Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Մայիս 29,2010 00:00

 \"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ տասներեքերորդ

ԲԱՆԿԵՏԸ

Եվ Նինան ծիծաղելով ինձ հարցրեց՝ «քո փոքր քեռին կիթառ չի նվագո՞ւմ», եւ ես ասացի՝ «իմ փոքր քեռին ինձնից ընդամենը մի տարով ա մեծ», եւ Նինան ծիծաղելով հարցրեց՝ «բայց կիթառ նվագո՞ւմ ա», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «կիթառ նվագելուց բացի՝ ամեն ինչ անում ա», եւ Նինան ժպտալով հարցրեց՝ «օրինակ», եւ ես ասացի՝ «փոքր քեռիս շատ ուժեղ սլուխ ունի» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «համ երգում ա, համ էլ շատ ուժեղ շվվացնում ա», եւ Նինան ժպտալով հարցրեց՝ «ի՞նչ ա շվվացնում», եւ ես հիշելով ասացի՝ «ամեն ինչ» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «Մոցարտից մինչեւ Բիթլզ» եւ մի քիչ էլ մտածեցի ու ասացի՝ «ուղղակի՝ ինքը կիթառ չունի. որ կիթառ ունենար, հաստատ շատ լավ կնվագեր», եւ Նինան ժպտալով հարցրեց՝ «ամբողջ օրը շվշվացնում ա՞», եւ ես ասացի՝ «հա. ամբողջ օրը երգում ու շվշվացնում ա», եւ Նինան ժպտալով հարցրեց՝ «քո քեռին է՞լ ոչ մի տեղ չի աշխատում», եւ ես ժպտալով ասացի՝ «ի տարբերություն քո ու Սարոյանի քեռիների, իմ քեռին ամբողջ օրն աշխատում ա», եւ Նինան զարմացած հարցրեց՝ «բա ե՞րբ ա շվշվացնում», եւ ես ասացի՝ «աշխատելու ժամանակ», եւ Նինան հարցրեց՝ «ի՞նչ ա աշխատում», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «խոհարար», եւ Նինան ժպտալով հարցրեց՝ «ճաշ ա՞ էփում», եւ ես ժպտալով ասացի՝ «խինկալի ա էփում», եւ Նինան հարցրեց՝ «էդ ի՞նչ բան ա», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «պիլմենու պես բան ա, բայց՝ ավելի մեծ ու ավելի համով», եւ Նինան հարցրեց՝ «անունն ի՞նչ ա», եւ ես ասացի՝ «խինկալի», եւ Նինան ծիծաղելով ասաց՝ «քեռուդ անունն եմ հարցնում», եւ ես ծիծաղելով ասացի՝ «Գագո. Գագիկ», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «որ գամ Երեւան, Գագոն իմ համար խինկալի կեփի՞», եւ ես ժպտալով ասացի՝ «կարաս չկասկածես», եւ էդ պահին մեզ մոտեցավ Սամսոնն ու վերատաքացված ֆիլեները մեր առաջ դնելով ասաց՝ «որ աղաչեք էլ՝ այլեւս չեմ վերատաքացնի» եւ մեղավոր ժպտալով ավելացրեց՝ «ցավոք սրտի, այլեւս չեմ կարող ձեզանով մանրակրկիտ զբաղվել», եւ Նինան ժպտալով Սամսոնին ասաց՝ «առանց այդ էլ՝ մեզանով շատ մանրակրկիտ զբաղվեցիք», եւ Սամսոնը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ժամանակն է, որ դուք ձեր ֆիլեներով մանրակրկիտ զբաղվեք», եւ երբ Սամսոնը գնաց, Նինան ժպտալով հարցրեց՝ «ասում ես՝ անունն ինչ ա՞», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «Գագո», եւ Նինան ծիծաղելով ասաց՝ «էդ ուտելիքի անունն եմ հարցնում», եւ ես ծիծաղելով ասացի՝ «խինկալի», եւ Նինան ժպտալով ասաց՝ «երազում եմ քեռուդ պատրաստած խինկալին ուտել», եւ ես ժպտալով ասացի՝ «առայժմ ստիպված ես էս ֆիլեով բավարարվել» եւ ժպտալով ավելացրի՝ «ուտենք՝ քանի չի սառել», եւ Նինան ժպտալով ասաց՝ «էնքան խոսեցինք՝ սովածացանք», եւ ես ասացի՝ «էն գլխից էլ սոված էինք», եւ Նինան ժպտալով ասաց՝ «էնքան խոսեցի՝ ախորժակս փակվեց», եւ ես մեր բաժակները լցնելով ասացի՝ «մի հատ որ խմես՝ ախորժակդ կբացվի», եւ Նինան բաժակը բարձրացրեց ու ժպտալով ասաց՝ «մեր քեռիների կենացը խմենք», եւ ես բաժակս բարձրացնելով ասացի՝ «իմ ու քո քեռիների կենացը», եւ Նինան բաժակը բաժակիս խփելով ասաց՝ «նաեւ Սարոյանի քեռու համար», եւ ես ասացի՝ «բոլոր քեռիների համար» ու խմեցի, եւ Նինան ժպտալով ասաց՝ «մեր պորտաբույծ ու աշխատավոր քեռիների համար» ու խմեց, եւ բավական ժամանակ լռելյայն մեր ֆիլեներով զբաղվեցինք, եւ երբ մեր ափսեներն արդեն մաքրազարդված էին, գլուխներս բարձրացրինք ու տեսանք, որ բանկետի մասնակիցները հերթով մոտենում էին Մեժիրովին, բաժակները խփում էին Մեժիրովի բաժակին եւ ժպտալով ինչ-որ բան էին ասում Պետրովիչին, ու մինչ հերթով ու մեկ առ մեկ կմոտենային, Նինան ինձ հարցրեց՝ «մենք էլ չմոտենա՞նք», եւ ես զարմացած հարցրի՝ «այսինքն», եւ Նինան հարցրեց՝ «չմոտենա՞նք՝ Ալեքսան Պետրովիչին շնորհավորենք», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «անհարմար ա», եւ Նինան զարմացած հարցրեց՝ «ի՞նչն ա անհարմար», եւ ես ասացի՝ «էդ մարդու հեղինակային երեկոյին չենք գնացել», եւ Նինան զարմացած հարցրեց՝ «որ հրավիրատոմս չէր տվել՝ ո՞նց պիտի գնայինք», եւ ես ասացի՝ «ինձ տվել էր», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ մոռացել էիր, ե՞ս ինչ մեղք ունեմ», եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «որ հրավիրատոմսդ մոտդ լիներ, էլի չէիր կարող ներս մտնել, որովհետեւ դահլիճում ասեղ գցելու տեղ չկար», եւ ես հարցրի՝ «ո՞վ ասեց, որ ասեղ գցելու տեղ չկար», եւ Նինան ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «Սամսոնը», եւ ես հարցրի՝ «Սամսո՞նն ինչ գիտի», եւ Նինան մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «Սամսոնն ամեն ինչ գիտի» ու էդ ասելով՝ նախ իր բաժակը լցրեց, հետո իմ բաժակը լցնելով ասաց՝ «ես գնացի» եւ բաժակը ձեռքին տեղից վեր կենալով ավելացրեց՝ «գնամ՝ Ալեքսան Պետրովիչին շնորհավորեմ», եւ երբ Նինան մոտեցավ բանկետի սեղանին, հերթի մեջ ընդամենը մի քանի շնորհավորողներ էին մնացել, եւ ես բաժակս վերցնելով՝ գնացի ու կանգնեցի Նինայի կողքին, ավելի ճիշտ՝ Նինայի հետեւը, եւ Նինան ինձ նկատեց միայն էն ժամանակ, երբ շնորհավորելու իր հերթն էր արդեն հասել, եւ երբ Նինան բաժակը Մեժիրովի բաժակին խփելով ասաց՝ «շնորհավորում եմ, Ալեքսան Պետրովիչ», Մեժիրովը Նինային համբուրելով ասաց՝ «շնորհակալություն, Նինըչկա», եւ Նինան հենց էդ պահին ինձ տեսավ ու ժպտալով Մեժիրովին ասաց՝ «Շեկոյանի հրավիրատոմսով մի կերպ ներս մտանք», եւ ես բաժակս Մեժիրովի բաժակին խփելով ասացի՝ «շնորհավորում եմ, Ալեքսան Պետրովիչ», եւ Մեժիրովը հետս ողջագուրվելով ասաց՝ «շնորհակալ եմ, որ Նինըչկային բերել ես», եւ ես ժպտալով Մեժիրովին ասացի՝ «ավելի շուտ՝ Նինան ա ինձ բերել», ու երբ շրջվեցինք եւ ուզում էինք մեր տեղը վերադառնալ, Մեժիրովը զարմացած հարցրեց՝ «էդ ո՞ւր եք գնում», եւ Նինան ասաց՝ «մենք առանձին կնստենք, Ալեքսան Պետրովիչ», եւ Մեժիրովն ասաց՝ «ոչ մի դեպքում», եւ Նինան ժպտալով ասաց՝ «ձեր սեղանին նստելու տեղ չկա», եւ Մեժիրովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «կստեղծենք», եւ ես Մեժիրովին ասացի՝ «մենք արդեն որոշ բաներ ենք պատվիրել», եւ Մեժիրովը ժպտալով ասաց՝ «հիմա ձեր պատվերը հեչ կանենք», եւ Նինան ասաց՝ «մեր օղու շիշն արդեն բացել ու ձեր կենացն էլ ձեզնից շուտ խմել ենք, Ալեքսան Պետրովիչ», եւ Մեժիրովը մեղավոր ժպտալով ասաց՝ «եթե ձեզ նկատած լինեի, անպայման բանկետի կհրավիրեի», եւ Նինան ծիծաղելով ասաց՝ «առանց էդ էլ՝ առանց հրավիրատոմսի ներխուժել էինք դահլիճ», եւ Մեժիրովը մեղավոր ժպտալով Նինային ասաց՝ «պարզվում է, իմ տարիքի մարդը հատկապես կարեւորագույն բաներն է մոռանում, Նինըչկա», եւ ես բաժակս նորից Մեժիրովի բաժակին խփելով ասացի՝ «ձեզ ընդամենը հարյուր տարվա կյանք ենք ցանկանում, Ալեքսան Պետրովիչ», եւ Մեժիրովը ժպտալով ասաց՝ «եթե ուզում եք գոնե ութսուն հասնեմ, պիտի միանաք մեզ», եւ Նինան ծիծաղելով ասաց՝ «մեր պատվիրածները կուտենք ու կխմենք, հետո կմիանանք ձեզ», եւ Մեժիրովը ժպտալով ասաց՝ «տեսեք՝ չխաբեք», եւ էդ պահին Եվտուշենկոն, որ սեղանի հակառակ կողմում ոտքի էր կանգնել, պատառաքաղով ափսեին խփելով ասաց՝ «տավարիշչի արմյանե, նի մեշայծե ռաբոտածՖ», եւ մենք նորից Մեժիրովին շնորհավորելով՝ հեռացանք իրենից, բայց հեռանալիս, այնուամենայնիվ, մոտեցա Եվտուշենկոյին եւ բաժակս իր բաժակին խփելով ասացի՝ «ուրախ եմ տեսնել ձեզ, Եվգենի Ալեքսանդրովիչ», եւ Եվտուշենկոն ժպտալով ինձ հարցրեց՝ «թատերական գործերը ո՞նց են, ախպերիկ», եւ ես ժպտալով ասացի՝ «նորմալ», եւ երբ Նինան իր բաժակը խփեց Եվտուշենկոյի բաժակին, Եվտուշենկոն զարմացած նայեց Նինային ու ժպտալով ասաց՝ «կհարստանաս, Նինըչկա. հազիվ ճանաչեցի», եւ Նինան ժպտալով Եվտուշենկոյին ասաց՝ «քիչ առաջ Արմենի հետ ձեր մասին էինք խոսում», եւ Եվտուշենկոն ժպտալով ինձ ասաց՝ «աչքդ Նինըչկայի վրա պահի՝ չփախցնեն», եւ երբ վերադարձանք ու մեր տեղը նստեցինք, Նինան ասաց՝ «շատ ճիշտ արեցինք, որ մոտեցանք», եւ ես ժպտալով ասացի՝ «Մեժիրովը գլխի չընկավ, որ իրա երեկոյին չենք էղել», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մտքով էլ չի անցնի, որ իր հեղինակային երեկոյի ամբողջ ընթացքում էստեղ նստած ենք եղել» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «էդ մասին մենակ Սամսոնը գիտի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «բայց, հուսով եմ, ոչ ոքի չի ասի», եւ ես ասացի՝ «Պետրովիչը սրտանց ուզում էր, որ իրանց հետ նստենք», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Եվգենի Ալեքսանդրովիչն էլ դեմ չէր լինի», եւ ես ժպտալով ասացի՝ «ո՞վ չի ուզի, որ իրա կողքին քեզ պես սիրուն աղջիկ նստի», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «բայց Եվտուշենկոն սկզբում ինձ չճանաչեց», եւ ես ժպտալով ասացի՝ «որովհետեւ նոր շոր ես հագել ու սանրվածքդ էլ փոխել ես», եւ Նինան տհաճությամբ նայեց ինձ ու ասաց՝ «բայց դու ոչ սանրվածքս էիր նկատել, ոչ էլ՝ շրջազգեստս», եւ ես ժպտալով ասացի՝ «արի սանրվածքիդ ու շրջազգեստիդ կենացը խմենք», եւ Նինան բաժակը բարձրացնելով ասաց՝ «Ալեքսան Պետրովիչի կենացը խմենք. բաժակներս իր բաժակին խփեցինք, բայց չխմեցինք», եւ ես բաժակս Նինայի բաժակին խփելով ասացի՝ «Մեժիրովի կենացը», եւ Նինան ասաց՝ «Աստված թող Ալեքսան Պետրովիչին առողջություն ու երկար կյանք տա», եւ երբ խմեցինք, Նինան մեր շշին նայելով ասաց՝ «էս շշի մեջ համարյա բան չմնաց», եւ ես հարցրի՝ «Սամսոնին չասե՞նք՝ մի շիշ էլ բերի», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «էս մնացածը կխմենք՝ հետո կմտածենք», եւ ես մեր բաժակները լցնելով ասացի՝ «սանրվածքիդ ու շրջազգեստիդ կենացը խմենք», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «շրջազգեստի մեջինը հե՞չ», եւ ես ժպտալով ասացի՝ «մեջինի կենացն առանձին կխմենք» եւ ժպտալով ավելացրի՝ «շշի մեջ մի քիչ մնացել ա», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ես ավելի լավ կենաց եմ առաջարկում», եւ ես հարցրի՝ «ի՞նչ կենաց ես առաջարկում», եւ Նինան ժպտալով ասաց՝ «խմենք էն մարդկանց համար, ովքեր շրջազգեստս ու սանրվածքիս փոփոխությունը նկատել են», եւ ես ժպտալով ասացի՝ «փաստորեն, Եվտուշենկոյի կենացն ես առաջարկում» եւ ժպտալով ավելացրի՝ «դեմ չեմ», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «զգացվում ա, որ ինքը քեզ շատ ա սիրում», եւ ես զարմացած հարցրի՝ «ինչի՞ց զգացիր», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «քեզ ախպերիկ ասեց», եւ ես ժպտալով ասացի՝ «ինքն ինձ միշտ ախպերիկ ա ասում», եւ Նինան հարցրեց՝ «ինչի՞ ա ախպերիկ ասում», եւ ես մի քիչ մտածեցի ու ծիծաղելով ասացի՝ «երեւի անունս չի հիշում», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «բայց քո անունը շատ հեշտ հիշվող անուն ա», եւ ես ծիծաղելով ասացի՝ «ինքը շատ հեշտ ա մոռանում», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «բայց կարող ա ինքը քեզ հարազատ մարդ ա համարում, դրա համար ա ախպերիկ ասում», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «էդ տարբերակն էլ չի բացառվում», եւ Նինան մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «Եվտուշենկոյի՞ն որտեղից ես ճանաչում», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «Վրաստանից» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «Վրաստանից ու Բաղդադիից», եւ Նինան զարմացած հարցրեց՝ «ի՞նչ Բաղդադի», եւ ես Նինային ասացի՝ «Բաղդադին վրացական գյուղ ա. Մայակովսկին էդ գյուղում ա ծնվել», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «առաջին անգամ եմ լսում, որ Մայակովսկին Վրաստանի ու էդ գյուղի հետ կապ ունի», եւ մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «բա Եվտուշենկոն ու դո՞ւ Վրաստանի հետ ինչ կապ ունեք», եւ ես ասացի՝ «ես ու ինքը Վրաստանում ենք իրար հետ ծանոթացել» եւ մի քիչ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «Տանյայի հետ էլ եմ Վրաստանում ծանոթացել», եւ Նինան հարցրեց՝ «ո՞ր Տանյայի», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «Բրիկսինայի», եւ Նինան ժպտալով ու ձեռքերը շփելով ասաց՝ «էդ արդեն շատ հետաքրքիր ա» եւ ժպտալով խնդրեց՝ «կպատմե՞ս», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «շա՜տ երկար պատմություն ա», եւ Նինան ժպտալով ասաց՝ «ես համբերությամբ ու համակ ուշադրությամբ կլսեմ», եւ ես Նինայի համար մանրամասն ու հանգամանորեն պատմեցի Վրաստանի, Բաղդադիի, Քութայիսի, Եվտուշենկոյի, Տանյայի ու Մայակովսկու անվան մրցանակիս հետ կապված էն ամբողջ պատմությունը, որ առաջին հատորիս մեջ ձեզ ամենայն մանրամասնությամբ պատմել եմ, եւ Նինան իսկապես համբերությամբ ու համակ ուշադրությամբ ինձ էր լսում, եւ ես հաճույքով ու հավեսով էի Վրաստանի էդ իրադարձությունները հիշելով պատմում, որովհետեւ պատմությունս շարունակաբար ուղեկցվում ու ընդմիջվում էր Նինայի չափազանց գեղեցիկ ու չափազանց երկարատեւ ծիծաղներով, ու պատմելուս ընթացքում մենք ձեռի հետ խմեցինք նաեւ մեր շշի մեջ մնացածն, ու Սամսոնին կանչելով՝ սուրճ, մի քիչ զակուսկեղեն ու եւս մի շիշ օղի խնդրեցի, եւ, հիշում եմ, Նինան ինձ հարցրեց՝ «էդ երկրորդ շիշը կարա՞նք խմենք», եւ, հիշում եմ, ես ասացի՝ «ինչքան կխմենք՝ կխմենք», եւ Սամսոնը բերեց, եւ ես շարունակեցի պատմությունս, եւ Նինան շարունակում էր շատ սիրուն ու շատ սրտանց ծիծաղել, եւ իր սիրուն ու սրտանց ծիծաղն ինձ ոգեւորում ու հորդորում էր ավելի ու ավելի խորանալ պատմությանս մանրամասների մեջ, եւ էնքան հավեսով ու մանրամասն էի պատմում, որ էդ պատմությունս ավելի երկար շարունակվեց, քան՝ Մեժիրովի բանկետը, եւ, հիշում եմ, երբ բանկետն ավարտվեց ու մասնակիցները վեր կացան, ես Նինային հարցրի՝ «չմոտենա՞նք՝ ցտեսություն ասենք», եւ Նինան աչքերը շողշողացնելով ասաց՝ «դու պատմությունդ շարունակի», եւ երբ բանկետի մասնակիցները ցրվեցին, Սամսոնը մոտեցավ մեզ ու ասաց՝ «դուք կարող եք նստել. ձեզ շտապեցնող չկա» եւ ժամացույցին նայելով ավելացրեց՝ «մինչեւ տասներկուսը կարող եք ձեզ ազատ զգալ», եւ, հիշում եմ, Նինան մեղավոր ժպտալով Սամսոնին ասաց՝ «փաստորեն, մեր պատճառով մինչեւ տասներկուսը պիտի սպասեք», եւ Սամսոնը ժպտալով Նինային ասաց՝ «ոչ միայն ձեր պատճառով» եւ Նինային ժպտալով ու պատի տակի երկու սեղանների շուրջ նստածներին ցույց տալով ավելացրեց՝ «դուք այնքան տարված եք ձեր սեղանակցով, որ սրահում նստած ուրիշներին չեք նկատում», եւ Նինան մի քիչ մտածեց ու կարմրելով ասաց՝ «Արմենը շատ հետաքրքիր պատմություն էր պատում», եւ Սամսոնը ժպտալով ասաց՝ «գիտեմ», եւ Նինան զարմացած հարցրեց՝ «որտեղի՞ց գիտեք», եւ Սամսոնը ժպտալով Նինային ասաց՝ «արդեն բավական ժամանակ է՝ Առմեն դժանը ձեզ ինչ-որ բան է պատմում, եւ ձեր լուսավոր ու պայծառ ծիծաղը ձեր դեմքից չի պակասում», եւ Նինան ժպտալով ինձ ասաց՝ «մեզ հետեւում են, Արմեն», եւ Սամսոնը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «դա էլ է մեր պարտականությունների մեջ մտնում, գեղեցկուհի» եւ ժպտալով ավելացրեց՝ «ես գնամ՝ իմ գործերով զբաղվեմ», եւ Նինան Սամսոնին հարցրեց՝ «ձեր գործերը չպրծա՞ն», եւ Սամսոնը ժպտալով ասաց՝ «բանկետի սեղանը հավաքելը նույնքան աշխատատար գործընթաց է, որքան՝ նույն այդ սեղանը պատրաստելը», եւ Նինան ժպտալով Սամսոնին ասաց՝ «ձեզ աշխատանքային հաջողություն եմ մաղթում», եւ Սամսոնը մի քիչ մտածեց ու ժպտալով Նինային ասաց՝ «իսկ ես ձեզ մաղթում եմ, որ ժպիտն ու ծիծաղը երբեւէ ձեր դեմքից չպակասեն», եւ Նինան ժպտալով ասաց՝ «շնորհակալություն», եւ Սամսոնը մի քիչ մտածեց ու ժպտալով Նինային ասաց՝ «չեք պատկերացնի՝ ժպիտն ու ծիծաղն ինչքան են ձեզ սազում», եւ Նինան կարմրելով ասաց՝ «պատկերացնում եմ», եւ Սամսոնը ժպտալով Նինային ասաց՝ «թող միշտ անպակաս լինեն», եւ Նինան մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «որպեսզի ես միշտ ծիծաղեմ ու ժպտամ, Արմենը միշտ պիտի էսպիսի հետաքրքիր պատմություններ պատմի», եւ Սամսոնը մի քիչ մտածեց ու ժպտալով ինձ ասաց՝ «չեմ հարցնում՝ ինչ պատմություն է, որովհետեւ նույնիսկ ամենահետաքրքիր պատմությունը լսելու ժամանակ չունեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով Նինային ասաց՝ «հարգանք վայելող մարդիկ միշտ էլ հետաքրքիր են պատմում», եւ Նինան Սամսոնին հարցրեց՝ «ո՞վ է հարգանք վայելող մարդ», եւ Սամսոնը ժպտալով Նինային ասաց՝ «Առմեն դժանը» եւ Նինային ժպտալով ավելացրեց՝ «ինչպես նաեւ՝ դուք, գեղեցկուհի», եւ Նինան ժպտալով Սամսոնին հարցրեց՝ «ի՞նչ գիտեք, որ հարգանք վայելող ենք», եւ Սամսոնը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ես ուշադիր հետեւում էի եւ նկատեցի՝ ինչպիսի խորը հարգանք են տածում ձեր երկուսի հանդեպ», եւ Նինան զարմացած հարցրեց՝ «ովքե՞ր են հարգանք տածում», եւ Սամսոնը հարգալից ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «Եվգենի Ալեքսանդրովիչն ու հատկապես Ալեքսանդր Պետրովիչը» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «երկուսն էլ ձեզ հետ բավական երկար ու բավական հարգալից խոսեցին», եւ Նինան ժպտալով Սամսոնին ասաց՝ «նույնիսկ հրավիրեցին, որ իրենց հետ նստենք», եւ Սամսոնը ժպտալով ասաց՝ «չեմ էլ կասկածում, որ հրավիրած կլինեն» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «երկուսն էլ ձեր հանդեպ չափազանց հարգալից էին» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մանավանդ՝ Ալեքսանդր Պետրովիչը», եւ Նինան ժպտալով նորից ինձ ասաց՝ «փաստորեն, մեզ հետեւել են», եւ Սամսոնը ժպտալով նորից ասաց՝ «դա մեր պարտականությունների մեջ է մտնում, գեղեցկուհի» եւ մի քիչ մտածեց ու լրջանալով ավելացրեց՝ «ես պարտավոր եմ հետեւել, որպեսզի այսպիսի կարեւոր միջոցառումների ժամանակ արտակարգ պատահարներ տեղի չունենան», եւ Նինան հարցրեց՝ «արտակարգ պատահարներ ասելով՝ ի՞նչ նկատի ունեք», եւ Սամսոնը մի քիչ մտածեց ու ասաց՝ «առաջին հերթին՝ դեբոշները» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «լեզվակռիվներն էլ են անցանկալի» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «բայց պատահում են» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «անձամբ իմ հերթափոխի ժամանակ դեբոշներ տեղի չեն ունեցել, բայց անցանկալի լեզվակռիվներ պատահել են», եւ Նինան ժպտալով ասաց՝ «ինձ էլ թվում էր՝ գրողների տան ռեստորանում էդպիսի բաներ տեղի չեն ունենում», եւ Սամսոնը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ռեստորանը մնում է ռեստորան», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «դեբոշ սարքողները երեւի հիմնականում ալկաշ պոետներն են», եւ Սամսոնը ժպտալով Նինային ասաց՝ «հիմնականում ճիշտ կռահեցիք» եւ մի քիչ մտածեց ու ասաց՝ «մարդիկ կան, որ տասից ավելի գրքերի հեղինակ են, բայց էստեղ իրենց էնպես են պահում՝ ասես ոչ մի գիրք էլ գրած չլինեն», եւ Նինան ժպտալով ասաց՝ «ոչ միայն գրել, այլեւ տպագրել էլ են» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «մեր ժամանակներում գիրք տպագրելն ավելի դժվար գործ է, քան՝ գիրք գրելը», եւ Սամսոնը մի քիչ մտածեց եւ ժպտալով Նինային ասաց՝ «ձեր ասած էդ դժվարություններին որոշ չափով ծանոթ եմ», եւ Նինան Սամսոնին հարցրեց՝ «երբեւէ փորձե՞լ եք ձեր գրած բանաստեղծությունները հրատարակել», եւ Սամսոնը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «փորձելը փորձել եմ, բայց առաջին իսկ փորձերից հետո անմիջապես հասկացել եմ, որ իմաստ չունի պայքարել» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ավելի գերադասելի է լավ մատուցող լինել, քան՝ վատ կամ նույնիսկ միջակ պոետ», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով Սամսոնին հարցրեց՝ «դուք ձեզ վա՞տ պոետ եք համարում, թե՝ միջակ», եւ Սամսոնը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ես ինձ լավ մատուցող եմ համարում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ես պրոֆեսիոնալ մատուցող եմ, գեղեցկուհի», եւ Նինան ժպտալով Սամսոնին ասաց՝ «փաստորեն, պրոֆեսիոնալ մատուցող եք եւ սիրողական պոետ», եւ Սամսոնը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Մեժիրովի համեմատ՝ իհարկե սիրողական եմ», եւ ես խոսակցությանը խառնվելով ասացի՝ «Մեժիրովի համեմատ՝ բոլորն էլ սիրողական են» եւ մի քիչ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «Մեժիրովի համեմատ՝ նույնիսկ Եվտուշենկոն է սիրող», եւ Սամսոնը հիացած ինձ նայելով ասաց՝ «իմ ու Առմեն դժանի գրական ճաշակները, կարելի է ասել, հիմնականում համընկնում են», եւ Նինան ժպտալով Սամսոնին ասաց՝ «փաստորեն, պրոֆեսիոնալ մատուցող եք եւ սիրողական պոետ», եւ Սամսոնը ժպտալով ասաց՝ «ութսուն տոկոսանոց մատուցող եմ եւ քսան տոկոսանոց պոետ», եւ Նինան ժպտալով Սամսոնին ասաց՝ «այսօրվա պոետներից շատերը հեչ քսան տոկոսանոց էլ չեն», եւ Սամսոնը մի քիչ մտածեց ու ժպտալով Նինային ասաց՝ «չկարծեք, թե մատուցողների մեջ պրոֆեսիոնալները շատ են», եւ Նինան հարցրեց՝ «պրոֆեսիոնալներն ինչքա՞ն կլինեն», եւ Սամսոնը մի քիչ մտածեց ու հսկայական ափերը պարզելով ասաց՝ «պրոֆեսիոնալ մատուցողների քանակն այս երկու ձեռքերիս մատների քանակությունից դժվար թե անցնի», եւ Նինան ժպտալով հարցրեց՝ «այսինքն, պրոֆեսիոնալները տա՞սն են», եւ Սամսոնը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մի քիչ շատ եք ասում, բայց՝ ոչինչ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մեր մոսկովյան մասշտաբներով եմ ասում», եւ Նինան հիացմունքով նայեց Սամսոնին ու ժպտալով ասաց՝ «փաստորեն, դուք էլ ձե՛ր բնագավառի Մեժիրովն եք», եւ Սամսոնը հիացմունքով նայեց Նինային ու ժպտալով ասաց՝ «այդպես է ստացվում» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մեր մոսկովյան մասշտաբներով», եւ Նինան Սամսոնին հարցրեց՝ «մոսկովյան բոլոր մատուցողներին ճանաչո՞ւմ եք», եւ Սամսոնը ներողամիտ ժպտալով Նինային ասաց՝ «պարտադիր չի բոլոր մատուցողներին ճանաչես, որպեսզի պրոֆեսիոնալներին իմանաս», եւ Նինան մի քիչ մտածեց ու զարմացած հարցրեց՝ «ուրիշ ո՞նց կարող ես իմանալ», եւ Սամսոնը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մենք աշխարհի բոլոր պոետներին չենք կարդացել, բայց գիտենք, որ Մեժիրովը վարպետ է», եւ Նինան աչքերը շողշողացնելով Սամսոնին ասաց՝ «դուք ուղղակի երկաթյա տրամաբանություն ունեք», եւ Սամսոնն ինքնագոհ ժպտալով Նինային ասաց՝ «դուք առաջինը չեք. ինձ էլի են էդ բանն ասել», եւ Նինան ժպտալով Սամսոնին ասաց՝ «դուք էլ ձե՛ր բնագավառի վարպետն եք»:
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31