Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՇՄԱՆԴԱՄԱՅԻՆ ՍՊՈՐՏՆ ԷԼ Է ՍՊՈՐՏ

Հունիս 30,2010 00:00

Սակայն այս ոլորտին հատկացվող ֆինանսական աջակցությունը քիչ է, այդ պատճառով էլ այն չի զարգանում

Արդեն ութերորդ տարին է՝ ամռան ամիսներին «Հայաստանի պարալիմպիկ կոմիտե» հ/կ-ն անցկացնում է հաշմանդամների հանրապետական մարզական փառատոն: Ամեն տարի այս փառատոնի մասնակիցների եւ մասնակցության ցանկություն ունեցողների թիվն ավելանում է, սակայն գումարները չեն բավականացնում բոլորին ընդգրկել տարբեր մարզաձեւերի մրցումներում, քանի որ պետբյուջեից այս նպատակով հ/կ-ին հատկացվում է ընդամենը 3 միլիոն դրամ, որը հազիվ 60 հոգու տեղավորման ու մասնակցության հարցերը լուծելու համար է: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում հայտնեց «Հայաստանի պարալիմպիկ կոմիտե» հ/կ-ի նախագահ Հակոբ Աբրահամյանը: Նրա խոսքերով, ամեն տարի ավելանում է ոչ միայն փառատոնի մասնակիցների թիվը, այլեւ աշխարհագրությունը. «Հենց սկզբից էլ մասնակցել են ոչ միայն Երեւանի հաշմանդամ մարզիկները, այլ նաեւ մարզերից: Հիմա փորձում ենք համագործակցել հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող մյուս հ/կ-ների հետ, որպեսզի ավելի շատ մասնակիցներ կարողանանք ընդգրկել: Եկել են Կապանից, Գյումրիից, Ստեփանավանից, Վանաձորից, Սպիտակից, Հոկտեմբերյանից, Արտաշատից ու Արարատից: Այս տարի ամենից շատ էին մասնակցելու ցանկություն ունեցողները, սակայն տեղավորվում ենք պետության տված գումարների մեջ եւ ստիպված ընդգրկում ցանկություն ունեցողների կեսին»: Այս տարի փառատոնին մասնակցող հաշմանդամ մարզիկներին պարալիմպիկ կոմիտեն տեղավորել է «Կարմիր խաչի» վերականգնողական կենտրոնում: Ըստ Հակոբ Աբրահամյանի, պետական գումարներով «Կարմիր խաչում» կարողացել են 60 հոգու համար սենյակ վարձակալել. «Մարզիկները մնացել են երկու օր, մեկ հոգու մեկ օրվա գումարը եղել է 15 հազար դրամ»:

Միայն այս տարի է, որ հ/կ-ն Հայաստանում Բրիտանիայի դեսպանատան եւ HSBC բանկի աջակցությունն է ստացել՝ 1 միլիոն դրամ: Այդ գումարն էլ, պարոն Աբրահամյանի ներկայացմամբ, ծախսվել է փառատոնին նախորդող հաշմանդամային խնդիրներին վերաբերող գիտաժողովի կազմակերպման վրա. «Մնացած գումարներն էլ մրցանակների տեսքով հատկացրինք մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներին, որպեսզի ինչ-որ կերպ փոխհատուցենք նրանց կատարած ծախսերը՝ Երեւան հասնելու համար: Ինչպես նաեւ կարողացանք փոքրիկ նվերներ գնել բոլոր մասնակիցների համար: Գիտաժողովին մասնակցում էր նաեւ սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարը: Նա խոստացավ մեր բասկետբոլի թիմին օգնել ճանապարհածախսի առումով, որպեսզի նրանք մեկնեն Եվրոպայի մրցումներին: Այդ թիմը մարզվում է Երեւանում, սակայն մարզիկները տարբեր քաղաքներից են»:

Մեր հարցին, թե ինչո՞ւ են տարիքային սահմանափակումներով ընտրել փառատոնի մասնակիցներին, պարոն Աբրահամյանը պատասխանեց. «Նշել էինք, որ կարող են մասնակցել միայն 18 տարին լրացածները, քանի որ ցանկանում ենք ավելի պրոֆեսիոնալ շունչ հաղորդել այս փառատոնին: Բացի այդ, մենք արդեն գնում ենք դեպի հաշմանդամային պրոֆեսիոնալ սպորտ: Հենց այդ նպատակով էլ դիմել ենք Միջազգային պարալիմպիկ կոմիտեին, որպեսզի օգնի մեզ՝ բոլոր մարզիկներին դասակարգելու: Այդ աշխատանքները շատ մեծ գումարներ արժեն: Միջազգային պարալիմպիկ կոմիտեն աջակցեց մեզ՝ մասնագետ ուղարկելով. արդեն երրորդ տարին այդ մասնագետը՝ Մալիկ Աբելը, գալիս է մեր փառատոնին»: Խոսելով Հայաստանում հաշմանդամային սպորտի զարգացման մասին, հ/կ-ի նախագահն ասաց. «Հայաստանը հետխորհրդային պետությունների մեջ լինելով առաջինը, որ միացավ պարալիմպիկ շարժմանը, հիմա շատ հետ է մնացել մեր հարեւան երկրներից: Նրանք արդեն ոսկե մեդալներ են տանում պարալիմպիկ խաղերից: Դա անմիջականորեն կապված է ֆինանսավորման հետ: Անցյալ տարի Ադրբեջանը պետբյուջեից հաշմանդամային սպորտին է հատկացրել $2 միլիոն: Բացի այդ, այս ոլորտին գումար են հատկացրել նաեւ նավթային հովանավորները: Մեր երկրում էլ է սպորտը գտնվում ֆինանսավորման առաջնային օղակում, չէ՞ որ հաշմանդամային սպորտն էլ է սպորտ: Սակայն մեր բյուջեն տարեկան 3 միլիոն դրամ է: Սպորտը բիզնեսի նման է, պետք է ներդրում անես, որ զարգանա: Հաշմանդամային սպորտի մեդալների հանձնման արարողության ժամանակ էլ է հնչում երկրի օրհներգը, բարձրացվում երկրի դրոշը, սակայն այս ոլորտին պատշաճ ուշադրություն դարձնողներ չկան»:

Մենք Հ. Աբրահամյանից հետաքրքրվեցինք, թե չե՞ն դիմել, արդյոք, հայաստանյան բարեգործական կազմակերպություններին, գործարարներին: «Միայն մեկ անգամ են մեզ աջակցել՝ Ռոբերտ Քոչարյանը, ինչի արդյունքում մենք այս տարի կարողացանք մասնակցել Վանկուվերի պարալիմպիկ խաղերին: Մենք պարոն Քոչարյանին հանդիպեցինք, երբ մարզվում էինք Ծաղկաձորում: Դիմեցինք եւ մեկ ժամվա մեջ հարցը լուծվեց: Մեր ընկերներն ու բարեկամներն էլ լուծեցին հագուստի հարցերը: Փաստորեն, նեղ անձնական շրջանակներով ենք լուծում այդ հարցերը ու գնում՝ երկիր ենք ներկայացնում»:

Մալիկ Աբելից էլ հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է ամեն տարի պարտադիր այցելում Հայաստան՝ հետեւելու հաշմանդամային սպորտի փառատոնին, երբ արդեն դասակարգման աշխատանքներն արել է: Նա մեզ հետ զրույցում նշեց, որ դա անում է, որովհետեւ սայլակներով բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի անդամ է, իսկ այդ կառույցը զարգացման ծրագրեր է իրականացնում ամբողջ աշխարհում. «Այդ պատճառով 3-րդ տարին է՝ գալիս եմ այստեղ, կապվել եմ թիմի հետ, շատ աշխատանք դեռ կա անելու, դրա համար էլ կարեւորում եմ իմ այցելությունը Հայաստան»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930