգում), սակայն այդչափ ծանոթ չենք այն մարդուն, ով աղքատ ագրարային երկիրն ընդամենը 35 տարում դարձրեց աշխարհի ֆինանսական կենտրոններից մեկը:
Վերջերս, երբ Սինգապուրի նախկին վարչապետ Լի Կվան Յուն Հայաստանում էր, առաջին անգամ լսեցի նրա մասին: Սակայն ինձ միանգամից գրավեց երկրի եւ հասարակության խնդիրների լուծմանն ուղղված նրա գործնական մոտեցումը: Նա հիմնականում 2 մեծ նվաճումների հասավ. առաջին՝ փոխեց երկիրը, երկրորդ, որ թերեւս ավելի կարեւոր է, փոխեց մարդկանց վարքը եւ հասարակության մեջ արմատախիլ արեց բոլոր վատ սովորույթներն ու բարքերը:
Ամեն ինչ սկսվեց ենթակառուցվածքներից: Կառուցեցին ճանապարհներ, դպրոցներ, հիվանդանոցներ եւ բիզնեսի ու տուրիզմի համար անհրաժեշտ բոլոր հարմարավետությունները: Այս առաջին կետում նպատակը հետեւյալն էր. թող եվրոպական եւ ամերիկյան ընկերությունները գան եւ խոշոր ծրագրեր կատարեն ամբողջ Հարավ-արեւելյան Ասիայում, բայց Սինգապուրը դարձնեն իրենց տարածաշրջանային կենտրոնակայանը: Դա նրանց հաջողվեց: Պատկերացրեք, եթե ամերիկյան, եվրոպական եւ չինական ընկերությունները ցանկանում են մեծ բիզնես-ծրագրեր իրագործել Թուրքիայի արեւելյան մասերում, Իրանում, Վրաստանում եւ հարավային Ռուսաստանում, բայց Երեւանն են ընտրում՝ որպես տարածաշրջանային կենտրոնակայան, որովհետեւ այստեղ կան լավ ճանապարհներ, լավ դպրոցներ՝ իրենց երեխաների համար, հեռահաղորդակցության միջոցներ, առողջապահական համակարգ, մի խոսքով՝ լավ ենթակառուցվածքներ:
Երկրորդ խնդիրն ավելի դժվար էր: Վերջերս Լի Կվան Յուն ամերիկյան հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում ասաց. «Մենք արեցինք հնարավորը՝ առաջին կարգի երկիր դառնալու համար եւ այդ ճանապարհին էինք, բայց ունեինք ժողովուրդ, որն իր բարքերով դեռեւս երրորդ կարգի երկրի ժողովրդի պես էր պահում իրեն»:
Այստեղ ես ցանկանում եմ իմ խորագույն սերն ու նվիրվածությունը արտահայտել ինձ ծնող եւ սնող ժողովրդին եւ հողին, բայց իրատես լինելով հանդերձ, կարծում եմ՝ յուրաքանչյուր հայ կհամաձայնի, որ մեր մեջ բարքեր կան, որոնցից պիտի ձերբազատվենք, եթե ցանկանում ենք առաջին կարգի երկիր դառնալ մի օր: Ես այստեղ կխոսեմ միայն Սինգապուրի մեկ-երկու օրինակների մասին: Թե ինչ պիտի արվի Հայաստանում, դա կթողնեմ մեր կառավարության եւ հասարակական քննարկմանը:
Լի Կվան Յուն ասաց, որ իրենց մոտ ժողովուրդը մի շարք վատ սովորություններ ուներ, որոնք խոչընդոտ էին եվրոպացիների եւ ամերիկացիների՝ Սինգապուրում հաստատվելու համար: Սրանից մի 30 տարի առաջ Սինգապուրցիները սովորություն ունեին փողոցում թքելու, կեղտոտելու, ծխախոտի մնացորդները պատուհանից փողոց նետելու եւ, կներեք, միզելու՝ որտեղ պատահի, նույնիսկ վերելակների մեջ: Լի Կվան Յուն ասաց, որ իրենք անմիջապես ձեռնամուխ եղան այդ արատավոր երեւույթները վերացնելու գործին եւ մի քանի տարում իրենց ժողովրդին հասցրին առաջին կարգի երկրի մակարդակի: Փողոցում թքելը եւ միզելը շատ մեծ խնդիր էր: Սկսեցին հեռուստատեսությամբ եւ ռադիոյով մեկ ամիս հայտարարել եւ խոսել դրա մասին: Ժուռնալիստները հեռվից նկարում էին թքողներին կամ կեղտոտողներին: Մարդիկ պարզապես կեղտոտում եւ միզում էին վերելակների մեջ: Կառավարությունը շատ վերելակներում սենսորներ դրեց, որոնք կանգնեցնում էին վերելակը, երբ ներսում միզում էին: Մարդիկ սկսեցին վերելակը կանչել, ու երբ դռները բացվում էին, նրանք միզում էին դեպի ներս եւ փախչում: Ստիպված վերելակների մոտ տեսախցիկներ դրեցին, որպեսզի բռնեին նման մարդկանց: Եվ նրանք հաջողեցին:
Փաստորեն հնարավոր է ընդամենը մի քանի տարում երկիրը երկիր դարձնել՝ հասարակությանը վերափոխելով: Մեր երկրում, քիչ թե շատ, ենթակառուցվածքները գործում են: Խոսքի ազատությունը, էլի, լավից վատից՝ կա: Սակայն հասարակության մեջ արմատացած վատ սովորությունները չեն թոթափվում: Այ, օրինակ, Փարիզի, Լոնդոնի եւ Բեռլինի փողոցներում մեծամասամբ մարդիկ ծխախոտը գետնին չեն նետում, չեն թքում, զոռբայություն չկա, գետնանցումներից մեզի հոտ չի գալիս…
Պարոն վարչապետ, մենք ցանկանում ենք Հայաստանը դարձնել բարգավաճ եւ զարգացած առաջին կարգի երկիր, սակայն ի՞նչ ենք անում մեր ժողովրդին այդպիսին դարձնելու համար: Այստեղ կառավարությունը շատ լավ եւ գործնական քայլեր կարող է անել: Եվ ընդամենը մի քանի ամսում դրա պտուղները կերեւան: Այ, օրինակ, եկեք սկսենք երկիրը մաքուր պահելու քարոզարշավից: Ո՞վ երկրորդ անգամ որպես զբոսաշրջիկ կայցելի Հայաստան, եթե շուրջբոլորը աղբ է եւ քամուց պարող տոպրակներ: Նրանք փնտրում են հարմարավետություն եւ մաքրություն: Մենք միշտ հպարտանում ենք մեր հյուրասիրությամբ, սակայն ունենք շատ վատ սովորույթներ, որոնք ամբողջ հասարակությամբ պետք է թոթափենք մեզանից՝ առաջին կարգի ժողովուրդ դառնալու համար:
Երբ հասնենք վերոհիշյալին, պարոն վարչապետ, հավանաբար ե՛ւ Ձեր բլոգում, ե՛ւ բոլոր հայկական բլոգներում երկխոսությունն ու տեսակետի հակաճառումը կլինեն ավելի քաղաքակիրթ ձեւով, ինչպես վայել է առաջին կարգի երկրի հասարակությանը:
Սիրելի ժողովուրդ, իսկ դուք ուզո՞ւմ եք, որ մեր երկիրը դառնա Ֆրանսիայի, Գերմանիայի կամ Անգլիայի պես երկիր՝ իր բոլոր ատրիբուտներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31